Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

64) ՅՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Յովհան Մանդակունին Ե դարու հայոց ամենափառաւոր կաթուղիկոսներից մէկն է, եկեղեցասէր եւ ազգասէր, եկեղեցում կարգեր սահմանող եւ պատերազմի դաշտում Վահան Մամիկոնեանին օգնող:

 

Նա ժամերգութիւնը կանոնաւորել է, զանազան ճառերի միջոցով խրատներ եւ բարի խորհուրդներ է տուել քահանաներին եւ ժողովրդականաց. սրա ճառերը Վենետիկում հրատարակուեցին 1836 եւ 1860 թուականներին, որոնց ընդհանուր բովանդակութիւնը խրատական է եւ համոզիչ, բայց ո՛չ կանոնական եւ կարգադրական. նա ճառերի մէջ խօսում է. 1) խոստովանութեան, 2) ապաշխարութեան, 3) պասերի, 4) վաւերական եւ անվաւեր աղօթքների, 5) աղքատների ողորմութեան, 6) պտուղների եւ նուէրների, 7) փոխ տալու եւ վաշխի, 8) աղքատների մխիթարութեան, 9) քահանաների տեսչութեան, 10) բամբասողների, 11) նախանձի եւ սիրոյ, 12) բարկացողների, 13) ոխակալների, 14) գողութեան, 15) երդման, 16) արբեցողութեան, 17) թատրոնների, 18) կնաթողների, 19) անասնամոլների, 20) ատելութեան, 21) կարկտի, 22) ս. խորհուրդի, 23) վախճանեալների, 24) ողբերի, 25) աղօթքների, 26) խրատների, 27) ախտերի, 28) հմայից, 29) քառասնորդական պասի, 30) Երրորդութեան, 31) սիրոյ եւ 32) ճգնաւորների մասին:

Բայց ա՛յդ կայ եւ «Կանոնք» վերնագրով մի գլուխ դրա տպագրած ճառերի մէջ, որը խօսում է բացառապէս տգէտ քահանաներ չձեռնադրելու եւ ձեռնադրութիւնը առհասարակ առանց կաշառք անելու մասին:

 

Մեր ձեռագիր կանոնագրքերում չկան վերոյիշեալ ճառերը, հապա կցկտուր անկապ կանոններ կան գրքերի զանազան անկիւնները ընկած, որոնք երբեմն յիշեցնում են վերոյիշեալ ճառերը, երբեմն բոլորովին օտարոտի կանոններ սահմանում: Կանոնագրքերում այս վերնագրով ենք պատահում Մանդակունուն վերագրած կանոններին. «Կանոնք Յովհաննու Մանդակունւոյ՝ հայոց կաթուղիկոսի». սրանք թուով 10-11 հատ են, խօսում են Մեծ պասի շաբաթ եւ կիրակի օրերը պաս չպահելու, կիրակի օրը պաս չպահելու, կիրակի եւ զատկից մինչեւ պենտեկոստէն ծունր չդնելու, չորեքշաբաթ ու ուրբաթ մարտիրոսաց յիշատակ չկատարելու, Ծնունդը եւ Յայտնութիւնը միասին տօնելու, դեւերի գործերի եւ դիւահարներին հաղորդութիւն չտալու մասին: Բացի այս, կանոնագրքերում կայ «Կոչումն ապաշխարութեան զոր ասացեալ է տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց կաթուղիկոսի». այս կոչումը խօսում է խոստովանութեան եւ ապաշխարութեան մասին, եւ բովանդակութիւնը նման է ճառերի մէջ եղած «խոստովանութեան» եւ «ապաշխարութեան», միայն այստեղ մասերի է բաժանած, կրճատած եւ համառօտած: Այս համառօտութիւնը տեղ-տեղ բառացի կրկնւում է Լուսաւորչին վերագրած կանոններում. օրինակ` «թէ մինն կոյս է եւ մինն արամբի». «թէ ի ձիս յերասանեալ յագելապէս» (տե՛ս Լուս. 5 եւ 10 կանոններ): «Թէ ի մեղս զառածեալ է» (Լուս. 1 կ. ): «Թէ գաղտ պսակէ» (Լուս. 8 կ. ): «Թէ զկուսութիւն նուիրեալ Աստուծոյ եւ դարձեալ ստեաց» (Լուս. 13): «Թէ զխոստովանութիւն ուրուք յայտնեաց» (Լուս. 22): «Թէ վայրապար նզովեալ է» (Լուս. ԻԹ 29): Մանդակունու այս խոստովանութեան եւ ապաշխարութեան  համառօտած կարգերը  խրատ են   «վասն  պոռնկաց» «վասն  արուագիտաց», «անասնագիտաց», «սպանողաց», «առն եւ կնոջ», «արբեցողաց», «գողոց», եւ այս գրուածները ոչ թէ բովանդակութեամբ, այլ բառերով եւ նախադասութեամբ նման են Լուսաւորչին վերագրած կանոններին:

 

Կանոնագրքերում կայ եւ տպագրուած ճառերի մէջ յիշուած «կանոնք»ը տգէտ քահանայ ձեռնադրելու դէմ:

 

Համառօտակի յիշելով վերոգրեալը, կ՚ասենք, որ Մանդակունին կանոններ չունի սահմանած ոչ ժողովով, ոչ առանձին, նրա գրած ճառերը խրատներ են եւ համոզիչ եղանակով գրուած քարոզներ, նրա գրուածները իբրեւ հնապատմական նիւթ կարող են մեկնող եւ պարզաբանող ոյժ ունենալ, եթէ ի հարկէ նրան վերագրած ճառերը իսկապէս Մանդակունուն են պատկանում: