Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

29) ԲԱՐՍԵՂ ՄԵԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (370-378 ԹԹ. )

 

Մեր կանոնագրքերում Բարսեղ Մեծին վերագրած կան 51 կանոն եւ ապա 271 կանոն, ընդամէնը՝ 321, այսպիսի վերտառութեամբ. «Գիր կանոնական. առ սուրբն Ակիւղիքոս (=Ամփիւղոքոս Խմբ. ) յԻկոնացւոց եպիսկոպոս. բանս ԾԱ»: Սլաւոնական «Комчая книга»-ում, բացի ընդունուած 92 կանոններից, կան եւ ուրիշ կանոններ մեղքերի եւ վանականութեան վերաբերեալ: Յունա-սլաւոնականի վերնագիրն է՝ «Մեր սուրբ հայր, Կապադովկիայի Կեսարիայի արքեպիսկոպոս Բարսեղի առաջի կանոնական թուղթը Իկոնիայի եպիսկոպոս Ամփիւղոքոսին»: Մեր կանոնագրքերի կանոնների եւ իսկականի բովանդակութիւնը նոյն է, բայց մերոնց թարգմանութիւնը այնքան վատ է, խառնաշփոթ, աղաւաղած, որ անկարելի է հասկանալ առանց օտար ձեռնարկի: Բացի դրանից, մեր կանոնագրքերում ահագին քանակութեամբ կանոններ է, որ այս ու այն սբ հօր են յատկացրած.

Բարսեղին տրուած են 321 կանոն, այնինչ իրենք` յոյները, եւ օտար Եկեղեցիները 92-ից աւելի չեն վերագրած, իսկ Սքոլաստիկոսին միայն 68 կանոն է յատկացրած: Մեր Յովհան Մանդակունուն տրուած են 100-ից աւելի՝ ամէն տեսակ խառնուրդ ունեցող կանոններ, որոնք ամենեւին գրուած չեն եղել նրա ձեռքով: Աթանասին վերագրում են յոյները եւ օտար Եկեղեցիք 3 կանոն` քաղուած մի քանի կանոնական թղթերից, մեր կանոնագրքերում նրան վերագրած են 88 կանոն: Այնպէս որ, մեր կանոնագրքերը լի են ամէն տեսակ անվաւեր կանոններով, որոնցով առաջնորդուել չի կարելի: Այս ի նկատի ունենալով` Բարսեղ Մեծին կը վերագրենք մեր կանոնագրքերից այն ինչ որ իսկապէս նրան է յատկացւում, այն է` 92 կանոն, եւ կը քաղենք այն աղբիւրներից, որոնք համարւում են վաւերական բոլոր Եկեղեցիների կողմից (տե՛ս Опыт ц. з. Иоанна 1851, II; Правила св. отец... с толкованиями, որտեղ յունարէն բնագրի հետ դրուած է եւ սլաւոներէնը, եւ՝ Творения Василия великаго։

 

1. Հները հերետիկոս համարում էին ուղիղ հաւատից բոլորովին հեռացածներին, հերձուածող համարում էին զանազան հարցերում տարբեր կարծիք ունեցողներին, իսկ ինքնագլուխ ժողովարան կազմողներն էին ապստամբ հոգեւորականներ եւ ժողովրդականք, որոնք պառակտում էին մի որեւէ եպիսկոպոսի հօտը: Աղանդաւորների կամ հերետիկոսների մկրտութիւնը չի ընդունւում, իսկ հերձուածողներինը, եթէ կը զղջան, ընդունւում է, նոյնպէս եւ ձեռնադրութիւնը:

2. Գիտակցաբար արգանդի պտուղ ոչնչացնողը ենթարկւում է մարդասպանի պատժին: Իսկ նկարուած է, թէ աննկար պտուղը՝ այդ ճշտութեամբ չի փնտռւում: Մեղաւոր կինը այս դէպքում պատժւում է ո՛չ միայն պտուղը ոչնչացնելուն համար, այլեւ իւր կեանքը վտանգի ենթարկելուն համար. շատ է պատահում, որ իրենք էլ մեռնում են դրանից: 10 տարուայ ապաշխարանքը բաւական է դրանց ուղղել տալու համար, որովհետեւ ժամանա՛կը չէ ուղղողը, այլ սրտանց զղջումը:

 

Իբրեւ նմուշ մեր կանոնագրքերի աղաւաղ գրութեան` բերում եմ միայն այս նախադասութիւնը իբր օրինակ. «Եթէ ոք ապականեսցէ զէգ յանկարծօրէն» դրուած է «Գիտակցաբար արգանդի պտուղ ոչնչացնողը» նախադասութեան փոխարէն:

 

3. Մեղանչող սարկաւագը կարգալոյծ է լինում եւ աշխարհական դառնում, բայց եկեղեցուց չի մերժւում (տե՛ս Նէո. 10, Լաւ. 20):

 

4. Եռապսակների եւ բազմապսակների համար կանոն սահմանեցինք, ինչպէս երկապսակների: Երկապսակներին հեռացնում են եկեղեցուց մի տարով, ոմանք` 2 տարով, եռապսակներին` 3 տարով, շատ անգամ` 4 տարով: Եւ այսպիսի ամուսնական կապը համարում են ոչ պսակ, այլ բազմակնութիւն կամ անառակութիւն: Ինչպէս Քրիստոս սամարացուն ասաց, թէ՝ «Հինգ մարդ փոխել ես, այժմեանը քո մարդը չէ» (Յովհ. Դ 18), որ նշանակում է, թէ երկրորդ պսակի սահմանից անցնողը արժանի չէ ամուսին կոչուելու: Մենք, հետեւելով ո՛չ կանոնին, այլ մեր նախորդների օրինակին, եռապսակներին 5 տարուայ ապաշխարանքի ենք ենթարկում: 3 տարի ունկնդիրների հետ կանգնեն եւ ապա հաւատացեալների եւ յետոյ հաղորդուեն զղջալուց յետոյ (տե՛ս Նէո. 7, Լաւ. 1):

 

5. Մահամերձ զղջացող հերետիկոսին պիտի ընդունել:

 

6. Աստծուն նուիրուած կոյսերի անառակութիւնը պսակով չպիտի միաւորել, այլ բոլորովին պէտք է լուծել նրանց ապօրինի կապը. Եկեղեցու հաստատութեան համար այդ է օգտաւէտ համարւում առ. 26):

 

7. Արուագէտները, անասնագէտները, մարդասպանները, շնացողները, թունաւորողները, կռապաշտները միեւնոյն պատժին են ենթարկւում: 30 տարի այդպիսի  անմաքրութիւնների  համար  զղջացողներին  առանց տատանուելու պիտի ընդունել (տե՛ս Անկ. 16, 17):

 

8. Ակամայ սպանութիւն համարւում է այն, երբ հակառակ կամ առանց իւր կամքի է կատարւում, օրինակ` քար են ձգում ծառին կամ պտղին, կամ շատ են կամենում խփել եւ մարդու է կպչում ու սպանում. նոյնպէս եւ անձնապաշտպանութեան համար հակառակորդին խփում եւ սպանում ես: Բայց երբ կրքով կուրացած՝ պաշտպանողականից յարձակողական դիրք կը բռնես եւ կը սպանես մէկին, այդ կը լինի կամաւոր սպանութիւն: Կամաւոր սպանութիւն է, երբ մարդը նախամտածած կերպով կամ իւր ազատ կամքով կը սպանի մէկին. կանայք շատ անգամ առ նախանձու դեղով սպանում են իրենց մերձաւորներին եւ սիրելիներին. սրանք կամաւոր մահապարտների շարքին են պատկանում (տե՛ս Անկ. 22, 23):

 

9. Տիրոջ խօսքի համաձայն` կարելի է արձակել միայն «վասն բանի պոռնկութեան» (Մատթ. Ե 32, ԺԹ 9). այդ խօսքը պիտի վերաբերէր թէ՛ մարդուն, թէ՛ կնոջ, բայց սովորութեան մէջ այդպէս չէ. երբ մարդը անառակ է, կնոջը պատուիրւում է մարդու մօտ մնալ, բայց եթէ կինը անառակ է, մարդուն թոյլատրւում է արձակել:

 

Կարթագենի ժողովը թոյլ է տալիս մարմնաւոր իշխանութեան դիմել կինը արձակելու ժամանակ հակառակութեան կամ դիմադրութեան հանդիպելիս:

 

Յուստինիանոսի եւ այլ քրիստոնեայ թագաւորների օրէնքներով՝ կնոջը կարելի է արձակել 5 դէպքում. 1) եթէ ամուսիններից մէկը սպանութեան փորձ է անում միւսի վրայ, 2) ապացուցուած անհաւատարմութեան համար, 3) ամուսնական կենակցութեան անընդունակութեան համար, 4) ամուսիններից մէկի քրէական ծանր յանցանքներում մեղադրուելուն համար, որի հետեւանքը լինում է աքսոր կամ տաժանակիր աշխատանք:

 

10. Չձեռնադրուելու երդումն անողին չպիտի ստիպել, որ երդմնազանց լինի:

 

Բարսեղի  այս  կանոնը  վերաբերում  է  մասնաւոր  դէպքի որի  համար հարցով դիմել են նրան:

 

11. Ակամայ սպանութիւն անողի համար 11-ամեայ ապաշխարանքը բաւարար պիտի համարել (տե՛ս Անկ. 23):

 

12. Կանոնները երկապսակներին արգելում են եկեղեցու սպասաւոր լինել (տե՛ս Բ առ. 17, 26, Անկ. 10):

 

13. Պատերազմում եղած սպանութիւնը, ինչպէս մեր հայրերը սահմանեցին, չհամարել սպանութիւն, բայց ձեռքերը սրբելու համար լաւ է 3 տարուայ ապաշխարանքի ենթարկել եւ ապա թոյլ տալ սպանութիւն կատարողներին հաղորդուելու:

 

Կանոնումս  ակնարկում  է   Աթանասի`  Ամմուն   վանականին  գրուած թուղթը: Յունաց մէջ, ըստ վկայութեան Բալսամոնի եւ Զոնարասի, այս կանոնս գործադրութիւն չգտաւ:

 

14. Անարդար կերպով վաշխ առնողը, եթէ վաշխը կը բաշխի աղքատներին եւ կ’որոշի շահասիրական գործերով չպարապել, կարող է հոգեւորական դառնալ:

 

15. Որ Սբ Գրքի մտքի բովանդակութիւնը բառացի չպէտք է հասկանալ երբեմն, այլ աւելի լայն մտքով. սա կանոն չէ, հապա պատասխան իրեն դիմող եպիսկոպոսին մի քանի մասնաւոր խնդիրների վերաբերմամբ:

 

16. Սա էլ կանոն չէ, հապա խրատ է տալիս իւր բարեկամ եպիսկոպոսին, թէ ուշադիր կարդա՛ Սբ Գիրք եւ կը գտնես հարցերիդ պատասխանը:

 

17. Մասնաւոր դէպքերի մասին խորհուրդ է տալիս. կանոն չէ:

 

18. Կոյսերը, որոնք մի անգամ խոստացել են նուիրել իրենց Քրիստոսին, եթէ մարմնաւորական ախտի մէջ կ’ընկնեն, անարգում են այն ուխտը, որ դրել են Աստուծոյ հետ. դրանց մեղանչումը աւելի չար է, քան արիւնը, ինչպէս Պօղոս առաքեալը Տիմոթէոսին է գրում Տիմ. Ե 11): Այդպիսի կոյսը շնացողի պատժին է ենթարկւում: Կոյս դարձողը պիտի հասուն խելքով վճռի իւր արածը եւ փորձով ստուգի, թէ կարո՞ղ է տանել այդ ուխտի որոշումը. առնուազն 16 եւ 17 տարեկանից անց պիտի լինեն, որ նրանց հնար լինի ընդունել կոյսերի դասը:

 

19. Ուխտական մարդիկ ասելով հասկանում ենք վանականները, որոնք կուսակրօն կեանք վարել են ցանկանում: Նրանցից պարզ եւ որոշ խոստում պիտի առնել միշտ կուսակրօն մնալու. ով կը մեղանչի, անառակների պատժին կ’ենթարկուի (տե՛ս Բ առ. 25, Նիկ. 9, Նէո. 8):

 

20. Հերետիկոս եղած ժամանակ եթէ մէկը խոստացել է կոյս մնալ եւ ապա մարդու է գնում, դատապարտութեան չի ենթարկւում:

 

21. Ամուսնացած մարդը եթէ ուրիշ կնոջ հետ յարաբերութիւն կ’ունենայ, անառակութիւն արած կը համարուի եւ երկար ապաշխարանքի կ’ենթարկուի: Կինը այդպիսի մարդուն չպիտի արձակի. բայց մարդը եթէ անարատ է, մեղանչող կնոջ կարող է արձակել. թէ ինչո՛ւ երկուսի համար հաւասար չէ օրէնքը, չեմ իմանում, սովորութիւնը այդպէս է:

 

22 Առեւանգած  կանանց  հետ  ապրողները  կամ  նշանուած  աղջիկներ փախցնողները ապաշխարանքի կ’ընդունուեն այն ժամանակ միայն, երբ թոյլ կը տան, որ իրենց կանայք ազատ ընտրութիւն անեն առաջին նշանուած մարդուն գնալու համար: Եթէ առեւանգած աղջիկը նշանուած չէ, եւ աղջկան յետ դարձնելուց յետոյ, ծնողները համաձայնութիւն կը տան, կարող է առեւանգողը ամուսնանալ աղջկայ հետ: Առեւանգողը եւ կամ ծածուկ կամ բռնութեամբ լլկողը անառակների պատժին է ենթարկւում, այսինքն 4 տարուայ ապաշխարանքի: Առաջ լացողների հետ կանգնեն, ապա ունկնդիր լինեն եւ ապաշխարելուց յետոյ թոյլտւութիւն ստանան հաղորդուելու (տե՛ս Բ առ. 67, Անկ. 11):

 

23. Երկու քրոջ կին վերցնողը կամ երկու եղբօր հետ ամուսնացողը, կամ երկու եղբօր կին առնողը, ապաշխարանքի կ’ընդունուեն միայն բաժանուելուց յետոյ:

 

24. Այրին, որը նպաստ է ստանում Եկեղեցուց իբրեւ այրեաց դասին պատկանող, եթէ մարդու գնայ, արհամարհանքի է արժանի Տիմ. Ե 11): 60 տարեկան այրին եթէ ցանկանայ էլի մարդու հետ ապրել, թող զրկուի Հաղորդութիւն առնելուց, մինչեւ որ կը բժշկուի անմաքուր կրքից: Եթէ 60 տարեկանից առաջ այրեաց դասը մտցնենք այդպիսի կանանց, մեղաւորը մենք ենք եւ ո՛չ նրանք:

 

25. Եթէ մէկը պսակից առաջ յարաբերութիւն կ’ունենայ իւր կնոջ հետ, թող ապաշխարանքի ենթարկուի եւ ապա՛ կենակցի կնոջ հետ:

 

26. Առանց պսակի, անառակութեամբ ապրողները բաժանուեն, եթէ հնար է. եթէ ո՛չ՝ թող անառակի պատժին ենթարկուեն եւ ապա ամուսնանան:

 

27. Անգիտութեամբ անկանոն պսակ ունեցող քահանան, թո՛ղ իւր քահանայական պատիւը պահի, բայց քահանայագործութիւն չանի:

 

Անկանոն պսակ ասելով պիտի հասկանալ անարժան անձի հետ մտած ամուսնութիւն, երբ կինը վատ վարք է ունեցել, անարգներից է եւ այլն, որպիսի պսակը համարւում է հակառակ քահանայական ընտանիքի մաքրութեան գաղափարին:

 

28. Այս կանոն չէ, այլ մի մասնաւոր դէպքի մասին խօսակցութիւն, որ առաջացել է մի մարդու` խոզի մսից իսպառ հրաժարուելու ուխտ անելուց:

 

29. Այս եւս կանոն չէ, այլ խրատ է գլխաւորութիւն անող անձանց, որոնք երդուել են անաչառ վարուել իրենց ստորադրեալների հետ եւ չեն պահում իրենց երդումը:

 

30. Առեւանգողների մասին հին կանոն չունինք, ես իմ կարծիքս եմ միայն յայտնում դրա վերաբերմամբ, թէ նրանք եւ թէ նրանց օգնողները 3 տարով ապաշխարանքի  ենթարկուեն  դրսում  կանգնելով`  առանց  աղօթքին  մասնակցելու: Եթէ առեւանգութիւնը կատարուել է առանց բռնութեան, առանց գողութեան եւ առանց մեղանչման, պատիժ չի որոշւում (տե՛ս Բ առ. 67, Անկ. 11):

 

31. Կինը, եթէ անյայտութեան մէջ եղող ամուսնու մահուան մասին առանց հաստատ տեղեկութիւն իմանալու կ’ամուսնանայ, շնութիւն գործած կը լինի:

 

32. Հոգեւորականները եթէ մահացու մեղք կը գործեն, թող զրկուեն իրենց կարգից եւ իբրեւ աշխարհական եկեղեցի մտնեն:

 

33. Ճանապարհին ծնուող երեխային թողնող մայրը մարդասպանի պատժին է ենթարկւում:

 

34. Եթէ իրենց խոստովանութեամբ կամ այլ կերպ կը յայտնուի, որ կինը շնութիւն է արել, թող հաղորդուի միայն այն ժամանակ, երբ ապաշխարանք կը կրի  որոշ  ժամանակով:

 

35. Եթէ կինը առանց պատճառի կը թողնի մարդուն, պատժի կ’ենթարկուի:

 

36. Զինուորների կանայք, եթէ չսպասելով իրենց ամուսինների վերադարձին, մարդու կը գնան, նոյն պատժին կ’ենթարկուեն, ինչ որ նշանակուած է 31րդ կանոնում. այստեղ միայն թեթեւ զիջողութիւն լինի, որովհետեւ մահուան առիթներ շատ են պատահում:

 

37. Ուրիշի կնոջ հետ ապրող ամուսնացած մարդը շնութիւն արած կը համարուի եւ կը մեղադրուի:

 

38. Եթէ աղջիկը առանց հօր թոյլտւութեան մէկին գնայ, պոռնկութիւն արած կը լինի: Եթէ կը հաշտուի հօր հետ, թող երեք տարի ապաշխարի, ապա հաղորդուի:

39. Շնացողի հետ ապրող կինը շնացող է կենակցութեան բոլոր ժամանակը:

 

40. Եթէ աղախինը հակառակ տիրոջ կամքին մարդու կը գնայ, պոռնկութիւն արած կը համարուի. եթէ տէրը ների եւ յօժարութիւն ցոյց տայ, նրանց կենակցութիւնը  կը  համարուի  օրինաւոր առաջին  դէպքում  անառակութիւն  է, երկրորդ դէպքում` պսակ:

 

41. Այրին ում կամենայ, կարող է նրան գնալ. ամուսնու մահը իրաւունք է տալիս  մարդու  գնալ  ազատօրէն:

 

42. Ակամայ պսակը անառակութիւն է. պսակուողները հօր  կամ տիրոջ համաձայնութիւնը պիտի ստանան միշտ, որ պսակը հաստատուած համարուի:

 

43. Մերձաւորին մահացու հարուած տուողը սպանող է:

 

44. Սարկաւագուհին եթէ յարաբերութիւն ունեցաւ հեթանոսի հետ, Հաղորդութիւն կ’առնի միայն եօթներորդ տարում, եթէ մաքրութեամբ կ’ապրի:

 

45 Քրիստոնեան  եթէ  կ’անարգի  Քրիստոսին նրա  հաւատացեալ կոչուելը անօգուտ  է:

 

46. Եթէ անգիտութեամբ մէկը ամուսնացած մարդու կը գնայ, որի կինը հեռանալուց յետոյ էլի կը վերադառնայ այդ մարդու մօտ, լաւ կը լինէր, որ այդ օտար կինը առանց մարդու գնալու մնար, թէեւ կարող է ամուսնանալ ուրիշի հետ:

 

47. Էնկրատիտները, սակօֆօրները եւ ապոտակտիտները նոյն դատապարտութեան են ենթարկւում, ինչպէս եւ նովատեանք. մենք բոլորին էլ կրկին մկրտում ենք, թէեւ մեր մէջ, ինչպէս եւ հռոմայեցոց մէջ, կրկնակնունքի սովորութիւն չէ ընդունուած: Նրանց աղանդը մարկիոնականների նման արհամարհում է ամուսնութիւնը, գինին, այդ պատճառով առանց մկրտելու նրանց չենք կարող ընդունել Եկեղեցի, որովհետեւ նրանք չեն մկրտուած «յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» եւ Աստծուն չարութեան ստեղծող են համարում (տե՛ս Նիկ. 19, Պոլ. 1, 7, Եփ. 1, 2, 3, Լաւ. 7, 8):

 

48. Մարդուց թողնուած կինը, իմ կարծիքով, պիտի անամուսին մնայ:

 

49. Բռնութեամբ լլկուած կինը մեղադրանքի չի ենթարկւում, նոյնպէս տիրոջից  բռնաբարուած  ստրկուհին:

 

50. Եռամուսնութեան համար օրէնք չկայ, եռամուսնութիւնը օրէնքով չի թոյլատրւում: Այդպիսի գործողութիւնների վրայ նայում ենք ինչպէս անմաքրութեան  վրայ  Եկեղեցու  մէջ բայց  հասարակական դատապարտութեան չենք ենթարկում:

 

51. Եկեղեցու ստորին պաշտօնեաները, լինեն աստիճաններ ստացած կամ չստացած, բոլորի համար անխտիր կանոնը հրամայում է ծառայութիւնից զրկել, երբ կը մեղանչեն (տե՛ս 32 կանոնը):

 

52. Ճանապարհին նորածին մանկան ձգողը կը դատուի իբրեւ մարդասպան. եթէ այդ արել է ակամայից, հակառակ կամքի, զիջողութեան արժանի է:

 

53. Այրիացած ստրկուհին կարող է երկրորդ ամուսնութեան մէջ մտնել երկապսակների   ապաշխարանքին   ենթարկուելով:

 

54. Կամաւոր սպանութեան մասին գրել եմ, նոր ոչինչ չեմ աւելացնում:

 

55. Աւազակները մերժւում են սբ Հաղորդութիւնից. եթէ դրանք հոգեւորականներ են, կարգալոյծ են լինում:

 

56. Կամաւոր սպանութիւն կատարողը եւ զղջացողը 20 տարի առանց Հաղորդութեան մնայ, 4 տարի` լացողների, 4 տարի` ունկնդիրների, 7 տարի` ներսի ունկնդիրների եւ 4 տարի` հաւատացեալների հետ կանգնի եւ ապա՛ հաղորդուի:

 

57. Ակամայ սպանութիւն կատարողը 10 տարի Հաղորդութիւն չառնի, 2 տարի լայ, 2 տարի դրսի եւ 4 տարի ներսի ունկնդիր լինի, 1 տարի էլ հաւատացեալների հետ կանգնի եւ ապա՛ հաղորդուի:

 

Ապաշխարողներից՝ 1) լացողները դրսում կանգնած, լացով, կոծով պիտի ապաշխարէին իրենց մեղքերը եւ թողութիւն հայցէին. 2) դրսի ունկնդիրները եկեղեցուց դուրս՝ դռան մօտ կանգնած պիտի լսէին երգերը եւ ընթերցումը եւ եկող-գնացողին խնդրէին իրենց համար աղօթք անել. 3) ներսի ունկնդիրները կամ «ընդ ձեռամբ» եղողները եկեղեցու ներսում էին կանգնում, աղօթում եւ լսում բոլոր ընթերցումները եւ խնդրում քահանաներին ձեռքերը գլխին դնելով` մեղքերին թողութիւն տալ. սրանք մինչեւ Աւետարանը կարող էին մնալ եւ դուրս գալ եկեղեցուց. 4) հաւատացեալների հետ կանգնել, միասին աղօթել, Աւետարանը լսել իրաւունք ունէին 4-րդ կարգի ապաշխարողները եւ դուրս էին գալիս առանց Հաղորդութիւն ստանալու «Մի՛ ոք յերախայից... »-ից յետոյ. 5) թոյլ էր տրւում արդէն հաղորդուել:

 

58. Շնութիւն անողը 15 տարի Հաղորդութիւն չառնի՝ հետեւեալ աստիճաններով ապաշխարելով. 4 տարի լացող, 5 տարի դրսի ունկնդիր, 4 տարի՝ ներսի, 2 տարի հաւատացեալների հետ կանգնի (տե՛ս Անկ. 20, Կես. 2):

 

59 Անառակութիւն  անողը  7  տարի Հաղորդութիւն  չառնի  (2  տարի, 2 տարի, 2 տարի, 1 տարի):

 

60. Կոյս լինելու խոստում անողը եթէ երդմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկուի. նոյն պատժին ենթարկուեն կուսակրօնութեան խոստում տուողները (տե՛ս 18 կանոնը):

 

61. Մի բան գողացողը եթէ զղջայ, 1 տարի չհաղորդուի, եւ եթէ բռնուի ու հաստատուի այդ բանը, 2 տարի չհաղորդուի:

 

62. Արուագէտի համար նշանակւում է այնքան ժամանակ ապաշխարանք, որքան շնութեան համար էր որոշուած (տե՛ս 58 կանոնը):

 

63. Անասնագէտը եթէ խոստովանի մեղքը, նոյնքան ժամանակ ապաշխարի:

 

64. Երդմնազանցը 10 տարի ապաշխարի:

 

65. Կախարդութեան, թունաւորելու մէջ մեղադրուողը սպանողի պատիժը կրի (տե՛ս Անկ. 24, Կես. 8, Լաւ. 36):

 

66. Գերեզման բացող եւ կողոպտողը 10 տարի ապաշխարի:

 

67. Եղբօր եւ քրոջ [իրար հետ] մեղանչումը մարդասպանի յանցանքին հաւասարի եւ նրա պատիժը կրի:

 

68. Չհաս պսակով ամուսնացողները շնացողի պատիժը կրեն:

 

69. Գրակարդացը, եթէ իւր նշանածի հետ պսակից առաջ կը մեղանչի, մի տարի պաշտօնից հեռացնելուց յետոյ կ’ընդունուի, բայց բարձր աստիճաններ չի ստանալ: Եթէ առանց նշանուելու ծածուկ կը մեղանչի, սպասաւորութիւնից թող զրկուի. նոյնպէս եւ կիսասարկաւագը:

 

70. Սարկաւագը եթէ համբուրելով միայն կը մեղանչի եւ կը խոստովանի, քահանայագործութիւն չանի, բայց ընկերների հետ հաղորդուի: Նոյնպէս եւ քահանան: Իսկ եթէ դրանից աւելի մեղք կը գործեն, ինչ աստիճանում որ լինեն, թող կարգալոյծ լինեն:

 

71. Վերոգրեալ մեղքեր գործողը եթէ մեղսակիցներ կ’ունենայ եւ սրանք չեն խոստովանիլ, այլ ուրիշների միջոցով այդ բանում արած յանցանքները կը հաստատուեն, այդպիսի մեղսակիցները կ’ենթարկուեն նոյն պատժին, որին ենթարկւում են իսկական գործողները:

 

72. Կախարդութիւն եւ նման բաների անձնատուր եղողը սպանողի պատիժը կրի:

 

73. Քրիստոսին ուրացողը եւ սբ Հաղորդութիւն չառնողը (մերժողը) մինչեւ մահ լացող լինի եւ մեռնելիս միայն հաղորդուի:

 

74. Վերոյիշեալ մեղքեր գործողները սրտով եւ ջերմեռանդութեամբ եթէ կը զղջան, նրանց ապաշխարանքի միջոցը պիտի կարճացնել:

 

75. Հօրաքրոջ կամ մօրաքրոջ հետ մեղանչողը եկեղեցի չմտնի, մինչեւ որ յետ կը դառնայ յանցանք կատարելուց. եթէ կը զղջայ, 10 տարի ապաշխարի. 3 տարի` լացողների, 3 տարի` դրսի ունկնդիրների, 3 տարի` ներսի ունկնդիրների, տասներորդ տարին հաւատացեալների հետ կանգնի եւ ապա հաղորդուելու իրաւունք ունենայ:

 

76. Նոյն պատիժը կրի իւր հարսի (տղայի կնոջ) հետ մեղանչողը:

 

77. Կնոջը թողնողը եւ ուրիշի հետ ապրողը շնացողի պատժին ենթարկուի:

78. Նոյն պատիժը կրի երկու քրոջ հետ ապրողը, թէկուզ տարբեր ժամանակներում:

 

79. Խորթ մօր հետ մեղանչողը քրոջ հետ մեղանչողի պատիժը ստանայ:

 

80. Հայրերը լռել են, բազմամուսնութեան մասին ոչինչ չեն ասել իբրեւ անասնական եւ մարդկային ցեղին չվերաբերող գործ. այս յանցանքը անառակութիւնից ծանր եմ համարում. դրա համար այդպիսի մարդուն պիտի ապաշխարել տալ այսպէս. մի տարի` լացողների, 3 տարի` ներսի ունկնդիրների հետ եւ ապա ընդունել եկեղեցի հաւատացեալների հետ:

 

81. Բարբարոսների ժամանակ հաւատացեալները եթէ ստիպմամբ են հաւատուրաց եղել, 8 տարի ապաշխարեն, իսկ որոնք առանց որեւէ մի ճնշման են դաւաճանել Աստծուն, 11 տարի ապաշխարելուց յետոյ ընդունուեն հաղորդուողների շարքում:

 

82. Երդմնազանց եթէ եղել են ստիպմամբ, 6 տարի ապաշխարեն, իսկ եթէ առանց ճնշման են երդման դրժել, 11 տարի ապաշխարեն:

 

83. Որոնք կռապաշտական կարգերին են հետեւում եւ իրենց տներում զանազան կախարդական նիւթեր պատրաստելով՝ մարդկանց հրապուրում են եւ մոլորեցնում, 6 տարուայ ապաշխարանքի թող ենթարկուեն:

 

84. Ով չի լսում մեզ եւ մեր նշանակած ապաշխարանքներին չի ենթարկւում, նրանց հետ գործ չունինք, նրանց տէրը իրենք են:

 

85. Մենք այդպիսիների օրինակին չպիտի հետեւենք, հապա մեր հոգու փրկութեան վրայ պիտի մտածենք:

 

86. Էնկրատիտների հարցին, թէ ինչո՛ւ մենք ամէն տեսակ միս չենք ուտում, շատ պարզ է, որովհետեւ գործ ենք ածում այն միսը, որ օգտակար է, մերժում ենք այն կենդանու միսը, որը օգտաւէտ չէ:

 

87. Կնոջ քրոջ հետ ամուսնանալ չի կարելի (երկար բացատրում է):

 

88. Գրիգոր քահանային գրում է Բարսեղ Մեծը կամ արձակել իւր կենակցուհուն, կամ կարգազուրկ լինել: (Երկար խօսում է հոգեւորականների՝ կենակցուհի պահելու անկանոնութեան եւ ապօրինութեան մասին):

 

89. Երկար խրատում է, որ հոգեւորական դարձողը անպատճառ փորձառական աստիճանները անցնի եւ ապա ձեռնադրուի:

 

90. Երկար խօսում է, որ ձեռնադրութիւնը լինի անպատճառ առանց կաշառքի:

 

91-92. Երկու յօդուածներում երկար խօսում է Եկեղեցու աւանդութեան մասին՝ զանազան օրինակներով ապացուցելով, որ Եկեղեցու գործնական կեանքի մէջ մեծ նշանակութիւն ունի աւանդական կարգը: