Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

60) ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԼՈՅ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Թադէոս առաքեալի անունով յիշւում են 29 հարց ու պատասխանով կանոններ (ուրիշ ձեռագրերում 33 կանոն է, մի համաբարբառի մէջ` 34 կանոն, բովանդակութիւնը նոյն է, միայն երկարաձգումներ եւ յաւելումներ ունին), այս կանոնները իբր թէ ասել է առաքեալը եւ նրա աշակերտ Զաքարիան արձանագրել է. «Այս օրինադրութիւնը ես` Զաքարիա, աշակերտ Թադէոս առաքեալի գրեցի, ինչպէս նրանից լսեցի, բոլոր Քրիստոսի հաւատացեալների համար»:

 

Մեր եկեղեցու համար շատ թանգ է ի հարկէ ունենալ կանոններ այնպիսի աղբիւրից, ինչպիսին է առաքեալը, որովհետեւ նրա դրած կանոնները սրբութեամբ պիտի կատարուեն բոլորից: Բայց որովհետեւ շատերը կարող են ելնել եւ առաքեալի անունով խօսել կամ նրա անունով կանոններ գրել, մեր եկեղեցու համար ոչ միայն պարտաւորական չէ այսպիսի կեղծուած կանոնները կատարել, հապա մինչեւ անգամ որոշ պարտք կայ հետաքննին լինելու, ճի՞շտ են արդեօք այդ կանոնները, թէ՞ ոչ, այսինքն առաքեա՞լն է ասել կամ գրել, թէ՞ ուրիշները գուցէ 4-5 դար յետոյ ժողովել եւ նրա անունով հրատարակել: Վաւերակա՞ն է, թէ՞ անվաւեր, առաքեալի՞ գրածն է, թէ՞ ուրիշի, այդ հարցերից առաջ, իրաւաբանութեան համար ամենաէական խնդիրն այս է` ընդունե՞լ են արդեօք Թադէոսի կանոնները հայոց ազգային ժողովները, կամ կաթուղիկոսների եւ այլ ս. հարց կողմից կա՞ն յիշատակութիւններ նրանց ընդունելութեան մասին. եթէ այս կանոններս ընդունուած լինեն Հայոց եկեղեցու կողմից, իրաւաբանական տեսակէտից ոչ մի իրաւունք չունինք ոչ մի հակառակ խօսք ասելու, պիտի ընդունենք եւ հայոց վաւերական կանոնների շարքը մուծենք, շատ-շատ` քննադատաբար կարող ենք վերաբերուել կանոններին միմիայն մատենագրական եւ պատմական կողմից. պարզենք այդ հարցը:

 

Ա. Գրիգոր Լուսաւորիչը, Ներսէս մեծը եւ Ս. Սահակը իրանց կանոններով, քարոզներով եւ կարգադրութիւններով առաջին Սահմանադրութիւնը կարգելով մեր եկեղեցում, ոչ մի տեղ չեն յիշատակում ոչ թէ Թադէոսի կանոնները, հապա մինչեւ իսկ նրա անունը իբրեւ կանոնադրի, իբրեւ կարգ կանոն սահմանողի:

 

Բ. Շահապիվանի 447-ի մեծ եւ ընդհանուր ժողովը, որտեղ կային մեր բոլոր թարգմանիչները, որոնք ասորերէնից եւ յունարէնից թարգմանել էին յայտնի ժողովների եւ ս. հարց կանոնները, անշուշտ պիտի Եդեսիա եղած ժամանակ թարգմանէին մեր եկեղեցու համար ամենաթանգ կանոնները: Ժողովում հաստատեցին այն բոլոր կանոնները, որոնք մինչեւ 447 թիւը ընդունել էին հայերը. «Սուրբ Գրիգորի եւ Ներսէսի եւ Սահակ ու Մեսրոպի դրուած կարգերը դուք արդէն հաստատեցիք... առաքելականը եւ Նիկիականն էլ հաստատուն մնան, մենք բոլորս համաձայն ենք... »: Այստեղ հաստատում են առաքելական կոչուած կանոնները, Լուսաւորչի կանոնները` Նիկիականի հետ, Ներսէսի կանոնները` Պօլսի ժողովինի հետ, Սահակինը եւ Մեսրոպինը` Եփեսոսի կանոնների հետ, իսկ Թադէոսի կանոնների համար ոչ մի խօսք չի ասւում. այն ինչ եթէ այդպիսի կարեւոր կանոններ այն ժամանակ գոյութիւն ունենային, կամ եթէ թարգմանուած կամ գրուած էլ եղած լինէին, անշուշտ կյիշատակէին. մանաւանդ ժողովի արձանագրութիւնը գրողները երեւի նոյն թարգմանիչներն էին. կամ ամենաշատը՝ եթէ այդպիսի գրուածք գոյութիւն ունենար, նրանք համարւում էին անվաւեր ու նշանակութիւն չունեցող եւ յիշատակութեան մէջ էլ չմտան:

 

Գ. Դուինի 648-ի ժողովում, երբ առաջին անգամ գրով ամփոփ կազմւում է մեր եկեղեցու դաւանութիւնը ընդդէմ երկու բնութիւն քարոզողների, յիշւում են մեր բոլոր սուրբ հայրերը, նոյնպէս օտար սուրբ հայրերը, որոնք քարոզել են այդ. ի միջի այլոց ասւում է, թէ Լուսաւորիչն է ասել մի բնութիւն, եւ այդ սովորել է այն հայրերից, որոնք եղել են առաքեալների յաջորդների աշակերտներ, եւ ո՛չ մի բառ՝ ոչ թէ առաքեալի կանոնների, այլ Թադէոսից մնացած բերանացի աւանդութեան վրայ. չէ՞ որ սրա վրայ յենուելը ամենամեծ փաստերից մէկը կհամարուէր յօգուտ մեր եկեղեցու կարգերի հնութեան: Իսկ 986-ին Խաչիկ կաթուղիկոսի օրով, երբ ի պատասխան հայերին չարչարող Սեբաստիայի յունաց մետրոպոլիտին գրուած թղթերում, մանրամասն ցոյց է տրւում բոլոր մեր եւ օտար սուրբ հայրերը իրանց գրուածքներով ի վկայութիւն հայոց հնագոյն եկեղեցական կարգերի, ոչ մի խօսք չի ասւում Թադէոսի գրուածքների հնութեան մասին (Ասողիկ, 21 գլ. ):

 

Դ. Ներսէս Շնորհալին իւր թղթերում միշտ կրկնում է. «Այսպէս ենք սովորել մեր պապերից եւ Լուսաւորչից». եթէ Թադէոսի վերագրուած կանոնները նա ճիշտ համարէր, անշուշտ ամենամեծ ուրախութեամբ կյենուէր այդ կանոնների վրայ` ցոյց տալով, որ իւր պաշտպանած հարցերը, որոնց մասին  Թադէոս առաքեալի կանոնները  որոշակի  սահման  են  դնում աւանդուած են մեծ հեղինակութիւնից գրաւոր փաստով, բայց այդպիսի բան չենք գտնում ոչ յունաց եւ ոչ լատինաց հետ վարած միաբանութեան խնդրի վէճերում եւ գրագրութիւններում` ո՛չ միայն Շնորհալու, այլ եւ նախորդների եւ յաջորդների օրով:

 

Ե. Ոչ մի ազգային ժողովում եւ ոչ մի պաշտօնական մարմնի ոյժ ունեցող հաստատութեան սահմանադրութիւններում չկայ յիշատակութիւն Թադէոսի կանոնների մասին, նրա ընդունման կամ կանոնականութեան մասին:

 

Այս փաստերի հիման վրայ մենք զրկւում ենք իրաւաբանական ամենահասարակ կռուանից ընդունելու Թադէոս առաքեալին վերագրած կարգադրութիւնները կանոնական եւ մտցնել մեր եկեղեցու դրական աղբիւրների շարքը. թէ եւ պէտք է նկատել, որ այս կանոնների մէջ չկայ մեր եկեղեցու հակառակ որեւէ  մի  բան ընդհակառակը` պատմական տեսակէտից տալիս է մի քանի թեթեւ պարզաբանող խրատներ՝ փաստեր, բոլոր կանոններս կրկնւում են մեր բոլոր կանոններում եւ կարծէք թէ ընդօրինակութիւն են «Առաքելական  կարգադրութիւնների»:

 

Գալով դրանց գրութեան ժամանակին` պէտք է ասել, որ այդ 29-33 կանոնները ամենեւին չէին կարող գրուել Թադէոսի ժամանակ 33-40 թուականներում, ընդհանուր Եկեղեցու պատմութեան հետ ծանօթ անձը կարող է բոլոր կանոնների աստիճանական զարգացումը եւ ո՛ր դարում արձանագրուած լինելը որոշել: Պասերի խնդիրը, ժամանակագրութեան տեսակները եւ  կանոնաւորութիւնը նուիրապետութեան  կարգը ջրի  եւ  անխմոր  հացի գործածութեան վէճերը, բոլորը սկսւում են շատ ուշ եւ կանոնաւորւում են III, IV, V, VI, VII դարերում:

 

Այս նիւթիս վրայ հայերէն ունենք Հ. Տաշեանի «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը, 1896, Վիեննա» երկասիրութիւնը, որի 137 երեսում կարդում ենք. «Այս խնդրոյս վրայ այսչափ երկար խօսիլը նախ քան բուն խնդրին անցնելը, այն է ցուցընել, որ Ադդէի այս կանոնքն հետեւողութիւն են մեր «Վարդապետութիւնք առաքելոց կանոնաց»: Այս կանոններս «ոչ թէ Ադդէի կամ առաջի դարուն կրնան ըլլալ, այլ անոնց մեծ մասն առ առաւելն հինգերորդ դարու կրնար գրուած ըլլալ»: Ապա բերում է Հ. Սարգսեանի հետեւեալ խօսքերը. «Իսկ Հայ եկեղեցւոյ ժողովոց հաւաքածոյից մէջ Թադէոս առաքելոյն վերագրուած 29 յօդուածով Օրէնսդրութիւն մի եւս կայ, որուն գրողն է Զաքարիա Սիւնեաց առաջին եպիսկոպոսը, գէթ ըստ վկայութեան յիշատակարանին... » (138 եր. ): Հ. Տաշեան համեմատելով Թ, ԻԹ, ԻԸ, Դ, Բ կանոնները «Վարդ. առաք. » կամ ըստ մեր գրութեան` Ա առաքելական կանոնների Ա, Գ, Դ, Է,. Ի, ԼԲ-ի հետ, գտնում է, որ Թադէոսի կանոնները հետեւողութիւն են Ա առաքելական կանոնների:

 

Այս խնդրի մասին կայ «Լաբուբնեայ Դիւանագիր դպրի Եդեսիոյ, թուղթ Աբգարու, յեղեալ յԱսորւոյն, լուսաբանեալ. Վեն., 1868» կամ «Ղեբուբնա Եդեսացի, թուղթ Աբգարու թագաւորի հայոց, եւ քարոզութիւնք սրբոյն Թադէի առաքելոյն, Երուս., 1868»:

 

Փարիզի Սէն Ժերմէնի գրադարանում մի ասորական կանոններ բովանդակող ձեռագիր էր գտնուած, որը 1855 թուին տպուել է Լէյպցիկում Դը Լագարդի ձեռքով, այդ ձեռագրի երրորդ յօդուածը է «Քաղուածք ս. Ադդէ առաքեալի վարդապետութեան  գրքից, որը  քարոզեց  Եդեսիայի Միջագետքի բոլոր բնակիչներին Քրիստոսի Ծննդեան, Յարութեան... մասին» (տե՛ս Заозерский, Доникейские канонические кодексы вос. церкви. Чт. об. Дух. прос. 1882. Фев. ): (Այս մասին տե՛ս եւ Տաշեանի վերոյիշեալ երկը, 158 եր.: Տես եւ Գարագաշեանի քննական հ. պատմութիւնը):

 

Թէ ե՞րբ կարող են մտած լինել մեր մէջ Թադէոսի կանոնները, գոնէ Հ. Տաշեանի խօսքերով` Օձնեցու ժողովածուի մէջ չեն մտած (143 եր. ). եթէ ճիշտ  է  Մխիթարեանց  մօտ  գտնուած Օձնեցու  ժողովածուն  (Էջմիածնի գրադարանում չկայ Օձնեցու կանոնագիրք զուտ՝ առանց յաւելումների) եւ եթէ ճիշտ է, որ Օձնեցին չի մտցրել 718 թուականներին այս կանոնները իւր կանոնագրքի մէջ, նշանակում է նրանք պիտի մտած լինեն մինչեւ 997-թիւը, որովհետեւ մեր (40 հատ) կանոնագրքերում հայրապետաց ցանկը հասնում է 300-997 թիւը, եւ Թադէոսի կանոնները դրուած են ցանկից առաջ, ցանկից յետոյ, այսինքն 997-ից յետոյ կամ յաւելումներով կանոններ, որոնց ոչ մէկում չկան Թադէոսի կանոնները: Այս խնդիրը յամենայն դէպս շատ վիճելի է: Այստեղ կդնեմ աշխարհաբար համառօտ բովանդակութիւնը. գրաբառ բնագիրը վերջն է դրուած:

 

1. Առաջի կանոնը խօսում է եպիսկոպոսի անարատ վարք ու բարք ունենալու մասին, տգէտ քահանայ եւ սարկաւագ չձեռնադրելու եւ կաշառք չառնելու մասին:

 

2. Այս կանոնս կայ 2 առաքելական կանոնների, Սահակի եւ այլ կանոններում: Եպիսկոպոսի դատ անելու մասին, որ առանց երկու-երեք վկայ չդատի, քահանայ ձեռնադրի ժողովրդի վկայութեամբ, գիւղերում երկու-երեք քահանայ եւ մի սարկաւագ նշանակի, իսկ ագարակներում` մի քահանայ եւ մի սարկաւագ:

 

3. Քահանայ ձեռնադրել 30-ամեայ հասակում, 50-ից անց անձանց չձեռնադրել:

 

4. Եպիսկոպոսը վատերին չձեռնադրի:

 

5. Սեղանը քարից լինի, շորով ծածկուած, խնկարկութեամբ եւ ճրագով պատիւ տրուի:

 

6. Պատարագի հացը նոյն օրը թխուի եւ սեղան տարուի, բաժակի մէջ աղանդաւորների նման ջուր չխառնել:

Նախկին դարերում կային աղանդաւորներ, որոնք միայն ջրով էին պատարագում:

 

7. Սեղան օրհնելը (եկեղեցի օծելը) եպիսկոպոսը քահանաների սարկաւագների եւ ժողովրդի մասնակցութեամբ կատարի, սաղմոսերգութեամբ, առաքելոց թղթերի եւ Աւետարանի ընթերցմամբ:

 

8. Եկեղեցին օծելուց յետոյ մատաղ պիտի մորթել Աստուծոյ առաջ` Սողոմոնի նման:

 

9. Հաւատացեալները Աստուծոյ տունը աղօթքի ժողովելիս չխօսեն, լուռ աղօթեն:

 

10. Եթէ ձեռնադրուելուց յետոյ քահանան կամ սարկաւագը խոստովանին արած մեղքերը, կամ ուրիշների վկայութեամբ յայտնուեն, 12 տարի ապաշխարեն, ապա բեմի տակին սպասաւորելու իրաւունք ստանան:

 

11. Եթէ ձեռնադրութիւնից յետոյ շնացաւ կամ գողութիւն արաւ, քահանայութիւնից հեռանայ, 15 տարի դրսում ապաշխարի, զինուորների հետ կանգնի, բեմ ելնել, կարդալ, երգել մինչեւ մահուան օրը չհամարձակի (տե՛ս Բարսեղի կանոնները):

 

12. Եթէ եպիսկոպոսն այդպիսի մարդուն՝ կաշառքով կամ բարեկամական սիրոյ պատճառով նորից ընդունի, վերջին դատաստանի օրը վրէժ հանուի նրանից:

Ուրիշ ձեռագրերում 11 եւ 12 կանոնները միացրած են:

 

13. Ամուսնացած քահանան երեք օր պիտի հրաժարուի կնոջից եւ ապա պատարագի:

 

14. Կուսան քահանան տքնութեամբ գիշերը անց կացնի եւ ապա պատարագի:

 

15. Երդուող քահանան բոլորովին զրկուի քահանայութիւնից:

 

16. Քահանան պիտի լաւ յատկութիւնների տէր լինի (յիշում է մէկ-մէկ):

 

17. Նոյնպէս ժողովուրդը մեղք չպիտի գործի, աղօթի, պարկեշտ լինի:

 

18. Շնութիւն անողը երեք տարի ապաշխարի, պաս պահի բացի շաբաթ, կիրակի եւ տէրունական օրերից, չորրորդ տարում հաղորդուի:

 

19. 20. 21. Արգանդի պտուղը ոչնչացնելու, արուագիտութեան եւ պղծութեան մասին:

 

22. Եթէ առնակինը շնացաւ, 12 տարի ապաշխարի եւ ապա հաղորդուի:

 

23. Կախարդը՝ ուրացողի համար նշանակած ապաշխարանքին ենթարկուի:

Ուրիշ ձեռագրերում այս կանոնը չկայ:

 

24. Շնութեան ժամանակ մանուկ սպանողը ցմահ ապաշխարի:

 

25. Ուրբաթը եւ չորեքշաբաթը պիտի պահել մինչեւ իններորդ ժամը:

 

26. Տէրունական տօն կատարելուց առաջ մի շաբաթ պաս պիտի պահել:

 

27. Քառասունքը պիտի սրբութեամբ պահել, բացի շաբաթ ու կիրակի օրուանից:

 

28. Անասնապիղծը ապաշխարի ցմահ եւ մեռնելիս հաղորդուի:

 

Այս ուրիշ ձեռագրերում չկայ:

 

29. Քրիստոսին ուրացողը ցմահ ապաշխարի, մեռնելիս հաղորդուի:

 

30. Կամաւոր սպանութիւն անողը 10 տարի ապաշխարի, մեռնելիս հաղորդուի:

 

31. Մի կաթով սնածները ամուսնանալ չեն կարող:

 

32. Ազգականների ամուսնութիւնը պիտի լուծել եւ ապաշխարանքի ենթարկել:

 

33. Ընկերի ունեցածը գողացողը ցմահ անիծեալ լինի: