Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

40)  ԱԶԳԱՅԻՆ–ԵԿԵՂԵՑԱԿԱՆ  ԺՈՂՈՎՆԵՐ

 

Ժողովների միջոցով եկեղեցական հարցեր վճռելը սկսուեց առաքեալների ժամանակ. առաջին անգամ ժողովուեցին նրանք եւ որոշեցին թոյլ չտալ քրիստոնեաներին կատարելու մովսիսական ծէսերը (թլպատութիւն... ) (Գործք   ԺԵ):

 

Առաքեալների յաջորդները Բ եւ Գ դարերում շարունակեցին նոյն շաւղով գնալ եւ հարցերը ժողովով վճռել, նրանք մասնաւոր տեղական ժողովներ արին Պաղեստինում, Փոքր Ասիայում, Հռոմում, Ոսրոենէում (Եդեսիա) զատիկը միասին տօնելու վերաբերմամբ եւ 256-ին Կարթագենում` Կիպրիանոսի ժամանակ, կրկնակնունքի խնդիրը որոշելու համար: Այդ կարգը առաքելական տիեզերական եւ տեղական ժողովների միջոցով եւ շարունակութեամբ ընդհանրացաւ բոլոր քրիստոնեայ ազգերի մէջ, մինչեւ անգամ սահմանադրուեց, որ տարին երկու անգամ ժողովներ լինեն ամէն տեղերում եւ եկեղեցական խնդիրներ քննեն եւ լուծեն դրանց միջոցով: Այս սկզբունքները ընդհանուր առմամբ մտան մեր մէջ էլ, բայց ճշտութեամբ չգործադրուեցին. ոչ միայն տարին երկու անգամ, հապա մի քանի տասնեակ տարիներ շարունակ ժողովներ չէին լինում Հայաստանում: Այս ունի իր պատճառները, որոնք գուցէ Դ, Ե դարերում բացակայում էին օտար քրիստոնեայ երկրներում: Նախ՝ հայոց աշխարհը եղաւ առաջինը, որ քրիստոնէութիւնը դարձրեց քաղաքացիական կրօն, այսինքն բացի եկեղեցական վարչութիւնից ունեցաւ եւ քաղաքական կառավարութիւն, որը ոչ միայն հովանաւորում էր քրիստոնէութիւնը, այլ եւ քաղաքացիական օրէնքներով ամէն կերպ դիւրութիւն էր տալիս քրիստոնէութեան տարածման, ապահովում էր եկեղեցական դասի եւ եկեղեցիների տնտեսական դրութիւնը, եկեղեցական կանոնները պարտադիր էր դարձնում բոլոր քրիստոնեայ հպատակների համար իբրեւ քաղաքացիական օրէնքներ: Երկրորդ` հայերը սովորած լինելով միապետական կառավարութեան, տեսած լինելով կռապաշտութեան օրով քրմապետների ոյժն ու զօրութիւնը, որին շատ էր նպաստում թագաւորական ցեղից նրանց ընտրուած լինելը, եւ ապա քրիստոնէութեան օրով նոյնպէս թագաւորական-նախարարական ցեղից Լուսաւորչի կաթուղիկոս ընտրուելը եւ թագաւորի համազօրութեամբ գործելը, պիտի վարժուէին թագաւորի եւ կաթուղիկոսի հրամանները հլու հնազանդութեամբ կատարելու, մանաւանդ այնպիսի կաթուղիկոսների, որոնք սրբութեան եւ կարգապահութեան տիպարներ էին: Երրորդ՝ Լուսաւորչի ժառանգ կաթուղիկոսները մինչեւ ս. Սահակ ունէին մի փառաւոր սովորութիւն, այն է` ճշտութեամբ եւ սրբութեամբ կատարել եկեղեցական կանոնները, որոնք պատուիրում էին առանց եպիսկոպոսների խորհրդակցութեան ոչինչ չանել  եւ տարին առնուազը մի անգամ շրջել բոլոր երկիրը եւ ամէն տեղ նոյն կարգ ու կանոնը մտցնել, վէճերը քննել, խնդիրները վճռել. այսպէս Ներսէս մեծը 12 խորհրդականներով, Սահակ 60 վանականներով շրջում էին բոլոր կողմերը եւ տեղնուտեղը վէճերը դադարեցնում. նրանք Նաւասարդի տօնին` Շահապիվան եւ Ս. Կարապետի տօնին` Մուշ էին ուղեւորւում, ուր ժողովվում էին բոլոր հայոց աշխարհը իշխաններով, թագաւորներով եւ եպիսկոպոսներով, որոնց մասնակցութեամբ եւ խորհրդակցութեամբ վճռւում էին բոլոր հարցերը: Ահա գլխաւոր պատճառները թէ ի՞նչու հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութիւնները հարկ չէին զգում եկեղեցական ժողովներ գումարելու եւ պաշտօնական ձեւով խնդիրները քննելու: Այս հիմամբ էլ Դ դարում միայն մի եկեղեցական ժողով գումարուեց Ներսէս Մեծի օրով բարեգործական զանազան հիմնարկութիւններ հաստատելու, որի համար եւ ունինք նոյն ժամանակուայ պատմագիրների վկայութիւններ: Իսկ ուրիշ ժողովներ եկեղեցական կարգեր որոշելու համար մինչեւ Շահապիվանի 447 թիւը չենք ունեցել, որովհետեւ ոչ մի յիշատակութիւն չունինք ոչ նոյն ժամանակուայ պատմագիրների կողմից, ոչ էլ մեր կանոնագիրք կազմողների կողմից: Կանոնագրքերում կան Լուսաւորչին, Սահակին յատկացրած կանոններ, բայց ոչ ժողովներին վերագրած: Պատմագիրների յիշատակած Ներսէս Մեծի ժողովը չկայ ձեռագիր կանոնագրքերում: Չամչեան եւ Աբէլ եպիսկոպոս պատմում են պատմիչների խօսքերով, որ Նիկիայի ժողովը ընդունելու համար Լուսաւորիչ 325-ին ժողով արաւ. նոյնը Պօլսոյ եւ Եփեսոսի ժողովների կանոնները ընդունելու համար: Բաց ես անում մատենագիրները, որոնց մատնացոյց են անում վերջին գրողներս, եւ գտնում ես, որ ժողովի ոչ մի յիշատակութիւն չունի: Ագաթանգեղոսն ես բաց անում, կարդում ես. Արիստակէսը յետ դառնալով` Նիկիայից «բերած աւանդութիւնները թագաւորի եւ սուրբ կաթուղիկոսի առաջն էր դնում: Որը սուրբ Գրիգորը վերցրեց, նոյն կանոնների վրայ ինքն էլ աւելացրեց, Տրդատ թագաւորի հետ Հայաստան աշխարհը պայծառացնելով լուսաւորում էր... » (508 եր. ): Խորենացին ես բաց անում, կարդում ես. Լուսաւորիչը «մի քանի գլուխներ իրանից աւելացնելով ժողովի (Նիկիայի) կանոնների վրայ իւր վիճակի զգուշութեան համար» (90 գլ. ): Բաց անելով՝ Եփեսոսի կանոնների համար Հայաստանում իբր թէ եղած ժողովը ս. Սահակի ժամանակը՝ Կորիւնի վկայութիւնը, որ առաջ են բերում Չամչեան եւ Աբէլ եպիսկոպոս, կարդում ես. «Յայնմ ժամանակի բերեալ երեւեցան Հայաստան աշխարհին գիրք սուտապատումք, ընդունայնախօս աւանդութիւնք առն ուրումն հոռոմի, որում Թէոդիոս անուն: Վասն որոյ Սիւնհոդոսական հայրապետաց եկեղեցեացն սրբոց նշանակել ազգ առնէին՝ եւ ճշմարտահաւատ Փառաւորչացն Սահակայ եւ Մաշտոցի: Եւ նոցա ճշմարտասէր փութով զայն ի միջոյ բարձեալ աշխարհահալած արտաքոյ իւրեանց մերժեցին, զի մի ի լուսաւոր վարդապետութիւնն՝ ծուխ ինչ սատանայական յարիցէ» (25 եր. ): Միթէ սրանից կարելի է եզրակացնել, թէ ս. Սահակ եւ Մեսրոպ ժողով արին. կամ թէ Լուսաւորիչ ժողով արաւ եւ կանոններ աւելացրեց Նիկիականի վերջում: Հապա ո՞րտեղից են Չամչեան եւ նրա հետեւողները (Աբէլ եպ. ) ընդունում, որ Վաղարշապատի Ա ժողովը եղաւ 325-ին Նիկիայի կանոնները ընդունելու համար, որ Վաղարշապատի Բ ժողովը եղաւ 366-ին կաթուղիկոսական աթոռի անկախութեան համար, որ Վաղարշապատի Դ ժողովը եղաւ 426-ին եկեղեցու բարեկարգութեան համար, որ Աշտիշատի Բ ժողովը եղաւ 435-ին (իսկ ըստ Չամչեանի` 432 եւ 445) Եփեսոսի ժողովը ընդունելու համար: Սրանք այս տեղեկութիւնները քաղում են ոչ թե նոյն դարու պատմագիրներից, որոնք ոչինչ չեն ասում այս ժողովների մասին, այլ 400, 600 տարի յետոյ եկող պատմագիրների վկայութիւններից, որոնք ոչ մի իրաւաբանական արժէք չեն կարող ունենալ: Ձեռագիրների մէջ պատահում են կցկտուր, փոփոխուած գրութիւններ հայոց ժողովների մասին. Լուսաւորչից սկսած մինչեւ Յովհան Օձնեցու ժամանակ, հէնց նոյն իսկ Յովհան Օձնեցուն վերագրած, այսպիսի վերնագրով (− 58 եւ 100 ձեռ. ). «Սակս ժողովոյն որ եղեն ի Հայս ի սուրբ Գրիգորէ Լուսաւորչէ սկսեալ... »: Սրա մէջ յիշուած են հետեւեալ ժողովները. 1) Լուսաւորչի ժողովը Նիկիայի կանոնները ընդունելու համար, 2) Ներսէսի (Մեծի) ժողովը Պօլսոյ ժողովի կանոնները ընդունելու համար, 3) Սահակի ժողովը` Եփեսոսի համար, 4) Շահապիվանի ժողովը, 5) Բաբգէնի ժողովը, 6) Ներսէսի... Այս մասին 3 օրինակ կայ, երեքն էլ տարբեր եւ հակառակ գրուած միմեանց, սրանց մէջ չկայ բարեկարգութեանց համար արած Ներսէսի ժողովը, որի մասին վկայում են ժամանակակից պատմագրները: Այսպիսի եւ սրանց նման փաստերը ոչ մի իրաւաբանական արժէք ունենալ չէն կարող, ուստի Չամչեանի եւ այլոց ընդունած չեղած ժողովները միանգամայն կհանենք մեր աղբիւրների շարքից եւ կընդունենք միայն այն ժողովները, որոնք ունեն հաստատուն պատմական հիմք:

 

Բայց այստեղ նոր հարց է ծագում. եթէ Տիեզերական երեք ժողովները իւր ժամանակին չեն ընդունուել ազգային ժողովով, միմիայն ընդունուել են կաթուղիկոսների եւ թագաւորների որոշմամբ, արդեօ՞ք այդքանը պիտի բաւարար համարուի, թէ անհրաժեշտ է, որ ազգային ժողովի սանկցիայով վաւերացնուի այդ ընդունելութիւնը: Մեր եկեղեցական իրաւունքի հետակայ պատմութիւնը ապացուցանում է, որ առանց ազգային ժողովի համաձայնութեան ոչ մի ժողովի կարգադրութիւն կանոնական եւ պարտաւորական չէ, մինչեւ անգամ երբ կաթուղիկոսը, թագաւորը եւ նախարարների մի մասը ընդունել եւ հրատարակել են կարգադրութիւններ, ամբողջ ազգը մերժել է եւ չի ընդունուել (կաթոլիկաց միութեան ժամանակ) դրանց հրամանը եւ ընդ հակառակը` պատահել է, որ միմիայն կաթուղիկոսը ընդունել է մի ժողովի կանոն, կամ ինքը մի կարգադրութիւն է արել, ազգը միաձայն առանց տրտունջի ընդունել է. օրինակ` Լուսաւորչի, ս. Սահակի, Շնորհալու եւ այլոց կանոնները: Ուրեմն խնդիրը յանգում է այն կէտին, թէ որոշ կարգադրութիւն՝ ժողովով լինի, թէ կաթուղիկոսների կոնդակներով, յենւո՞ւմ է արդեօք հայոց ազգի աւանդական սրբազնագործուած սովորութիւնների վրայ, բղխո՞ւմ է ժողովրդական դարաւոր հայեացքներից եւ ներկայ դրութեան անհրաժեշտ կարիքներից, թէ՞ ո՛չ: Եթէ ազգը կաթուղիկոսների կոնդակը համարում է ազգային եկեղեցու սկզբունքների շարունակութիւն, ժողովրդական եկեղեցու ոգու համաձայն կարգադրութիւն, ընդունում է լուռ ու մունջ, եւ ա՛յդ ընդունելութեամբ վաւերացնում է կաթուղիկոսի կարգադրութիւնը իբրեւ ազգային ժողովի լռելեայն վճիռ: Այդպէս այս լռելեայն վճիռը ընդունելով Լուսաւորչի, Ներսէսի, Սահակի կարգադրութիւնների վերաբերմամբ, ժողովականները միաձայն հաստատեցին Շահապիվանում: Այժմեայ պատմաբանները, ինչպէս յիշեցի, 365-ի ժողով են յիշատակում, ուր իբր թէ որոշուեց կաթուղիկոսների ձեռնադրութիւնը կատարել առանց Կեսարիայի եպիսկոպոսի, բայց այդպիսի ժողով գոյութիւն չի ունեցել: Խորենացին նոյն իսկ վշտացած ասում է Պապի մասին Շահակին կաթուղիկոս նշանակելու վերաբերմամբ. «Զոր կացոյց փոխանակ Ներսիսի առանց Մեծի արքեպիսկոպոսին Կեսարու» (գլ. III, 39 եր. ):

 

Փաւստոսը ոչ միայն ժողովի անուն չի տալիս, այլ եւ վշտացած է երեւում եւ թշնամական դիրք է բռնում դէպի Պապի կարգադրութիւնը:

 

Թէեւ ժողով չի եղել, ճիշտ է, բայց Արշակի կարգադրութիւնը Կեսարիայից անկախ կաթուղիկոսի ձեռնադրութիւն կատարելու համար, իւր ամբողջ ուժով գործադրուեց, եւ ազգը ուրախութեամբ ընդունեց, որովհետեւ ազգային փառասիրութեան հրճուանք էր պատճառում եւ ամենեւին հակառակ չէր եկեղեցական կանոններին: Այդ նոյն իսկ երեւում է Փաւստոսից, որ պատմում է, թէ ինչպէս Արշակ Բ կատաղած 6 տարի շարունակ ասպատակում էր յունաց նահանգները, որ համարձակուել են Հայոց աշխարհի կաթուղիկոսին բանտարկել Պօլսում: Արդեօ՞ք Ներսէսն էր Արշակ Բ-ին ասել, որ պէտք է Հայոց հայրապետը անկախ լինի եւ ձեռնադրութիւնը Հայաստանում ստանայ իւր եպիսկոպոսներից, այդ յայտնի չէ, փաստն այն է, որ Արշակ Բ-ի, թագաւորի կարգադրութիւնը ընդունուեց եւ գործադրուեց. նշանակում է հոգեւորականութիւնը, բացի Փոքր Հայքի եկեղեցականներից, որոնք Կեսարիայի թեմն էին կազմում վաղուց, եւ ժողովուրդը միախորհուրդ էին իրանց թագաւորի վճռի վերաբերմամբ: Նոյնը պատահեց Լուսաւորչի օրօք, որի համաձայնութիւնը Տրդատի հետ Նիկիայի կանոնների ընդունելութեան եւ նոր կանոնների սահմանելու վերաբերմամբ, անպայման ընդունուեց ժողովի կողմից եւ լուռ ու մունջ գործադրուեց: Այսպէս, մերժելով Չամչեանի եւ այլոց զանազան գրուածքները եկեղեցական ժողովների մասին, որոնք ամենեւին գոյութիւն չեն ունեցել ըստ ժամանակակից տարեգրների, մենք չենք նսեմացնում այդ ժողովներին վերագրուած կարգադրութիւնների ոյժը, որոնք արուել են մեր ս. հայրերի, կաթուղիկոսների կողմից եւ ընդունուել են բոլոր ազգից եւ վաւերացուել են հետակայ հայոց եկեղեցական ժողովներով, Լուսաւորչի, Սահակի կանոնները կ’արձանագրուեն ո՛չ իբրեւ ժողովի կանոններ, այլ այդ սուրբ անձանց կանոններ, որոնք ընդունուած են եղել եւ ընդունւում են բոլորի կողմից եւ բոլոր ժողովներով վաւերացուած են: Այսպիսով կվերանան զանազան Վաղարշապատու կամ Աշտիշատու ժողովները եւ կմնան միմիայն պատմական հիմք եւ փաստագիր ունեցող ժողովները մեր եկեղեցական իրաւունքի մէջ: