Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ  ԵԿԵՂԵՑՈՒ  ՍՐԲԱԶՆԱԳՈՐԾ  ԵՒ  ՍՊԱՍԱՒՈՐՈՂ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՈՐԲԵՐԻ ՈՒ ԱՅՐԻՆԵՐԻ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

1246. Հայոց սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականներին պահպանում է նրանց ծուխը:

 

1247. Սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների ստացած արդիւնքը կարող է լինել երեք տեսակ. 1) մշտական, որը որոշում է ծուխը` պաշտօնը մտնելիս, 2) տուրքեր, որոնք ստանում են հոգեւոր պիտոյքներ կատարելիս, 3) կամաւոր տուրքեր:

 

1248. Հոգեւոր պէտքերը կատարելիս ստացած տուրքերը սրանք են. ծննդաբերի տունը փարատելու համար` տասն կոպէկ, մկրտութեան համար` 20 կ., պսակի համար` 40 կ., մեծի թաղման համար` 40 կ., իսկ փոքրի` 20 կ., խոստովանութեան, զղջման եւ ս. հաղորդութեան խորհուրդները կատարւում են ձրի: Հայոց եկեղեցու հոգեւորականներին խստիւ արգելւում է որեւ է պատճառանքով պահանջել հոգեւոր պէտքերի կատարման համար այս յօդուածում նշանակուածից աւելի տուրք:

 

1249 Հայոց  եկեղեցու  սրբազնագործ  եւ  սպասաւորող  հոգեւորականները իրաւունք չունին 1248 յօդուածում յիշուած տուրքերի չտալուն համար հրաժարուել սրբազան պաշտամունքները կատարելուց կամ ուշացնել (յետաձգել). սրանք միայն կարող են խնդրել կոնսիստորիային պահանջելու այդ տուրքերը մարմնաւոր իշխանութեան ձեռքով:

 

1250. Հոգեւոր պէտքերի կատարման համար ստացած տուրքերը բաժանւում են հայոց հոգեւորականների (սրբազնագործ եւ սպասաւորող) մէջ` համաձայն այն կարգին, որը գոյութիւն ունէր մինչեւ 1836 թուի մարտի 11-ը:

 

1251. Հայոց եկեղեցու սրբազնագործ եւ սպասաւորող պաշտօնեաների որբերի եւ այրիների խնամատարութեան համար տրւում են առանձին դրամարկղներ թէ Էջմիածնի վանքում եւ թէ ռուսաց սահմաններում գտնուած բոլոր հայոց թեմերում:

Ծանօթութիւն. Ռուսահայոց թեմերի եկեղեցիներում թոյլատրւում է հաստատել աղքատախնամ հոգաբարձութիւն, միայն այն պայմանով, որ այդ հոգաբարձութիւնների մասին կազմած առանձին կանոնադրութիւնները՝ Աստրախանի հոգաբարձութեան համար 1874թ. յուլիսի 12-ի կազմած կանոնադրութեան նման, կախումն ունենան Ներքին  Գործոց  նախարարից:

 

1252. Հայոց եկեղեցու սրբազնագործ եւ սպասաւորող պաշտօնեաների այրիների եւ որբերի խնամատարական դրամարկղները՝ իբրեւ աստուածահաճոյ շինուածքներ, գլխաւոր արդիւնք ստանում են բարեգործ մարդիկների կամաւոր նուէրներից: Բացի դրանից իւրաքանչիւր հայ-լուսաւորչական թեմական իշխանութիւն  ամէն  տարի, ըստ կարելոյն, բաժին է հանում իւր թեմական արդիւնքներից մի մաս այդ արկղների համար:

 

1253. Յօգուտ այրեաց եւ որբոց խնամատարական դրամարկղների անելիք հանգանակութիւնը լինում է, առաջին՝ գանձանակներով, որոնք տրւում են այն թեմի բոլոր հայոց եկեղեցիներում, որի համար դրամարկղ է կարգուած. երկրորդ՝ այս բանի համար սահմանած առանձին մատեանում ստորագրելով:

 

1254. Հայոց կոնսիստորիաների դիւանատան ծառայողների ու աստիճանաւորների, նոյնպէս եւ հոգեւոր ուսումնարանների ուսուցիչների եւ այլ անձանց ռոճիկները տալուց բոլոր թեմերի մէջ հանւում է մի տոկոս՝ հարիւր յիսուն րուբլի ռոճկադրամից սկսած` յօգուտ հոգեւորականների այրեաց եւ որբոց դրամարկղների:

 

1255. Այրեաց եւ որբոց այդ դրամարկղների կառավարութիւնը յանձնւում է առանձին հոգաբարձութեան, թեմական առաջնորդի անմիջական հսկողութեան տակ: Այս հոգաբարձութիւնը կազմւում է թեմի  ամենայարգելի  աշխարհիկ  երեք  հոգեւորականից`  թեմակալ արքեպիսկոպոսի ընտրութեամբ: Ընդունելով իրանց վրայ պարտաւորութիւն գործակցելու այս դրամարկղների բարեգործական նպատակին հասնելուն, նրանք չեն ստանում դրա համար ոչ մի վարձ:

 

1256. Հոգաբարձութիւնը ստանում է յօգուտ դրամարկղի ժողոված դրամները՝ թէ գանձանակով, թէ մատեաններով եւ պահում է նրանց ճիշտ հաշիւը:

 

1257. Հոգաբարձութիւնը նշանակում է եկեղեցու պաշտօնեաների այրիներին եւ որբերին նպաստ` ըստ իւր հայեցողութեան, բայց ոչ այլապէս, եթէ ոչ մէծ ճշտութեամբ հաւաստիանալով ճշմարիտ կարիք ունենալուն, կատարելով այդ՝ առանց անձնական շահի եւ  կողմնապահութեան:

 

1258. Հոգաբարձութիւնը այդ այրիներին եւ որբերին խնամելու՝ նպաստ նշանակելու դէպքում պէտք է պահպանի հետեւեալ կանոնները. 1) աշխատել որոշել մշտական տարեկան նպաստներ, խուսափել ինչքան կարելի է միաժամանակուայ նպաստներից: 2) Միաժամանակուայ օժանդակութիւններ տալ միեւնոյն անձին ոչ աւելի մէկ անգամից մի տարուայ ընթացքում: 3) Նպաստներ նշանակել առաւելապէս. ա) այն այրիներին եւ որբերին, որոնք սեպհական միջոցներ չունենալով ապրելու համար, զրկուած են եւ ազգականներից, որոնք գուցէ համաձայնէին նրանց պահպանել, բ) այն այրիներին, որոնք աղքատ լինելով հանդերձ, դեռ եւս ծանրաբեռնուած էլ են մեծ ընտանիքով եւ գ) այն որբերին, որոնք ոչ ծնող ունին, ոչ մերձաւոր ազգականներ եւ ոչ ապրուստի միջոց: 4) Նպաստ տալ սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների այրիներին մինչեւ նրանց նոր ամուսնութեան մէջ մտնելը, որբուհիներին` մինչեւ մարդու գնալը, իսկ տղաներին` մինչեւ չափահաս լինելը կամ թեմական դպրանոց մտնելը:

 

1259. Դրամարկղը իւրաքանչիւր ամիս նայւում է հոգաբարձութեան կողմից, թեմական կոնսիստորիայի մի անդամի կամ նրանից նշանակուած մի անձի ներկայութեամբ: Չորս ամսից յետոյ հոգաբարձութիւնը ներկայացնում է թեմական կոնսիստորիային մանրամասն տեղեկագիր ելքի, մուտքի եւ դրամական մնացորդի մասին, իսկ տարին լրանալուց յետոյ` իւր կարգադրութիւնների մասին հաշիւ: 152)  1260 Հոգաբարձութեանց  գործողութիւնների  վրայ  եղած գանգատները տրւում են ի քննութիւն եւ վճռահատութիւն թեմական կոնսիստորիային:

Այստեղ վերջանում է Պօլօժէնիան, որը շատ տարբերութիւն ունի 1836-ի խմբագրութիւնից. այժմ կզետեղեմ ռուսաց օրէնսգրքի մէջ մտած այն բոլոր կանոնները, որոնք վերաբերում են Հայոց եկեղեցուն, եւ որոնք գործադրւում են եւ խմբագրուած են միմիայն պետութեան մասնակցութեամբ, առանց հայոց հոգեւոր իշխանութեան գիտութեան: