Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը   ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ա գլուխ

 

88) ՎԱՆՔԻ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿ ԿԱՅՔԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՈՒ ՕՏԱՐԱՑՆԵԼՈՒ (ՎԱՃԱՌԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

 

1212. Հայ-լուսաւորչական եկեղեցու կայքը կազմում են. 1) վանական եւ եկեղեցական շէնքերը եւ նրանց մէջ գտնուած շարժական ինչքը, 2) բնակուած եւ անբնակ հողերը, 3) դրամագլուխները (փողերը), 4) յօգուտ վանքերի եւ եկեղեցիների արուած հանգանակութիւնները եւ նուէրները:

 

1213. Ամէն մի շարժական եւ անշարժ կայք, որը նախանշանակուած է հայ-լուսաւորչական որեւէ վանքի եւ եկեղեցու կամ դրանց պատկանող աստուածահաճոյ հիմնարկութիւնների պահպանութեան համար, համարւում է ամբողջ հայ-լուսաւորչական եկեղեցու ընդհանուր սեպհականութիւն:

 

1214. Նոր անշարժ կայք ձեռք բերել հայոց եկեղեցիների համար թոյլատրւում է` այս դաւանութեան թեմական  կոնսիստորիաների միջոցով մինչեւ 300 րուբլու, մինչեւ 1000 րուբլու՝ այլադաւան հոգեւոր գործերի դէպարտամենտի միջոցով, մինչեւ 5000 րուբլու՝ Ներքին Գործոց Նախարարութեան խորհրդի վճռով, իսկ աւելի բարձր արժողութեամբ կայքերի համար Բարձրագոյն հաճութիւն պիտի խնդրել:

 

1215. Հայ-լուսաւորչական եկեղեցու անշարժ կայքերը չեն կարող վաճառուել (օտարացնուել) առանց Բարձրագոյն թոյլտւութեան ի  բաց  առեալ  անպէտք ինչքը որը  կարող  է  ծախուել  այս դաւանութեան թեմական կոնսիստորիաների թոյլտւութեամբ մինչեւ 300 րուբլու, այլադաւան հոգեւոր գործերի դէպարտամենտի՝ մինչեւ 1000 րուբլու, Ներքին Գործոց Նախարարի՝ մինչեւ 5000 րուբլու, իսկ հինգ հազարից աւելի արժէք ունեցող ինչքը կվաճառուի կառավարիչ Սենատի թոյլտւութեամբ: Անհարկաւոր շարժական կայքերի վաճառումը թոյլատրւում է կոնսիստորիաների միջոցով մինչեւ 600 րուբլու, դէպարտամենտի՝ մինչեւ 2000 ր., նախարարի՝ մինչեւ 10 000 ր., իսկ դրանից աւելի բարձրի համար` կառավարիչ Սենատի: Անհարկաւոր շարժական եւ անշարժ կայքի վաճառման հաստատութիւնը տրւում է պատշաճաւոր իշխանութիւններին այն չափով, որը նշանակուած է հասարակական աճուրդների հաստատութեան համար կոնսիստորիան այս դէպքում վայելում է այն իրաւունքները, որոնք յատկացուած են նահանգական ատեաններին:

 

1216. Յօգուտ վանքերի տրուելիք կամաւոր հանգանակութիւնները արւում են այն թեմում, որտեղ մենաստանն է գտնւում, եւ ոչ այլապէս, եթէ ոչ ամէն մի դէպքի համար առանձին թոյլտւութիւն խնդրելով թեմական իշխանութիւնից, իսկ կայսրութեան մէջ գտնուած մնացած թեմերում Էջմիածնի հայոց Սինոդից՝ թեմական իշխանութեան առաջարկութեամբ: Յամենայն դէպս այս հանգանակութիւնները կատարւում են միմիայն տեղական քաղաքացիական իշխանութեան թոյլտւութիւնից յետոյ:

 

1217. Ամէն տեսակ հանգանակութիւններ եւ նուէրներ, որոնք լինում էին մինչեւ 1836 թուի մարտի 11-ը, հին սովորութիւնների հիման վրայ յօգուտ հայ-լուսաւորչական եկեղեցիների, այդպիսիները թոյլատրւում են եւ նրանից յետոյ այն թեմում, որին այս եկեղեցիները պատկանում են: Այս տեսակ հանգանակութիւնները ուրիշ թեմերում թոյլատրւում են միայն Սինոդի թոյլտւութեամբ, որը (1216 յօդ. ) նախընթաց  յօդուածի  մէջ  որոշուած  կարգով է  կատարւում Այս  երկու դէպքումն էլ պէտք է նոյնպէս եւ տեղական քաղաքացիական իշխանութեան թոյլտւութիւնը խնդրել:

 

1218. Ամենայն Հայոց Պատրիարք կաթուղիկոսի, Հայոց եկեղեցու թեմական առաջնորդների եւ փոխանորդների մահից յետոյ, եթէ թողուած չէ հոգեւոր կտակ յօգուտ աստուածահաճոյ հաստատութիւնների, նրանց կայքը համարւում է Էջմիածնի վանքի սեպհականութիւն: Այսպիսի թողնուած կայքի վրայ լինելիք հսկողութիւնը յանձնւում է հոգեւոր հաստատութիւններին:

 

1219. Վանահայրերի, մայրապետների եւ ընդհանրապէս կուսակրօնների մահից յետոյ մնացած կայքը մնում է յօգուտ այն վանքի, որի միաբանութեանն էին պատկանում, եթէ նրանք չեն արել հոգեւոր կտակ յօգուտ աստուածահաճոյ հաստատութիւնների:

 

Բ գլուխ

 

ՎԱՆԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԴԱՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՒ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1220. Այն արտօնութիւնները, որոնք վայելում են հայոց եկեղեցիներն ու վանքերը եւ սրանց մօտ գտնուող ու պատկանող շէնքերն ու կայքը, եւ նոյնպէս այս դաւանութեան աստուածահաճոյ հաստատութիւնների շինութիւններն ու կայքերը, եւ սրբազնագործ ու սպասաւորող հոգեւորականների  տները՝  պետական, զեմստվօյի եւ քաղաքային տուրքերի ու հարկերի վճարման դէպքերում, որոշւում են այդ մասի օրէնքների բաժնում:

Ծանօթութիւն. 1836-ին որոշումն եղաւ. Էջմիածնի վանքին պատկանող հինգ գիւղերը` Վաղարշապատ, Մաստարա, Օշական (Ուայկայտարու), Մողնի եւ Եղուարդ, ազատել մինչեւ ապագայ վերաքննութիւն ամէն տեսակ տէրունական հարկերից եւ սովորական հողային տուրքերից, այն պայմանով միայն, որ վանքն էլ իւր կողմից չծանրաբեռնի նոր հարկերով եւ բաւականանայ այն տուրքերով ու ծառայութիւններով, որոնք նրանք տալիս էին մինչեւ 1836-ի յունիսի 5-ը` գանձարանին եւ Էջմիածնի վանքին:

 

1221. Հայոց վանքերի եւ եկեղեցիների դատական գործերը քննւում են ընդհանուր դատարանական տեղերում այն հիման վրայ, ինչ հիմամբ որ վարում են գանձարանի (պետական) դատական գործերը: Դատական ատեանները այդպիսի գործեր վճռելու ժամանակ, այն տեղերում, որտեղ չեն մտցրած Աղէքսանդր II Կայսեր դատաստանական օրէնքները, հրաւիրում են ատեան, ընդհանուր հիմունքներով, հոգեւոր իշխանութեան կողմից ներկայացուցիչներ (դեպուտատ), դիմելով դրա համար այս դաւանութեան պատշաճաւոր հոգեւոր իշխանութեան:

Ծանօթութիւն. 1838-ին բացատրուած է. Էջմիածնի վանքին պատկանող (1220 յօդ. ) գիւղերի բնակիչների կայքերի վերաբերեալ վիճելի գործերը եւ գանգատները ենթարկւում են մարմնաւոր դատարանների իրաւասութեան:

 

Գ գլուխ

 

ՎԱՆԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ա բաժին. ընդհանուր կանոններ

 

114) 1222. Հայ-լուսաւորչական եկեղեցու կայքերը կառավարելու կարգի վրայ ընդհանուր հսկողութիւն անելը պատկանում է Էջմիածնի հայոց Սինոդին, իսկ իւրաքանչիւր թեմում՝ նրա արքեպիսկոպոսին, ինչպէս այս դաւանութեան կատարեալ հոգեւոր իշխանաւորի:

 

1223. Ամէն մի թեմական առաջնորդ իւր պաշտօնը մտնելուց յետոյ, պարտաւոր է Էջմիածնի Սինոդին ներկայացնել իրան յանձնուած թեմի բոլոր եկեղեցական կայքերի ճիշտ ցուցակը:

 

1224. Եկեղեցական դրամագլուխները պիտի տոկոսներով շահեցուեն պետական կամ հասարակական վարկային հաստատութիւններում: Այս դրամագլուխների մասնաւոր անձանց տալը, երբ այս կհամարուի եկեղեցու համար աւելի յարմար ու ձեռնտու եւ այսպիսով յանձնուած գումարը հաստատ գրաւականով կլինի ապահովուած, այսպիսի դէպքում թոյլատրւում է միայն թեմական իշխանութեան կարգադրութեամբ եւ  սրա պատասխանատւութեամբ:

 

1225. Հայ-լուսաւորչական եկեղեցիների կայքերի մասնաւոր կառավարութիւնը կախուած է անմիջապէս իւրաքանչիւր եկեղեցու երեցփոխից:

 

1226. Իւրաքանչիւր հայոց եկեղեցում պիտի լինի բոլոր եկեղեցական  անշարժ  կայքի եկեղեցական  իրերի ուրիշ  առարկաների եւ դրամների ճիշտ ու մանրամասն ցուցակ, նոյնպէս եւ ցուցակ այն արդիւնքների, որոնք որեւ է մի իրաւունքով ստանում է եկեղեցին, եւ պատշաճաւոր ժապաւինեալ մատեան եկեղեցու բոլոր դրամական մուտքն ու ելքը գրելու համար:

 

1227. Եկեղեցու երեցփոխը ընտրւում է ամենապատուաւոր ծխականներից` երեք տարով: Երեք տարին լրանալուց յետոյ նա կարող է նորից ընտրուել այս պաշտօնի համար:

 

1228. Եկեղեցու նոր երեցփոխը, պաշտօն մտնելիս, պարտաւոր է, եկեղեցու կայքի ամբողջութեանը հաւաստիանալով, ընդունել իւր նախորդից, 1226 յօդուածի հիման վրայ կազմած ցուցակի համաձայն, եկեղեցու կայքը:

 

1229. Եկեղեցական կայքի ամբողջութեան վրայ հսկելը, եկեղեցու եկամուտների կառավարելը, պատշաճաւոր ատենական տեղերում այդ տեսակ գործերի պաշտպանելը, եկեղեցական շէնքերի կառուցանելը եւ կարկատելը, նրանց վարձով տալը եւ մնացած այս տեսակ գործերը մտնում են երեցփոխի պարտաւորութեանց շրջանի մէջ: Նա ընդհանրապէս գործերը վարում է ինչպէս ծխի կողմից ընտրուած հաւատարմատար, իսկ մեծ գործերի համար նա իրաւունք ունի պահանջելու հասարակութիւնից, որքան հնարաւոր է ծխականների բազմամարդ ժողովից՝ առանձին հաւատարմաթուղթ: Ստանալով այս հաւատարմաթուղթը, նա ժողովում արձանագրած եւ որոշած գործերի վարելու նկատմամբ ազատւում է արդէն ամէն տեսակ պատասխանատւութիւնից հասարակութեան առաջ:

 

1230. Երեցփոխին թոյլատրւում է մոմեր շինել եւ ծախել ոչ միայն իւր ծխականներին, այլ եւ ընդհանրապէս բոլոր հայերին, որոնք գործ են ածում աստուածային պաշտամունքների, հոգեւոր պիտոյքները կատարելու եւ Հայ եկեղեցու միւս ծէսերի ժամանակ: Այս մոմերի վաճառելը լինում է եկեղեցիներում կամ եկեղեցիների մօտ. այս բանիս համար եկեղեցիների մօտ թոյլատրւում է ունենալ կրպակներ, միայն այն պայմանով, որ այս կրպակները բացուեն տեղական գլխաւոր իշխանութեան որոշմամբ եւ ոչ մօտիկ ռուսադաւան (ուղղափառ) եկեղեցիներին: Որպէս զի ազատ մնացուի այն դժուարութիւններից, որոնք կարող են առաջանալ մոմավաճառութեան ժամանակ, իրաւունք է տրւում Ամենայն Հայոց Պատրիարք կաթուղիկոսին, տարբերող նշան որոշել հայերի հոգեւոր պէտքերը կատարելու եւ ժամերգութեան ժամանակ գործածուող մոմերի եւ ռուսադաւան եկեղեցիներում բանեցնուող մոմերի մէջ:

 

1231. Անդրկովկասում հայոց եկեղեցիների երեցփոխների տները ազատ են զօրապահման կոռ ու բեկառից:

 

1232. Իւրաքանչիւր տարի լրանալուց յետոյ եկեղեցու երեցփոխը պարտաւոր է ծխականների ընդհանուր ժողովի առաջ տալ լիակատար հաշիւ եկեղեցու տնտեսական գործերի կառավարութեան վերաբերմամբ իւր արած բոլոր գործողութիւնների մասին եւ մասնաւորապէս եկեղեցու գանձարանի դրութեան մասին: Յետոյ նա ներկայացնում է այս հաշիւը իւր թեմի հայոց կոնսիստորիային:

 

1233. Եկեղեցու երեցփոխը, որը զգալի չափով աւելացրած կլինի իւր եկեղեցու դրամագլուխը, կամ երեք անգամ եռամեայ պաշտօնը կվարի յաջորդաբար` կատարեալ գոհունակութիւն պատճառելով իւր իշխանութեան, սրանով իրաւունք ձեռք կբերի պարգեւատրման առաջարկուելու ընդհանուր հիմունքներով:

 

1234. Վանական եկամուտների կանոնաւոր գործածութեան համար պատասխանատու են վանահայրերը եւ մայրապետները այս դաւանութեան վանական կառավարութեան հետ (1201 յ. ):

 

1235. Վանական կառավարութիւնները պահում են բոլոր վանական եկամուտների եւ ելքի հաշիւները, որոնք վանքի անշարժ եւ շարժական բոլոր կայքերի ցուցակի հետ ներկայացնում են, տարին լրանալուց յետոյ, թեմական իշխանութեան վերահասութեան:

 

1236. Վանահօր կամ մայրապետի մահուան կամ տեղափոխութեան դէպքում, վանական կառավարութիւնները մի քանի աւագագոյն յարգելի վանականների կամ կոյսերի աջակցութեամբ կազմում են վանքի կայքերի մանրամասն ցուցակը եւ ներկայացնում են թեմական իշխանութեան: Նոր վանահայրը կամ մայրապետը այս ցուցակի երեսով էլ՝ պաշտօնը մտնելիս, ընդունում է մենաստանը: