Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

71) Գ) ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (1166-1173 ԹԹ. )

 

Ներսէս Շնորհալին հայոց ամենափառաւոր հայրապետներից մէկն է. նա առաջինը հաստատ եւ որոշ ձեւ տուաւ հայոց դաւանութեան, հայոց ծիսակատարութիւններին, պատճառաբանութիւններով եւ խելացի դատողութիւններով: Մինչեւ Ներսէս Շնորհալին հայոց դաւանաբանութեամբ եւ ծիսակատարութիւնների խնդիրներով զբաղուել էին շատ կաթուղիկոսներ եւ ժողովներ, սկսած Բաբկէնից (490-515 թթ. ), շարունակուած Ներսէս Բ-ի օրով (548-557 թթ. ), ապա Մովսէսի (574-604 թթ. ), Աբրահամի (607-615 թթ. ), Ներսէս Շինողի (641-661 թթ. ), Յովհան Օձնեցու (717-728 թթ. ), Խաչիկի (972-992 թթ. ) եւ վերջացած Ներսէս Շնորհալու օրով:

 

Շնորհալին նոր ոչինչ չասաց, հապա ժողովեց բոլոր նախկին հայրերի ասածները, դասաւորեց, կարգի դրեց եւ տուաւ մեզ պատճառաբանուած, տրամաբանական հետեւողութեամբ կազմած դաւանութիւն, որը ընդունում են մինչեւ այսօր բոլոր հայադաւանները եւ համարում են ամենագլխաւոր աղբիւր մեր եկեղեցու դաւանութեան համար: Ներսէս Ե-ի ժամանակ, երբ ռուսաց Սինոդը խնդրեց հաւատոյ ձեռնարկ, նա մատնացոյց արաւ Շնորհալու գրուածները, որոնք Խուդաբաշեանի թարգմանութեամբ ներկայացրեց ի տեղեկութիւն ռուսաց Սինոդի: Ներսէսի գրուածները երկուսի են բաժանւում` դաւանաբանականի եւ եկեղեցական կարգադրութիւնների: Առաջինը չի մտնում մեր ծրագրի մէջ, մեզ համար իրաւաբանական նշանակութիւն ունեն եկեղեցական կանոնները, որոնք գրուած են «Ընդհանրականի» մէջ, բայց որովհետեւ դաւանաբանականի հետ կապուած են շատ էական խնդիրներ, ուստի համառօտ տեղեկութիւն տալով նրա այս մասին շօշափած հարցերի վերաբերեալ` կանցնենք կարգադրական սահմանադրութիւններին:

 

Ներսէս Մագիստրոսի դստեր Ապիրատ որդու զաւակն էր եւ Գրիգորիս Պահլաւունի կաթուղիկոսի կրտսեր եղբայրը: Ծնուել է 1102 թուականներին եւ փոքր հասակից Գրիգոր Վկայասէրի խնամքի տակ մեծացել: 18 տարեկան ժամանակ քահանայ է ձեռնադրուել եւ ամենայն սրբութեամբ մինչեւ վախճանը վարել է իւր սրբազան պաշտօնը: Գրիգոր կաթուղիկոսը ծերանալով` տեսաւ, որ ոյժերը պակասել են, մեծ ժողով արաւ Հռոմկլայում եւ բոլորի հաւանութեամբ ընտրեց Ներսէսին, որ եպիսկոպոս էր, Հայոց հայրապետ` 1165 թուին: Օծումից յետոյ մի իմաստալից ատենաբանութիւն արաւ եւ մի ընդհանրական նշանաւոր թղթով իմացրեց բոլոր հայերին իւր ընտրութիւնը՝ բաշխելով իւր հայրապետական օրհնութիւնը:

 

Ներսէսի ժամանակ հայոց եւ յունաց միութեան խնդիրը աւելի հաստատուն հիմք ընդունեց: Մի անգամ յունաց իշխանը, Կիռ Մանուէլ կայսրի փեսան, Կիլիկիայում տեսնուելով Շնորհալու հետ, երկար խօսակցութիւն ունեցան հաւատոյ զանազան խնդիրների մասին: Իշխանը սիրով լսելուց յետոյ, խնդրեց Ներսէսին գրաւոր կերպով հաղորդել իրան այդ խօսակցութիւնները: Այդ առիթ եղաւ գրաւոր թղթակցութիւնների սկսուելուն Ներսէսի եւ յաջորդների ու միւս կողմից` յունաց արքունիքի եւ պատրիարքի հետ: Ներսէսը գրեց այդ թուղթը` «Թուղթ առ մեծի իշխանն Ալիքս» եւ յանձնեց իշխանին: Իշխանը 1165-ին ներկայացրեց թուղթը կայսրին: Կայսրը, կրօնական խնդիրներով զբաղուելու հակամէտ լինելով` հետաքրքրութեամբ կարդաց Շնորհալու գրուածները եւ զարմացաւ նրա խորիմաստ դատողութիւնների վրայ. մտածելով, որ այդպիսի անձի միջոցով կարելի է քրիստոնէական եկեղեցու միութեան գործը գլուխ բերել, նամակ գրեց Գրիգոր կաթուղիկոսին` խնդրելով, որ թոյլ տայ Ներսէսին Պօլիս գնալու եւ անձանց անձին խօսելու կրօնական յարուցուած խնդիրների մասին: Կաթուղիկոսը մեռած էր, Ներսէսը իբրեւ կաթուղիկոս գրեց երկրորդ թուղթը կայսրին` «Թուղթ առ կայսրն Մանուէլ», իմացնելով կաթուղիկոսի մահը եւ իւր ընտրուելը, յայտնելով, որ իւր հայրապետական գործերը շատ շատ են, չի կարող Պօլիս գալ եւ ինքը իբրեւ կրօնապետ շատ ուրախ է միութեան խնդիրը գլուխ բերելուն եւ ուրախութեամբ կաշխատի այդ նպատակով: Կայսրը ի պատասխան այդ նամակի ուղարկում է թէ թուղթ եւ թէ Թէորիանէ ճարտար անձի, որ սա բերանացի լրացնի թղթի բովանդակութիւնը եւ անձամբ իբրեւ իմաստասէր անձն խօսի Շնորհալու հետ միութեան խնդրի մասին: Բայց Թէորիանէն չկարողացաւ միութիւնը առաջ բերել: Յոյները ինն կէտ առաջարկեցին, որոնցով պիտի միութեան խնդիրը գլուխ կար: Շնորհալին երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պատասխաններով մի առ մի բացատրեց հայոց դաւանութեան տարբերութիւնը եւ իրան կողմից միջոցներ առաջարկեց, թէ ինչ զիջումներով կարելի է յոյների հետ միանալ. բացի այդ յայտնեց յոյներին, որ առանց ազգային ժողովի չի կարող վերջնական պատասխան տալ: Ազգային ժողով չեղած` ի Տէր հանգեաւ Ներսէս 1172 օգոստոսին, եւ խնդիրը մնաց առ կախ:

 

Ահա յունաց 9 առաջարկութիւնները:

 

1. Նզովել Քրիստոսի մէջ մի բնութիւն ասողներին, Եւտիքէսին եւ Դէոսկորոսին, Սեւերիոսին, Տիմոթէոսին (կուզին) եւ նրանց բոլոր համախոհներին:

 

2. Խոստովանել զՏէր մեր Յ. Ք. մի որդի, մի դէմք, մի անձնաւորութիւն անորիշ, անփոփոխ, անայլայլելի, անշփոթ՝ ոչ այլ զորդին Աստուծոյ ասել, եւ ո՛չ այլ զորդին ս. Աստուածածնի, այլ եւ զնոյն՝ Որդի Աստուծոյ եւ Որդի մարդոյ՝ զմին խոստովանել Աստուած եւ մարդ յերկուս բնութիւնս, զնոյն զմի Քրիստոս՝ ունելով երկուս ներգործութիւնս եւ երկուս կամս աստուածային եւ մարդկային ոչ հակառակք միմեանց, այլ ընթանայ մարդկային կամքն զկնի Աստուածային կամաց:

 

3. Երեք սրբասացութիւնը ասել` բացի «որ խաչեցար վասն մեր»-ից եւ «եւ»-ից:

 

4. Տօները տօնել ըստ յունաց. Աւետեացը` մարտի 25-ին, Ծնունդը` դեկ. 25-ին, թլփատութիւնը` Ծննդից 8 օր յետոյ` յուն. 1-ին, Մկրտութիւնը` յուն. 6-ին, Տեառնընդառաջը` փետ. 2-ին, մնացածներն էլ` նոյնպէս:

 

5. Մեռոնը ձիթով եփել ծառերի պտուղներից:

 

6. Ս. հաղորդութիւնը խմորուն եւ ջրախառն անել:

 

7. Բոլոր քրիստոնեաները, քահանայք եւ ժողովրդականք եկեղեցու ներսում կանգնեն երբ Աստուածային պատարագը կատարւում է, բացի ապաշխարութեան դէպքերից...

 

8. Ընդունել չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ եօթներորդ տիեզ. ժողովները:

 

9. Կաթուղիկոսի հաստատութիւնը լինի յունաց կայսրից:

 

Շնորհալու պատասխանը ամենափառաւոր պատասխանն է, որ կարող է գրել եկեղեցով եւ Աւետարանի բարձր գաղափարներով ոգեւորուած հոգեւորականը, որը շատ նման է հին սուրբ հայրերի պատասխանին` Իրենէոսի, Պողիկարպոսի եւ այլն:

 

6-րդ կէտի նկատմամբ Շնորհալին գրում է. առաջին` պատարագի օրհնած հացի մասին, որ մենք եւ հռոմայեցիք գործ ենք ածում բաղարջ, միւս եկեղեցիները` խմորուն: Իւրաքանչիւր կողմը աշխատում է իրան արդարացնել: Բայց ով սիրում է ճշմարտութիւնը, նա չպիտի ստրկաբար հետեւի իբրեւ տգէտ եւ խարդախ խօսքերով արդարանայ իբրեւ վիճող, այլ պիտի դիմել Աստուածային գրքերին եւ այնտեղ գտնել ճշմարիտը եւ արդարը: Քրիստոսի գործողութիւնների խորհուրդները նախագուշակել էին դեռ շատ վաղ մարգարէները զանազան օրինակներով եւ առակների ձեւով: Առաջին՝ Աբրահամի ճաշին Աստուած ճաշակեց ոչ խմորուն հաց, այլ բաղարջ: Երբ Եգիպտոսից հրէաները դուրս եկան, Մովսէս հրամայեց 7 օր ոչ թէ գործ ածել խմորուն հաց, այլ բաղարջ: Նոյնպէս եւ մաննան, ըստ Պօղոս առաքեալի Կորն. 10, 3). հրէաները գործ էին ածում բաղարջ եւ ոչ խմորուն հաց: Զատկի երեկոյին Քրիստոս կերաւ բաղարջ եւ ոչ խմորուն հաց, որովհետեւ բաղարջակերաց առաջի օրն էր: Այսպէս էլ անարատ կոյսից ծնուածին աւելի վայելուչ է լինել բաղարջի նման, քան խմորուն հացի:

 

Հակառակ կողմի մարդիկ կարող են էլի Ս. Գրքից ապացոյցներ բերել յօգուտ խմորուն հացի գործածութեան, օրինակ Յիսուսի գովասանքը խմորուն հացին, որին երկնային արքայութեան պատկեր համարեց, բայց այդ խօսքերը վերաբերում էին ո՛չ խորհրդին, այլ Աւետարանի քարոզներին, որոնք՝ ընդունողներին խմորի նման թթուեցնում էին աւետարանական մտքերով: Բացի այդ Աւետարանում թթխմորը ընդունւում է իբրեւ նշան չարութեան Կորն. 5, 7, 8): Գրիգոր Աստուածաբանը զատկի վրայ խօսելիս ասում էր, որ խմորուն հացը կեանքի հաց լինել չի կարող: Թէեւ Յիսուս բաղարջով յիշատակեց այն երեկոն, բայց առաքեալներից ոչ մի կարգադրութիւն չունինք այդ մասին, ուղղակի պատուիրւում է հացով կատարել խորհուրդը: Այս աւանդութիւնը, որի մասին խօսեցինք, իւրաքանչիւր ժողովրդի մասնաւոր սովորութիւնն է, որը ամենեւին չի աւելացնում կամ պակսեցնում հաւատքը: Մենք բոլորս հաստատ գիտենք, որ Աստուծուն հաճելի է միմիայն ուղղափառ հաւատք եւ անբիծ կեանք. ուստի հարկաւոր է խորհուրդը կատարել մաքուր սրտով եւ ոչ հերետիկոսական մտքերով: Այդ հիմամբ, երբ հաւատքը միանում է եւ կապւում Քրիստոսի հետ, այն ժամանակ էլ հաւատքի հետ գնացող մասերն էլ` աւանդութիւնները, զուգընթաց գնում են Նրա հետ ի փառս Որդւոյ:

 

Բացի Շնորհալու այս խօսքերից, կարելի է բերել ի վկայութիւն նոյնպէս Ա առ. 31, Թադ. 6, Մակ. 7, Ե Դւ. 8 կանոնները, որոնք պատուիրում են, որ հացը պիտի ջերմ-թարմ լինի եւ ոչ օթի: Մեր գիւղերում մինչեւ այսօր էլ հացը թխում են շաբաթը մէկ-երկու անգամ. իսկ հներում պատարագ անում էին ամէն օր, յետոյ` շաբաթը 4 անգամ եւ ապա` 2, գիւղացիների համար, որոնք ամէն օր պարտաւոր էին հաց եւ գինի տանել պատարագին, յարմար էր իսկոյն եւ եթ խմոր անել եւ բաղարջ թխել եւ տաք-տաք տանել եկեղեցի, մինչեւ այսօր էլ երբ մատաղի փոխարէն հաց են թխում եւ բաժանում, կամ ուխտ են գնում մի տեղ, միշտ բաղարջ՝ անխմոր հաց են թխում եւ հետները վերցնում կամ բաժանում: Թազա հացը (ջերմ) միշտ յարգի է աւելի, քան օթի հացը: Եթէ Փոտ պատրիարքի ժամանակ վէճ բացուեց յունաց եւ լատինաց եկեղեցու մէջ այս բանի վերաբերմամբ, յոյները ասում էին, որ Յիսուս բաղարջ չկերաւ զատկի երեկոյան, այլ խմորուն հաց, երկրորդ՝ մեղադրում էին, որ լատինները եւ հայերը հրէական աղանդաւորների նման հրէական սովորութիւն են կատարում եւ բաղարջ ուտում, փոխանակ հակառակն անելու: Զարմանալի է, որ դրանք մոռանում են, որ առաքեալները իբրեւ հրէաներ իրանց սովորութեան համաձայն պիտի գնային, նրանց յաջորդ, քրիստոնեայ հայրերն էլ պիտի հետեւէին նրանց սովորութեան (տե՛ս այս մասին Ա առ. 31 կանոնի ծանօթութիւնը):

 

Գալով բաժակի գինուն, գրում է Շնորհալին իւր պատասխանի մէջ, մենք անապակ գինի ենք գործ ածում ճիշտ Լուսաւորչի աւանդութեան հետեւելով, որովհետեւ Քրիստոսի արիւնը մաքուր էր, միւսները ջրախառն են գործ ածում: Մեր սովորութիւնը իւր հաստատութիւնը գտնում է կեանքի մէջ եւ նրանով, որ գինի ասելով ընդհանրապէս հասկանում ենք մաքուր, ոչ ջրախառն գինի. իսկ ջրախառն գինին մաքուրի անուն չի կրում. նոյնը հաստատւում է եւ Քրիստոսի խօսքով, որ ասաց զատկի երեկոյին` «որթն խաղողոյ», որ ասել է` գինի, զուտ, մաքուր (Մատ. ԻԶ 29):

 

Նոյնպէս Յովհան Ոսկեբերանը ասում է ընդդէմ այն հերետիկոսների, որոնք միայն ջրով էին կատարում հաղորդութիւնը. «Որթի պտղից պիտի վերցնել, իսկ որթը, որքան յայտնի է, արտադրում է գինի եւ ո՛չ ջուր»: Հակառակորդները պատասխանում են, որ Ոսկեբերանը այս ասաց ոչ թէ նրա համար, որ ջուր չխառնեն գինու մէջ, այլ այդ ուղղուած է բացառապէս հերետիկոսների դէմ, որոնք գինին բոլորովին մերժում էին: Բացի այդ պատճառաբանում են, թէ Քրիստոսի կողից ջուր եւ արիւն դուրս գալու յիշատակի համար պէտք է գինու հետ ջուր խառնել: Բայց չեմ կարծում, ասում է Շնորհալին, որ կողից ջուր դուրս գալը լինէր անպատճառ յիշատակելու խորհուրդ, առաքեալները եւ նրանց յաջորդները կհրամայէին կատարել այդ, եւ մենք բոլորս կհնազանդէինք: Ընդհակառակն, Ոսկեբերանը բացատրում է ուրիշ մտքով, որ այդ ջրով մենք ծնւում ենք աւազանում, արիւնով սնւում ենք` ճաշակելով: Նոյնը եւ Գրիգոր Նիւսացին է ասում: Եփրեմ Ասորին այդ մասին նոյն է ասում համարեա: Ինչ որ ասացինք հացի համար, նոյնը կասենք գինու համար, գինով ենք կատարում, թէ ջրախառնով, այդ միեւնոյն է Աստուծոյ առաջ, Նա պահանջում է ուղիղ հաւատ եւ արդար սիրտ, ինչպէս պատուիրում է Պօղոս առաքեալը Կորն. 11, 28, 29) (տե՛ս այս մասին նաեւ Ե Դւ. 8, Մակ. 7, Թադ. 6):

 

Գալով Ծննդեան եւ Մկրտութեան տօնին, կասենք, որ այս աւանդութիւնը հայոց մէջ մտել է շատ հին ժամանակներից` կատարել այդ երկու տօնը միասին: Թէ այս տօները կատարում էին հներում ամէն տեղ միասին, յայտնի է ամենքին, մենք պահպանել ենք անփոփոխ Լուսաւորչից, որը հետեւելով Ղուկաս աւետարանչի վկայութեան (Ղուկ. Ա 23, 24), ասում է, թէ Զաքարիան վերադառնալով պաշտօնակատարութիւնից տուն, յղացաւ նրա կին Եղիսաբէթը, որոշել է ժամանակամիջոցը թէ Ծննդեան եւ թէ Մկրտութեան համար այնպէս, ինչպէս առաքեալներից սկսած որոշուած է եղել: Զաքարիան քաւութեան տօնի օրը` թշրինի 10-ին, որ է սեպտեմբերի 27-ը, մտաւ տաճար եւ ամբողջ 12 օրուայ պաշտամունքները կատարեց, 5-օր քաւութեան տօնի, 7-օր էլ տաղաւարահարաց տօնի, եւ ապա թշրի 22-ին կամ հոկտեմբերի 9-10-ին գնաց տուն եւ յղացաւ Եղիսաբէթ նոյն 10 օրը եւ ո՛չ 12 օր առաջ, ինչպէս դուք էք ընդունում: Ս. Կուսի աւետումը եղաւ 6 ամիս դրանից յետոյ, այն է` ապրիլի 7-ին եւ ոչ մարտի 25-ին ըստ ձեր ասութեան. իսկ Ծնունդը ինն ամիս յետոյ, այն է` յունուարի 6-ին: Յիսուս մկրտուեց 30 տարին լրացած ժամանակ, այդտեղ սխալ չի կարող լինել, որովհետեւ ըստ աւետարանչաց` 30 տարին լրացած մկրտուեց եւ սկսեց քարոզը: Եթէ Ծնունդը 12 օր առաջ էք կատարում, այն ժամանակ չպիտի ասէք 30 տարեկան, այլ մօտ 30 տարեկան էր, որ հակառակ կլինի աւետարանիչներին: Այս եւ ուրիշ բերուելիք աւանդական սովորութեանց հիման վրայ մենք ճշտութեամբ պահում ենք այս նախնական ձեւը, մենք չենք բաժանուել հին ընդհանուր կարգից, այլ դուք էք բաժանուել մեզնից, էլի նոյնը կրկնում ենք` ինչ օր էլ, որ կատարենք, միմիայն պէտք է ուղիղ սրտով կատարենք, Աստծուն ա՛յս է հաճելի: Ի՜նչ աւելի փառաւոր հանդէս կարող է լինել, քան զատկի տօնի հանդէսը, որը ծագեց հնումը, ինչպէս պատմում է Եւսեբիոսը, Ասիայում տօնւում էր հինգշաբթի օրը՝ հին ուխտի զատկին նմանելով, հետեւելով Յովհաննէս առաքեալի աւանդութեան, իսկ հռոմայեցիք` կիրակի օրը` հետեւելով Պետրոս առաքելոյն. եւ ի՞նչ դուրս եկաւ. ո՛չինչ. թեթեւ վէճից յետոյ հաշտուեցին: Սբ Իրենէոսը հաշտարար դուրս գալով ասաց` եթէ ճշմարիտ հաւատքը միեւնոյն է, այդպիսի տարբերութիւնները չպիտի խռովութեան տեղիք տան: Մարմնի գոյնը, օրինակ` լինի թուխ կամ սպիտակ, ամենեւին չի վնասիլ մարմնին, եթէ կազմուածքը առողջութեամբ է օժտուած. նոյնպէս առողջ հաւատք ունեցողին մի՞թէ կարող են վնասել տօները կամ ուրիշ աւանդութիւնները (տե՛ս. Ա առ. 7, Ե Դւ. 26, 30):

 

Մովսէս Կաղանկատուացին 253 երեսում այսպէս է գրում. «Նոյնպէս Մարկոս (Մակարիոս) հայրապետն Երուսաղէմի, որ մի էր ի Նիկիական հարցն, յիւրում խրատական թղթին գրեաց առ հայս յաղագս մկրտութեան, եթէ ի միում աւուր տօնեմք զԾնունդն եւ զՄկրտութիւնն, զոր օրինակ մահն եւ թաղումն անկատար է առանց յարութեանն, եւ որպէս յարութեան Աւետարանն նախ զխաչն եւ զթաղումն յայտնէ... զոր դարձեալ ասէ Աստուածաբանն. «Բայց այժմ Աստուծոյ յայտնութեան տօն է, քանզի երեւեցաւ Աստուած մարդ ծննդեամբ»: Երուսաղէմայ եպիսկոպոսքն մինչեւ ցԿիւրեղ՝ քառասուն եւ երկու եպիսկոպոսք, եւ յետ նոցա այլք զտօն Ծննդեան եւ Յայտնութեանն կատարէին ի յունուարի ամսոյ վեցն մինչեւ ցՅոբնաղիոս, որ թուին լինել ամք ի յարութենէն ցՅոբնաղիոս չորեք հարիւր (ուրեմն 433): Դարձեալ զոր յընթերցուածին ասէ վասն Դաւթի եւ Յակոբայ աւուրն, եթէ յայլ քաղաքս առնեն զԾնունդն Քրիստոսի ի դեկտեմբերի քսան եւ հինգ, յայլ քաղաքս այսպէս ասեն, եթէ ի հեթանոսաց անդի հաւատացեալք էին, ոչ թէ ի թլփատութենէն, եւ ի հեթանոսութեան սովոր էին զծնունդ արեգականն կատարել յայնմ աւուր, վասն այնորիկ հաւանէին թողուլ զտօնն: Ապա հարկաւորեցան առաքեալքն հաւանել նոցա եւ կարգել նոցա զՔրիստոսի ծնունդն յայնմ յաւուր: Իսկ որք ի թլփատութենէն ամենայն ուրեք ի յունուարի 6-ն կատարեն, որ եւ մեր նախնեացն աւանդեցաւ եւ նոյնպէս ունիմք այժմ, որպէս ասէ, «օրէնք ի Սիօնէ ելցեն եւ բան Աստուծոյ յԵրուսաղէմի»:

 

Գալով երեք սրբասացութեան . Աստուածածին), շարունակում է Շնորհալին, մենք այդ ասում ենք ի դէմս Որդւոյն, զուր մեզ մեղադրում են, թէ մենք խաչում ենք Երրորդութիւնը, որ շատ սխալ է. այդ շարունակութեամբ Հոգեգալստեանն էլ աւելացնում ենք ի դէմս Ս. Հոգւոյն: Նոյն կերպով էլ մեզ ամբաստանում են խաչի վերաբերմամբ, թէ պէ՞տք է ամրացնել գամերով, թէ առանց գամի, մեր մէջ այդ բանը դրականապէս որոշուած էլ չէ: Ի՜նչ հիմամբ պիտի մի տեսակը պատուենք, իսկ միւս տեսակը ո՛չ: Ոսկեայ եւ արծաթեայ խաչերը ամբողջ են, գամեր չենք գործ ածում, բայց միւս դէպքերում չէ՞ որ փայտը պիտի միացնել, որ ամուր մնայ: Այս մասին վիճելը, ինձ թւում է, արժան է մանուկներին եւ ոչ հասուն մարդկանց:

 

Նոյնպէս եւ Յիսուսի եւ նրա սուրբերի պատկերները յարգում ենք եւ փառաբանում իբրեւ միջնորդ Աստուծոյ եւ մեր մէջ: Սրբերին երկրպագելով մենք խոնարհում ենք Աստուծոյ առաջ, նրանց միջոցով Աստուծոյ ենք երկրպագում, որովհետեւ մենք միմիայն պիտի երկրպագենք Աստուծոյ եւ ոչ   արարածներին:

 

Առաջաւորաց պասի համար կասեմ, որ այս պասը նշանակեց Լուսաւորիչ, իբրեւ առաջին պաս եւ ժողովրդին ապաշխարութեան բերելու համար, երբ Վիրապից դուրս եկաւ. եւ երկրորդ՝ որ այս պասը աւելի առաջ էր, քան քառասնորդականը:

 

Իսկ ինչ վերաբերում է Սարգիս զօրավարի տօնին, որ կատարում ենք պասից յետոյ, պէտք է ասել, որ նա նահատակուել է յունուարի 30-ին եւ միշտ պասի մօտերքին է ընկնում: Սարգիսը կապադովկիացի էր, Կոստանդինի   օրով  կռուել  է  հաւատքի համար Յուլիանոս  Ուրացողի  ժամանակ գնացել է Պարսկաստան եւ իւր որդու հետ նահատակուել հաւատքի համար: Եւ ոչ այնպէս, ինչպէս ձերոնք պատմում են, իբրեւ թէ մի ինչ-որ Սարգիս ճգնաւորի շան պաս է, որը միշտ ճգնաւորի առաջից է գնալիս եղել: Այսպիսի լուրերը միմիայն զզուանք են առաջացնում եւ Յիսուսի ճշմարտութիւնը խլացնում:

 

Նախ քան մի բնութեան մասին խօսելու, համառօտ յիշենք, թէ Պետերբուրգի համալսարանի եկեղեցական պատմութեան ուսուցչապետ Ի. Տրօիցկիյ  1875  թ գրած «Հայոց  եկեղեցու  դաւանութեան վերլուծումն» գրքում ինչ հրէշաւոր ենթադրութիւններ է անում Շնորհալու մեկնութիւնների համար: Թէ ի՞նչպէս եղաւ, որ ռուսաց մասնագէտները հետաքրքրուեցին Հայոց եկեղեցով եւ մի քանի աշխատութիւններ նուիրեցին, մի քանի խօսքով  յիշատակենք  այդ  մասին:

 

1839 թուին ռուսաց լրագրներում դուրս եկաւ մի յօդուած «Дополнение къ доказательству о древности трехперстнаго сложения» խաչի եւ խաչակնքելու մասին, ուղղուած այն ռուս աղանդաւորների դէմ, որոնք երկու մատով էին խաչ անում եւ ոչ երեք: Այդ յօդուածում յարձակւում էր գրողը եւ Հայոց եկեղեցու վրայ, համարելով աղանդաւոր եկեղեցի, որից պիտի հեռու կենալ, եւ ի միջի այլոց մատնացոյց անելով, որ հայերն էլ հերետիկոսների նման երկու մատով են խաչ անում եւ ոչ երեք:

Այդ կիսապաշտօնական յօդուածը առիթ տուաւ Կարբեցի կաթուղիկոսին դիմել Նիկոլայ Կայսրին բողոքով` խնդրելով թոյլ չտալ Հայոց եկեղեցու դէմ այդպիսի սխալ գրուածներ տպելու: Կայսրը այդ բողոքը ուղարկում է ռուսաց Սինոդին` մակագրելով գրաքննութեան ենթարկել Հայոց եկեղեցու մասին դուրս գալիք-հրատարակուելիք գրքերը: Կայսեր կարգադրութեամբ ռ. Սինոդը, գրաքննական պաշտօնը հաստատուն հիմքով կատարելու նպատակով, դիմում է կաթուղիկոսին` խնդրելով հայոց դաւանութեան մասին մանրամասն տեղեկագիր տալ: Պահանջը մնում է անկատար երկար ժամանակ, թէեւ մի քանի անգամ կրկնւում է: Ներսէս Ե, ինչպէս պատմում է Տրօիցկին, ռուսաց Սինոդի պահանջը ընդունելով եկեղեցիների միացման նախադուռն, պատասխանում է 1850-ին երկու տողով, ուղարկելով Խուդաբաշեանի թարգմանած Ն. Շնորհալու ընդհանրականը եւ դաւանանքը հետեւեալ գրքում. «Исторические памятники вероучения Арм. церкви, относящимся къ XII веку, СПБ, 1847 г. », որը բովանդակում է, Ներսէս Ե-ի խօսքերով, «Հայոց եկեղեցու դաւանութեան մանրամասն վերլուծումն»: 1870 թուականներին յունաց արքեպիսկոպոս Գրիգորը մի յօդուած գրեց Հայոց եկեղեցու միութեան մասին յունաց հետ` ցանկութիւն յայտնելով տարբերութիւնների վրայ զիջողաբար նայել եւ քրիստոնէաբար միանալ: Այս դէպքերը առիթ տուեցին այն ժամանակուայ Պետեր. հոգ. ճեմ. ուսուցչապետ Տրօիցկուն մի շարք յօդուածներով «ղՐՌր. փՑպվՌպ» ամսագրի 1869, 1870 թուի համարներում խօսել «Հայոց եկեղեցու միութեան խնդրի մասին ուղղափառ եկեղեցու հետ»: Ապա մօտիկ ծանօթանալով հարցին, պրօֆեսօրը մտածեց ժողովել բոլոր կարեւոր աղբիւրները եւ քննութեան ենթարկել, տեսնելու արդեօ՞ք հեշտ է միացումը, թէ ոչ: Տրօիցկին խնդրի վրայ նայում է քաղաքական տեսակէտից, որը եզրակացնում է Ներսէս Ե-ի կարճ եւ խուսափողական՝ նոյն իսկ կծու պատասխանից: Տրօիցկու գիրքը, որ կրում է այս վերնագիրը. «Изложение веры Церкви Армянские; историко-догматическое изследование И. Троицкаго. СПБ, 1875», թէ աղբիւրների փնտռման, թէ քննադատութեան ձեւի մէջ լուրջ է եւ փաստացի, բայց հանած եզրակացութիւնները, հէնց իւր խոստովանութեամբ, ոչ գիտնական, սխալ եւ թիւր, որը առաջ է գալիս Հայոց եկեղեցու պատմութիւնը չիմանալուց եւ զանազան Գալաններին հետեւելուց:

 

Ծրագրիցս դուրս է քայլ առ քայլ հետեւել նրան եւ ջրել նրա վայրիվերոյ դատողութիւնները, որոնք հիմնուած են այն մտքի վրայ, որ հայերը միաբնակ են` ըստ Եւտիքէսի, որ ջուր չխառնելը, Ծննդեան տօնը միասին կատարելը միութեան գաղափարին մօտենալն է նշանակում. նա 200 երեսում ասում է. «Մենք յօժարութեամբ կհաւատայինք հեղինակին (Շնորհալուն) եւ այն բանին, որ այդ երկու տօները (Ծննդեան եւ Մկրտութեան) նրանք միացնում են հին աւանդութեան ուժով եւ ո՛չ մի որեւ է առանձին մտադրութեամբ, բայց, ցաւօք սրտի, պիտի ասել, որ ուղղափառ գրականութեան վէճի մէջ կայ եւ ուրիշ կարծիք Հայոց եկեղեցու այդ սովորութեան մասին (200-201)»:

 

Իսկ գիտէ՞ք` ինչ է այն կարծիքը եւ ո՞վ է գրել, մի անանուն հեղինակ, որը գրում է, թէ հայերը Աւետման, Ծննդեան եւ Մկրտութեան տօնը միասին են կատարում նրա համար, որ «չեն հաւատում Բան Աստուծոյ իսկական մարմնառութեան, այլ ներկայացնում են այդ մարմնառութիւնը երեւակայական ձեւով` Մանեսի նման»: Ընդունել անանուն հեղինակի ասածը, որ երեք տօնը միասին ենք կատարում եւ չենք ընդունում Բան-Աստուծոյ իսկական մարմնառութիւնը, եւ միւս կողմից մերժել հոգեշունչ Շնորհալու բացատրութիւնները` համարելով կեղծ եւ երկերեսանի, նշանակում է կուրանալ եւ դատել ծայրայեղ անարդարութեամբ: Խօսելով Տրուլլի 692 թուի ժողովի մասին, ուր երեք կանոն կայ հայոց սովորութիւններին վերաբերեալ, զարմանում է, թէ ի՞նչու այդ ժողովը հայերին հերետիկոս չհրատարակեց:

 

Ապա բերելով 8-9 կէտերով Շնորհալու գրած մի բնութեան դաւանանքի մասին, գտնում է, որ հայոց դաւանութիւնը չի պարունակում յայտնի հերետիկոսների քարոզած ոչ մի սկզբունք, եւ հեռու է ապողղինարութիւնից, նեստորականութիւնից ակտիստների կտիստոլատրեանների եւտիքեաց ավտարտօտօկետների, տէօպասխիտների աղանդական մտքերից: Այդքան պարզ փաստեր բերելուց յետոյ յօգուտ հայոց ուղղափառութեան, էլի նա թեքւում է դէպի նախամտացած նպատակը, թէ Շնորհալին այդ եզրները` դէմք, անձն, գոյութիւն, բնութիւն, խառնում է եւ շփոթում, որպէսզի ամէն տեսակ կարողանայ բացատրել, այսինքն միաբնակների հետ վիճելիս ըստ միաբնակաց խօսել, երկբնակների հետ վիճելիս հակառակը ապացուցանել:

 

Աւելի լուրջ է վերաբերւում Յովհաննէս վարդապետը, նա ընդունում է Շնորհալու գրածները, միայն մեղադրում է հայերին, որ նրանք չլսեցին Քաղկեդոնի ժողովին, հետեւեցին Կիւրեղին, Աթանասին, որոնք մասնաւոր մարդիկ էին եւ ոչ տիեզերական ժողովին:

 

Տրօիցկին 293 երեսում մեղադրում է հայերին, որ նրանք ամէն տեսակ սուրբեր ընդունում են, եթէ մերժել են քաղկեդոնականութիւնը, պիտի հետեւողական լինէին եւ չընդունէին Քաղկեդոնական եկեղեցիների ոչ մի սուրբ 451 թուից յետոյ: Բացի Գալանի սխալ տեղեկութիւնները լսելուց եւ արձանագրելուց, գրում է եւ Կարդինալ Մաի տեղեկութիւնը, որ իբրեւ թէ հայոց եպիսկոպոսները ձեռնադրուելիս ի պատասխան կաթուղիկոսի հարցին` «Ընդունո՞ւմ ես Նիկիայի եւ 7 ժողովները», նա պատասխանում է. «Այո՛, ընդունում եմ»: Այսպիսի շինծու փաստերի դէմ խօսելը աւելորդ է:

 

Համառօտ խօսելով Շնորհալու դաւանաբանական խնդրի մասին, որը մեր ծրագրից եւ եկեղեցական իրաւունքի սահմանից դուրս էր, այժմ անցնենք բուն խնդրին, այն է` Շնորհալու եկեղեցական կարգադրութիւններին: Շնորհալու    արած  կարգադրութիւնները գլխաւորապէս ամփոփւում են «Ընդհանրականի» մէջ, որից կքաղենք եւ կանոնների կվերածենք բոլոր սահմանադրութիւնները: Բայց խնդիրն այս է, ունե՞նք իրաւաբանական հիմք ընդունելու Շնորհալու եկեղեցական կանոնները մեր եկեղեցական իրաւունքի աղբիւր, թէ ո՛չ. այս հարցը չծագեց Լուսաւորչի եւ Սահակի կանոնների վերաբերմամբ, որովհետեւ սրանց կանոնները ընդունուած եւ հաստատուած էին Շահապիվանի 447 թուի ժողովում Անմիջական, ժողովական հաստատութեամբ վճիռ այդ մասին չունենք, այսինքն, աւելի պարզ խօսելով, նրանից յետոյ եղած ժողովներում չի ասւում, թէ Շնորհալու կանոնները պիտի ընդունել իբրեւ եկեղեցական գործադրելի կանոններ եւ հնազանդել նրա կանոններին, այդպիսի վճիռը կլինէր միակ սանկցիան Շնորհալու կանոնները եկեղեցական իրաւունքի աղբիւր համարելու:

 

Այստեղ հարց է ծագում, արդեօ՞ք Հայոց եկեղեցու գործնականութեան մէջ, դարերի ընթացքում օրէնսդիր մարմին միայն եղել է ազգային ժողովը, թէ՞ ուրիշ մարմին էլ գոյութիւն է ունեցել: Հէնց Լուսաւորչից սկսած մեր եկեղեցու պատմութիւնը ցոյց է տալիս, որ ազգային ժողովների հետ զուգընթաց գոյութիւն է ունեցել եւ երկրորդ ոյժ, որի սահմանած կարգերը իբրեւ օրէնք գործադրուել են գոնէ առնուազը հրաման արձակողի կենդանութեան ժամանակ:

 

Այդ երկրորդ մարմինն է` Ամենայն հայոց հայրապետը: Լուսաւորիչ, իւր որդիք, Ներսէս Մեծ, Սահակ, մինչեւ 447 թիւը, բոլոր խնդիրները, կարգերը ժամերգութեան  հաստատութիւնը Սուրբ  Գրոց  թարգմանութիւնը եւ այլն, եւ այլն, բոլորը արել են ո՛չ պաշտօնական ժողովի միջոցով, հապա իրանց հրամանով եւ կարգադրութեամբ. բացի Ներսէսի` բարեգործական հաստատութիւններ սահմանող ժողովից: Միայն այս պիտի ի նկատի ունենալ, որ կաթուղիկոսները այդ կարգերը սահմանել են միշտ խորհրդակցութեամբ, եթէ ոչ մեծ, գոնէ փոքր ժողովով: Կաթուղիկոսների այդ կարգերը օրինականութիւն եւ յարատեւութիւն են ստանում երկու ձեւով` կամ ազգային ժողովի հաստատութեամբ, կամ բոլոր ազգի լուռ համաձայնութեամբ` առանց ժողովի: Այսպէս, օրինակ, Շահապիվանի 447 թ. ժողովում հաստատեցին բոլոր այն կանոնները, որոնք սահմանել են Լուսաւորիչ, Ներսէս եւ Սահակ ու Մեսրոպ, իսկ մինչեւ այդ ժողովի կողմից հաստատուելը վերոյիշեալ կաթուղիկոսների կարգերը կատարւում էին բոլոր ազգի լուռ համաձայնութեամբ, համարելով բոլորովին համաձայն Հայոց եկեղեցու ոգուն եւ ժողովրդի սովորութեան: Այդ ժողովից յետոյ Գիւտ, Յովհան Մանդակունի, Պետրոս Գետադարձ, Շնորհալի եւ այլք գրեցին շարականներ, երգեր, աղօթքներ, եւ բոլոր ազգը լուռ ընդունեց ու մտաւ եկեղեցական ժամերգութեան մէջ: Եւ ընդհակառակն, Եզր, Ներսէս Շինող, Վահան, Գրիգոր Անաւարզեցի ու հայոց թագաւորները եւ նախարարները բազաթիւ ժողովներ արին, վճիռներ կայացրին, կարգեր սահմանեցին, եւ ո՛չ մէկը չընդունուեց ազգի կողմից, ժողովուրդը ոչ միայն մերժեց վերջիններիս որոշումները, այլ եւ անհաւատարիմների շարքը դասեց: Պատահում է, որ անհաւատարիմ կաթուղիկոսների գրածները նոյն իսկ տիրող պետութիւնը մերժում է, իբրեւ ոչ ընդհանուրի դաւանածը ամփոփող փաստագիր. այդպէս էր Կարբեցու գրածը 1841-ի յուլիսի 31-ին, Նիկոլայ Կայսրին, որ «Հայստանեայց եկեղեցին ընդունելով 5, 6 եւ 7-րդ տիեզերական ժողովները, որոնք, որպէս յայտնի է, ընդունեցին եւ հաստատեցին Քաղկեդոնական ժողովի վճիռները, դրանով իսկ բնականապէս ընդունած է եւ յիշեալ ժողովը» (տե՛ս Ամենայն հ. կաթ., II հ., 1895 թ., 538 երես):

 

Այսպիսով՝ բացի ազգային ժողովներից, երկրորդ օրէնսդիր մարմին համարւում է Ամենայն հայոց հայրապետութիւնը միմիայն հետեւեալ սահմանափակումներով. ա) որ կաթուղիկոսների կարգադրութիւնները ընդունւում են ազգի կողմից, երբ լինում են համաձայն եւ համապատասխան Հայոց եկեղեցական աւանդութեան եւ հիմնուած հայոց եկեղեցական ժողովների սահմանադրութիւնների վրայ, այս պայմանից դուրս ոչ մի կաթուղիկոսի դրած կարգ չի ընդունուել ազգի կողմից:

Արդեօ՞ք  Շնորհալու  դրած կարգերը  այս  պայմանիս  համաձայն  են գրուած, թէ ոչ: Շնորհալու գրուածները ոչ միայն ընդունւում են, հապա իբրեւ սուրբ, պաշտելի հայրապետի գրուած` փայփայւում է բոլորի կողմից: Բոլոր մեր հետակայ հայրապետները, գրողները միշտ մի որեւէ խնդիր ապացուցանելու համար դիմում են Շնորհալուն: Շնորհալին այնքան լաւ է իմացել Հայոց եկեղեցու օրէնսդրութեան իրաւունքի` ում պատկանելը, որ իւր կարգերի մէջ նոր շատ քիչ բան է աւելացրել. եղած կանոնների համաձայն եւ նրանց սահմանների շրջագծով կարգադրութիւններ է արել. ա՛յդ խոստովանում է եւ ինքը «Ընդհանրականի» մէջ. «Գրով ձեռին մերոյ խօսիմք.... Ոչ զմեր ինչ բան, այլ զառաքելոցն եւ զմարգարէիցն եւ զվարդապետացն եկեղեցւոյ, երկրորդելով զբանից նոցա զօրութիւն ի լսելիս ձեր» (10 եր. ): Ամբողջ ազգի կողմից նրա սուրբ հրատարակուելը, եւ անտրտունջ մինչեւ այսօր Շնորհալու կարգադրութիւնների եւ դաւանութեան ընդունելը, Ներսէս Ե-ի վերոյիշեալ մեծ վկայութիւնը տալիս են մեզ իրաւունք Շնորհալու կանոնները մտցնելու Հայոց եկեղեցու իրաւունքի աղբիւրների մէջ, չմեղանչելով իրաւաբանական հիմունքների դէմ:

 

Շնորհալու «Ընդհանրականը» պարունակում է իւր մէջ բազմաթիւ կանոններ` բոլոր դասակարգերի համար կազմած խրատական եւ համոզական ձեւով գրած: Մենք կքաղենք դրանցից այն կանոնները, որոնք պատուիրում է Շնորհալին պահպանել եւ կատարել, թողնելով մեզ համար երկրորդական տեղ բռնող կտորները, այն է` երկար բացատրութիւնները, օրինակները եւ այլն, յարմարութեան համար թէ աշխարհաբարը, թէ գրաբառը համարների տակ դրեցինք, որոնք բնագրում բացակայում էին:

 

ա) Առ կրօնաւորս խարազնազգեացս՝ որ ի վանորայս

 

1. Աստուծոյ եւ մեր հրամանով, այս կանոնական օրէնքով պատուիրում եմ, որ (վանականները) կրօնաւորները, որոնք վանքերում եւ մենաստաններում են բնակւում, չթողնեն իրանց վանքերը եւ տեղափոխուեն քաղաքներ ու գիւղեր. աշխարհում ապրողները պիտի յետ դառնան վանք եւ իրանց ուխտի համապատասխան կեանք վարեն եւ ոչ դրսում ապրելով` գարշութեան, վատթարութեան, որովայնամոլութեան, արբեցութեան եւ անառակութեան մէջ ընկնեն: Քահանաներին խիստ պատուիրում եմ` այդպիսիներին, եթէ չզղջան, մեռնելիս ոչ հաղորդութեան եւ ո՛չ օրինաւոր թաղման արժանի անել:

 

2. Կրօնաւորներից շատերը այգեգործութիւն են անում գիւղացիների նման, որը հակառակ է սուրբ հայրերի պատուիրաններին: Որոնք, եթէ աշխարհում ժառանգութիւն, ստացուածք ունէին, թողնում էին եւ օրինադրում էին թողնել, նրանք հետեւում էին Քրիստոսին, որը մեծատուն մարդուն ասաց. վաճառիր ունեցածդ եւ եկ ետեւիցս: Իսկ այժմ ի՞նչ ենք տեսնում, աշխարհական ժամանակ աղքատ եղած եւ ամէն բանի կարօտ անձը կրօնաւորութեան օրով հարստութիւն ձեռք բերած, աշխարհային հեշտասիրութեան ետեւից ընկած, անհոգ եւ վատ կեանք է վարում: Նրանք պիտի Քրիստոսի Խաչը բռնած Պետրոս առաքեալի նման ամէն աշխարհային բան թողնեն եւ Աւետարանի պատուէրներին հետեւեն (տե՛ս Ա առ. 32, Աշտ. 6, Շահ. 15, Բ Դւ. 34, Սահ. 35, 38, Պարտ. 15, 7):

 

3. Վանքի ստացուածքների արդիւնքից պիտի բաժին հանուի աղքատներին, կարօտեալներին, տառապեալներին, գերեալներին, չմոռանալով այն խօսքը, որ ասում է. «Ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստուծոյ»:

 

4. Վանականները պիտի կերակրի, հագուստի մէջ չափաւոր եւ պարկեշտ լինեն, արբեցողները այդ կարգի մէջ չընդունուեն, որովհետեւ Պօղոս առաքեալի ասելով` սպանողները, շնացողները, արուագէտները, արբեցողները եւ այլն չեն կարող Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնը ժառանգել:

 

5. Կրօնաւորները որ վանքի միաբան եղան, նոյն տեղում էլ պիտի մնան եւ իրանց մարմնական պէտքերի համար տեղափոխութիւններ չանեն, որից առաջանում են անկարգութիւններ, գժտութիւններ:

 

6. Կրօնաւորը չպիտի գողութիւն, կծծութիւն անի, կամ ուրիշի փողը կտրի եւ չտայ. գողութիւնը տասնաբանեայ պատուիրանում սպանութիւնից եւ շնութիւնից յետոյ է գալիս:

 

7. Կրօնաւորը չպիտի բամբասի. եթէ ընկերի օգուտն է փնտռում, պիտի գնայ տունը եւ խրատի, եթէ չլսի` երկու-երեք վկայի ներկայութեամբ խրատի եւ երրորդ դէպքում եկեղեցում յանդիմանի, եթէ չուղղուի, այն ժամանակ իբրեւ հեթանոս համարուի եւ եկեղեցուց հեռացուի, ինչպէս Աւետարանն է պատուիրում:

 

բ) Առաջնորդս սրբոց ուխտից վանականաց

 

8. Վանքերի առաջնորդները (վանահայրերը) պիտի լաւ իմանան կրօնական գիտութիւնները, գործերով առաքինասէր լինեն, անբիծ, սուրբ, արդար: Նրանք պիտի խնամեն բոլոր կարօտեալներին, առաւել եւս ծերացած անդամներին եւ ուժասպառ միաբան կրօնաւորներին:

 

9. Եկեղեցիներին նուիրուած բոլոր եկամուտները վանահայրը իւր վրայ չպիտի ծախսի միայն, այլ եկեղեցու կարիքները պիտի հոգայ: Եթէ վանքը պարտքեր ունենայ նախորդի օրով մնացող, պիտի վճարի:

 

10. Մեծամեծներին կաշառելով ոչ ոք չհամարձակի վանքի առաջնորդութիւնը ձեռք բերել առանց թեմական եպիսկոպոսի քննութեան եւ հրամանի: Վանաց առաջնորդին կարելի է փոխել երկու պատճառով, առաջին՝ երբ Աստուծոյ օրինաց դէմ է գնում առաջնորդը եւ անարժան գործեր է կատարում, որոնք վկաներով հաստատւում են, եւ երկրորդ՝ երբ եկեղեցու ոչ թէ շինութեան, այլ աւերման պատճառ է դառնում:

 

 

գ) Առաջնորդս եկեղեցւոյ՝ որ են աշխարհի, որ կոչին եպիսկոպոսունք

 

 

11. Պօղոս առաքեալի` Տիմոթէոսին տուած պատուէրի համաձայն եպիսկոպոսը պիտի լինի հեզ, ցած, պարկեշտ, բարեսէր, արդար, սուրբ, ժուժկալ, մի՛ արծաթասէր, մի՛ կռուող, մի հարկանող (տե՛ս Սահ. 47, 49, 45, 46):

 

12. Շատ եպիսկոպոսներ, փոխանակ եկեղեցու տուրքերը բաժանելու աղքատներին, եղածը դիզում են եւ աշխարհի բռնակալներին նուիրում: Փոխանակ եկեղեցու կարգերի համեմատ առաջնորդ ընտրելու, դիմում են բռնակալ իշխաններին եւ նրանց օգնութեամբ եպիսկոպոս դառնում: Եթէ մինչեւ անգամ կաթուղիկոսի կարգադրութեամբ աթոռից հրաժարեցրած են լինում, այդպիսիները հակառակ եկեղեցու իշխանութեան՝ այլազգիների կաշառուած իշխանի օգնութեամբ աշխատում են բռնութեամբ յափշտակել եպիսկոպոսութիւնը:

Բացի այդ, նոյն իսկ կաթուղիկոսական աթոռը, որի վրայ բազմողը պիտի լինի «համօրէն ազգիս» ընտրութեամբ հրաւիրուած, կամենում են բռնակալների սատարութեամբ ձեռք ձգել: Այսպիսիներին եղբօրս` Գրիգորիս կաթուղիկոսի օրով եղած երկու հազար հինգ հարիւր անդամներից բաղկացած ժողովը նզովեց` եկեղեցուց հեռացնելով:

 

Շնորհալին վերջին կէտում ակնարկում է Աղթամարի Դաւիթ կաթուղիկոսին, որը կաշառքով եւ ինքնագլուխ Աղթամարում կաթուղիկոս ձեռնադրուեց 5 եպիսկոպոսի ձեռքով եւ Ամենայն հայոց հայրապետ հրատարակեց իրան: Գրիգորիս կաթուղիկոսը 1114-ին 2500 անձանց մասնակցութեամբ նզովեց Դաւթին եւ նրա գործակիցներին (տե՛ս Բ առ. 30, Դ Դւ. 10, Երուս. 7):

 

 

դ) Առ դասս քահանայից

 

 

13. Թէ եկեղեցում եղած, թէ պաշտամունքների կատարելու ժամանակ պէտք է քահանաները հոգեւորականի  տարազով լինեն` մաքուր հագնուած. ինչպէս լսում եմ` աշխարհականի շորով եւ կեղտոտ տրեխներով սեղան են բարձրանում եւ սուրբ խորհուրդը կատարում. եւ դրանով քահանային անվայել դիրք ստեղծում ժողովըրդի մէջ եւ խօսակցութիւնների տեղիք տալիս: Թէ պատարագ անելիս, թէ Աւետարան կարդալիս, խաչը բռնելիս, կամ սրբութիւնները ձեռքը վերցնելիս, պէտք է քահանան լինի շուրջառով եւ պահանջուելիք կարգով հագնուած:

 

14. Լսեցինք, որ քաղաքի քահանաներից շատերը պատարագից առաջ շրջում են քաղաքի վաճառափողոցներով` վաճառականութիւն, տուր եւ առ անելով եւ ամէն տեսակ մեղքեր անելուց յետոյ գալիս են եկեղեցի եւ ուրիշ քահանաների կազմած նշխարով պատարագ մատուցանում առանց օրհնելու եւ սաղմոս կարդալու: Պատուիրում եմ այդպիսիներին հեռու մնալ այդ չար սովորութիւններից եւ սրբութեամբ կատարել պաշտամունքները:

 

15. Ոչ մի քահանայ առանց խոստովանեցնելու եւ մեղքերին թողութիւն տալու հաղորդութիւն չտայ ոչ մէկին:

 

16. Քահանաներից ոչ ոք պատարագ չմատուցանի մինչեւ որ չհաշտուի նրանց հետ, որոնց դէմ ոխ, քէն ունի:

 

17. Եթէ քահանան մէկին բանադրել է, եւ նա հպարտութիւնից չի գալիս ներողութիւն եւ թողութիւն խնդրելու, քահանան կարող է պատարագ անել: Իսկ եթէ բանադրեալը կգայ ներողութիւն խնդրելու, քահանան որեւ է պատճառով ոխակալ է լինում եւ թողութիւն չի տալիս, սա չի կարող պատարագ մատուցանել:

 

18. Քահանաները միմեանց հետ կռիւ չպիտի անեն, խռովութիւն ձգեն, միմեանցից ծխականներ յափշտակեն` ագահութիւնից դրդուած, այլ սիրով եւ եղբայրութեամբ վարուեն միմեանց հետ:

 

19. Քահանան չպիտի լինի տգէտ եւ ծոյլ, նա պիտի իմանայ իւր կարգին վերաբերեալ բոլոր ուսմունքները: Ինչպէս լսել եմ, շատերը սաղմոսները կարդալ չգիտեն, պատարագի աղօթքները անգիր չգիտեն:

 

20. Մկրտութիւնը կատարել ամենայն զգուշութեամբ եւ սրբութեամբ, եւ ո՛չ վայրապար ծիծաղելի եւ կատակի խօսքեր խառնելով աղօթքների մէջ:

 

21. Քահանան նախ մկրտութիւն պիտի անի եւ ապա սուրբ պատարագ մատուցանի եւ մկրտուածին հաղորդի, ուստի մինչեւ պատարագը հաց պիտի չուտի եւ հաց կերած` մկրտութիւն չանի (տե՛ս Սսի 4):

 

22. Անհաւատ կանանց եւ մարդկանց ոչ ոք իրաւունք չունի կնքահայր հրաւիրելու, որովհետեւ անհաւատը չի կարող ի դէմս երախայի հաւատոյ դաւանութիւնը ասել:

 

23. Մկրտութեան (համար) կամ մեռնողին հաղորդութիւն տալու համար քահանան փող չպահանջի, ով կամենում է, կարող է՝ իբրեւ եկեղեցու նուէր, մի բան տայ. իսկ աղքատներին բռնադատել, ամենեւին չի կարելի (տե՛ս Սիս 11):

 

24. Պիտի մկրտել այն անհաւատ մանուկներին միմիայն, որոնք յետոյ իրանց հին կրօնին չպիտի դառնան, այլ մինչեւ վերջ քրիստոնեայ կմնան:

 

25. Ոչ ոք գաղտնի պսակ չանի (առանց ծնողների գիտութեան), գաղտնի պսակը անվայել է, անհաստատ է եւ ոչ օրինաւոր (տե՛ս Լուս. 8):

 

26. Կնաթող եւ այրաթող անձանց առանց կանոնական հրամանի չպիտի պսակել. եթէ ոչ` պսակը կլուծուի, եւ պսակադիրը կարգալոյծ կլինի: Իսկ եթէ կը յամառեն եւ չեն բաժանուիլ, նրանք պոռնկութիւն անող կը համարուեն:

 

27. Առեւանգներին չպիտի պսակել, որովհետեւ շատ անգամ մարմնական հաճոյք ստանալուց յետոյ մեծ ատելութեամբ բաժանւում են միմեանցից եւ իրանց յանցանքին կցորդ անում պսակադիրին (տե՛ս Անկ. 11, Բ առ. 67, Բարս. 12, 30, Շահապիվանի 7, Լաւ. 9, Լուս. 9):

 

28. Անմեղ տղաներին ժառանգութեան եւ կամ այլ պատճառով չպիտի պսակել, այլ հասակն առածներին, եթէ տղան 15-ը լրացրած եւ աղջիկը 12-ը լրացրած կամ էլ աւելի հասակում, որպէս զի գիտակցաբար լինի նրանց ամուսնութիւնը եւ ոչ անգիտութեամբ (տե՛ս Բ Դւ. 24, Սահ. 27):

 

Չափահասական տարիքը զանազան երկրներում զանազան տեսակ են որոշւում, նոյն իսկ մեր մէջ մեր եկեղեցական կանոններով տարբեր են, Ներսէս Ե-ն որոշել էր տղայի համար` 16-ը, իսկ աղջկայ համար` 13-ը լրացրած. պետական օրէնքը կովկասցիների համար որոշել է 15 եւ 13, պետական օրէնքը ո՛չ կովկասցիների, այսինքն Ռուսաստանի համար` 18 եւ 16, ինչպէս եւ Գերմանիայում: Ներսէս Ե-ի որոշումը, որ աղջիկը 14 տարեկան լինի, աւելի ընդունելի է առողջապահական տեսակէտից, քան Շնորհալունը:

 

29. Ոչ ոք չհամարձակի տղայի եւ աղջկայ կամքի հակառակ պսակ անել, այդպիսի պսակը անհաստատ է եւ լուծանելի, եւ պսակադիրը, եթէ բռնութիւնից մինչեւ անգամ ստիպուած արած լինի պսակը, էլի կպատժուի (տե՛ս Բարս. 42):

 

30. Մերձաւոր ազգակիցների մէջ պսակ լինել չի կարող, մինչեւ որ երկու կողմից չորս-չորս աստիճանը լրացած չլինի:

 

Կանոնս պահանջում է, որ 8-րդ աստիճանը լրացած լինի, եւ պսակուելու իրաւունք ունենան միայն 9 եւ 10 աստիճանները, կամ 8-րդը` 9-ի հետ: Սրանից առաջ դրուած էր Սսի կանոնը` մինչեւ 7-րդ աստիճանի արգելմամբ: Սսի ժողովի կանոնը դարձաւ ընդհանուր օրէնք հայերի համար (տե՛ս Ա առ. 33, Բ առ. 19, Բարսեղի 23, Աշտ. 1, Բարս. 68, Շահ. 12, 13, Պար. 16, Սսի 7, (Թադ. 32, Հարց. 10):

 

31. Քահանան պսակ պիտի անի առաւօտից մինչեւ ճաշը: Խմած մարդուն եկեղեցի թողնել չի կարելի, նոյնպէս եւ անառակ կանանց, որ պսակի օրհնութիւնը չաղտեղեն: Գուսանները նոյն միջոցին (պսակի) չերգեն: Բուն բարեկենդանից մինչեւ զատիկ, զատկից էլ մինչեւ պենտեկոստէն եւ բոլոր կիրակի օրերը պսակ անել չի կարելի (տե՛ս Ե Դւ. 3, 5, Լաւ. 59):

 

32. Քահանան չհակառակի Աստուծոյ օրէնքներին եւ եպիսկոպոսին, եւ միաբանելով այլազգիների հետ` չարտաքսեն եպիսկոպոսին ու իրանք օտարների օգնութեամբ ժողովրդի հրամանատարներ նշանակուեն առաջնորդական իրաւունքներով. այդպիսի քահանաները կարգալոյծ լինեն ու մեռնելիս հաղորդութիւն չստանան եւ քահանայական թաղման արժանի չլինեն (տե՛ս Երուս. 11):

 

33. Քահանան եւ ժողովուրդը եկեղեցական գործերի համար մարմնաւոր իշխանի մօտ չգնան գանգատուելու եւ դատաստան խնդրելու, այլապէս առաքելական եւ կանոնական հրամանի համեմատ կարգալոյծ կլինի:

 

34. Քահանան չպիտի աշխարհի կառավարութեան մէջ խառնուի եւ քաղաքի կամ գիւղի հոգաբարձու, կամ գաւառապետ, կամ հարկերի եւ սակերի գրող, կամ որեւ է աշխարհային գործակալութիւն անող լինի: Այդպէս վարուող քահանան կարգալոյծ պիտի լինի, կամ յետ կենայ այդպիսի զբաղմունքներից (տե՛ս Բ առաքելական 6, Սսի 17, Սահ. 22):

 

35. Լսում ենք, որ կան քահանաներ, որոնք ձիավարժութեամբ, զինավարժութեամբ, ձիարշաւներով, նետաձգութեամբ, որսորդութեամբ եւ այդպիսի գործերով են զբաղուած. պատուիրում եմ հեռու կենալ այդպիսի պարապմունքներից եւ մարմնաւոր զէնքերից ու սպառազինուել հոգեւոր զէնքերով:

 

36. Եթէ քահանան մէկին բանադրում է զանազան յանցանքների կամ պատուիրազանցութեան համար, ուրիշ քահանայ տգիտաբար այդ բանադրեալին չպիտի թոյլ տայ իւր եկեղեցին մտնելու, բոլոր քահանաները պիտի մերժեն նրան, մինչեւ որ չզղջայ մեղաւորը եւ թողութիւն խնդրելով բանադրանքը վերացնել տայ (տե՛ս Բ առ. 12, 13, Սարդ. 13, 14, Շահ. 18, Պար. 19):

 

37. Այս կանոնը ճշտութեամբ կատարուի եպիսկոպոսներից, եթէ բանադրողը եպիսկոպոս է:

 

38. Ամուրի  երիտասարդ քահանաներին  այս  պատուիրանն եմ  աւանդում, որ եթէ կամենում են իրանց հոգին ազատել մեղքերից, բամբասանքներից եւ արժանաւորապէս ս. խորհուրդը կատարել, պիտի կրօնաւորութեան մէջ մտնեն, որովհետեւ աշխարհում միշտ խօսալով, յարաբերութիւն ունենալով ըստ պաշտօնի կանանց հետ, նրանց խոստովանեցնելով եւ այլն, եւ այլն, անհնար է սրբութեամբ ծառայել Աստուծոյ. իսկ եթէ չի համաձայնում վանք գնալ, պիտի պատարագ չանի: Իսկ ծերունի քահանաները եթէ վստահ են իրանց անձի տոկունութեան եւ անարատ վարք ունենալուն վրայ, կարող են մնալ իրանց պաշտօնում՝ որքան կկամենան:

 

ե) Առ իշխանս՝ որ ըստ աշխարհի

 

Իշխաններին  ուղղած  խրատները  չեն  մտնում  եկեղեցական  կարգերի մէջ, որովհետեւ նրանց յանցաւորութեան դէպքում չեն ենթարկւում հոգեւոր դատաստանին եւ  պատժին այլ  մարմնաւոր  իշխանութեան Համառօտութիւնը այս է.

 

39. Մարդկանց մի՛ նեղէք, աղքատներին մի՛ զրկէք, չար եւ անիրաւ գործակալներ եւ գաւառապետներ մի՛ նշանակէք. անիրաւ դատաստան մի՛ անէք, վարձ մի՛ կտրէք. ծառաներին իրանց ստանալիքից մի՛ զրկէք. պասերը մի՛ լուծէք ձկնով եւ գինով, սուտ երդում մի՛ ուտէք:

 

զ) Առ դասս զինուորաց

 

Ինչ որ ասացինք «իշխանների» վերաբերմամբ, նոյնը կասենք եւ այս կանոններիս վերաբերմամբ: Համառօտ բովանդակութիւնն է.

 

40. Հնազանդ կացէք ձեր տէրերին, գլխաւորներին. պաշտօններդ սրբութեամբ կատարեցէք, գողութիւն, յափշտակութիւն մի՛ անէք, հոգեւոր զէնքերով սպառազինուեցէք, որ պատերազմում Աստուած ձեզ օգնական լինի:

 

է) Առ քաղաքականսդ

 

Համառօտութիւնը այս է.

 

41. Առեւտուր անող քաղաքացիքդ ուղղութեամբ արէք վաճառականութիւն եւ ո՛չ խաբեբայութեամբ. կշեռքի ու չափի մէջ արդար եւ խղճով վարուեցէք եւ ոչ ստելով ու խաբելով: Փողը շահով մի տաք, փոխ տուածը միայն յետ պահանջեցէք: Ձեր ունեցածից բաժին հանեցէք աղքատներին եւ կարօտեալներին:

 

ը) Առ երկրագործս եւ համօրէն ժողովրդականսդ

 

Համառօտ բովանդակութիւնն է.

 

42. Գնացէք  Աւետարանի  ետեւից վարեցէք  պարկեշտ  եւ  առաքինի կեանք. հեռու կացէք ծուլութիւնից, հարբեցողութիւնից, յիշոցներ տալուց. կրթեցէք ձեր որդիներին Աստուծոյ ճանապարհով, հէնց փոքրուց ուսում եւ կրթութիւն տուեցէք նրանց, որ բարի ժառանգներ լինեն: Սիրեցէք աղքատներին, տնանկներին, հիւրերին, հիւանդներին:

 

թ) Առ կանանց դասս

 

Համառօտութիւնը.

 

43. Կանայք, պարկեշտ եղէք, զանազան գոյներով երեսներդ մի ներկէք. կախարդութեան եւ դեղատւութեան ետեւից մի՛  ընկնէք հապա կատարեցէք ձեր պարտաւորութիւնները սրբութեամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղէք ձեզնից փոքրերին:

 

ժ) «Գիր շրջաբերական առաքեալ ի կողմանս արեւելից ի կարս՝ զկնի նորակերտ եպիսկոպոսի ուրումն... »

 

44. Եպիսկոպոս ձեռնադրեցի ձեր ընտրած եւ ձեր  վկայականով ուղարկած քահանային, հաւատալով ձեր վկայութեան` յանձնեցի նրան  առաքելական ձեռնադրութեամբ տրուելիք իրաւունքները (տե՛ս Սսի 1, Երուս. 9):

 

45. Կպահի նա Տիրոջից հրամայուած կանոնը (պոռնկութեան) մարդու եւ կնոջ անբաժանելի կենակցման մասին: Բացի պոռնկութեան եւ ս. հայրերի կանոններում գրած պատճառներից, ուրիշ ոչ մի բանի համար չի կարելի արձակել կինը. լսում ենք, որ արեւելեան եպիսկոպոսներից ոմանք, արհամարհելով Աստուծոյ օրէնքը, անխտրաբար բաժանում են ամուսիններին կուրացուցիչ մամոնայի պատճառով: Ինչպէս արձակողն է ըստ Յիսուսի խօսքին, շնութիւն անելու պատճառ դառնում, նոյնպէս եւ արձակելու հրաման տուողը շնութեան մեղսակից է լինում (տե՛ս Բարս. 9, 31, Շահ. 4, 5. Սսի 14, Հարց. 7, Լուս. 23):