Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

47) ԴՈՒԻՆԻ Դ. ԺՈՂՈՎԸ 648 ԹՈՒԻՆ

 

Դուինում եղել է Ներսէս Շինողի նախագահութեամբ՝ ըստ վկայութեան ժամանակակից պատմիչ Սեբէոսի, մի ժողով, եւ ո՛չ երկու յետին մինչեւ՝ Չամչեան պատմիչների, այն է` 648 թուին, Կոստանդին կայսրի գալուց (652 թ. ) 4 տարի առաջ (տե՛ս Սեբէոս): Այս ժողովի իսկական պատմիչ Սեբէոսին թողած, յետին տարեգիրները իրանցից զանազան յաւելուածներ են անում եւ այնպէս խառնաշփոթում պատմութիւնը, որ շատ դժուար է լինում հետեւողական կապով շարահիւսել Ներսէսի հետ պատահած դէպքերը. ուստի թողնելով ոչ ժամանակակիցներին, կհետեւինք Սեբէոսին եւ նրա գրածը կընդունենք իբրեւ միակ ճշգրիտը:

 

Դուինի այս ժողովը նշանաւոր է նրանով, որ կազմեց դաւանաբանական ձեռնարկ՝ տարբեր իւր մշակութեան ձեւով նախկիններից եւ երկրորդ՝ սահմանեց եկեղեցական կանոններ:

 

Կիւրիոնի քաղկեդոնական դառնալուց եւ Եզրի դաւանափոխութիւնից յետոյ ատելութիւնը դէպի քաղկեդոնականութիւնը շատ էր սաստկացել, հայերը անտարբեր չէին կարողանում նայել Դուինում ժողովուած յունաց զօրքերի վրայ, միշտ ծաղրում եւ այպանում էին նրանց դաւանութիւնը: Այդ բանը իմանալով` յունաց կայսրը եւ պատրիարքը, թուղթ են գրում Ներսէս կաթուղիկոսին եւ Թէոդորոս Ռշտունուն եւ յորդորում են սիրով լինել յոյների հետ, վերջ տալ թշնամական ցոյցերին:

 

Ներսէս Գ, որ յունական կրթութիւն ստացած, յունաց մէջ տարածուած վէճերին քաջ ծանօթ անձն էր, խրատուած Եզրի դէպքից, ժողով գումարեց եպիսկոպոսների եւ նախարարների մասնակցութեամբ, մշակելու նախ՝ այն պատասխանը, որ  պիտի  ուղարկէին  Պօլիս`  կայսրին  եւ  պատրիարքին, երկրորդ՝ կազմելու դաւանաբանական ձեռնարկ փաստական պատճառաբանութեամբ, եւ երրորդ՝ իբրեւ ուղեցոյց՝ հաւատոյ ձեռնարկ սահմանելու բոլոր հայերի համար, որպէս զի բոլորի համար պարզ լինի հայոց դաւանութիւնը եւ նրա տարբերութիւնը յունականից:

 

Պատմութիւնից չի երեւում, որ ժողովում կազմած թուղթը ուղարկած լինեն կայսրին. միայն յաջողուեց ժողովականներին կազմել ձեռնարկ. այս ձեռնարկը, որ Շնորհալու կազմածի նախնական ձեւերից մէկն է, գրուած է ընդարձակօրէն Սեբէոսի մէջ, նրա ընդհանուր բովանդակութիւնը հայոց դաւանութեան ամփոփումն է եւ մասնաւորապէս շեշտած է Քաղկեդոնի երկու բնութեան եւ մեր ընդունած «մի բնութիւն»-ի վրայ, ցոյց տալով, որ թէ Աւետարանում, թէ Բ, Գ, Դ դարու յայտնի եկեղեցական հայրերի գրուածներում ընդունւում է միայն մի բնութիւն, նոյնը հաստատուել է մեր Լուսաւորչով. վերջումն էլ նզովում են բոլոր հակառակորդներին, հերձուածողներին եւ քաղկեդոնականներին: Ստորագրում են բոլոր աշխարհական եւ հոգեւորական ժողովականները եւ կնքում են իրանց մատանիներով, ու յանձնում կաթուղիկոսին ի պահպանութիւն: Այսպիսի պատճառաբանուած դաւանաբանական ձեռնարկ եւ այն էլ «մի բնութեան» մասին չենք ունեցել. սրա լրացումը եղաւ Ը դարում` Յովհան Օձնեցու օրով:

 

Երբ 652-ին կայսրը Դուին եկաւ, իջաւ կաթուղիկոսարանում, կիրակի օր իւր ներկայութեամբ պատարագ անել տուաւ եւ ստիպեց Ներսէս Գ-ին եւ մի խումբ եպիսկոպոսներին հաղորդուել իւր հետ: Թէոդորոս Ռշտունին եւ նախարարները  սաստիկ  կատաղեցին  Ներսէսի  քաղկեդոնականութիւն  ընդունելուն վրան, հեռացրին նրան Տայոց աշխարհը, ուր 6 տարի փակուած մնաց մինչեւ Թէոդորոս Ռշտունին մեռաւ: Բայց ազգը Ներսէսին Եզրի նման չպատժեց, երեւի թէ Ներսէսի արածը երեսանց եւ հարկից ստիպուած համարելով:

 

Դուինի ժողովում որոշուեցին եւ կարգուեցին 12 կանոն եկեղեցականների նիւթական ապահովութեան եւ բարոյական բարւոքման վերաբերմամբ: Մեր կանոնագրքերում գրուած է «Կանոնք Դուինի սուրբ ժողովոյն: Որ յամի չորրորդի Կոստանդինու կայսեր բարեպաշտ թագաւորի հոռոմոց: Այս գիր ի հաստատութիւն գրեցաւ, յուղիղ կարգի եւ կանոնաց սրբոյ եկեղեցւոյ, եւ առաջնորդաց եւ ժառանգաւորաց: Հրամանաւ երանելոյն կաթուղիկոսի հայոց Ներսէս Շինողի եւ այլոց եպիսկոպոսաց: Որոց անուանք դրոշմեալ կան գրով ի կատարման կանոնացդ, գլ. ԺԲ»:

 

1. Առաջնորդաց սրբոյ եկեղեցւոյ այսինքն է եպիսկոպոսաց ըստ կանոնի սրբոց հարցն է գնալ արժան սրբութեամբ եւ արդարութեամբ յամենայն ճանապարհս արդարութեան. զի յամենայն նովաւ յաղեսցին եւ համեմեսցին. գուցէ անհամեալք ընկեսցին արտաքս, եւ եղիցին կոխան ի մարդկանէ. այլ լինիլ աւրինակ հաւտին ամենայն բարեձեւութեամբ, զի երեւել մեծի հովուապետին ընդունեցին զանթառամ փառաց պսակն:

 

Առաջնորդները իրանց պաշտօնը պիտի կատարեն սրբութեամբ եւ արդարութեամբ, ու բարի օրինակ լինեն իրանց հօտին:

 

2. Եպիսկոպոս այլոյ վիճակին սեղան հաստատել կամ քահանայ ձեռնադրել մի իշխեսցէ ըստ կանոնի սուրբ հարցն. բայց եթէ ոչ գոյ եպիսկոպոս, հրամանաւ եպիսկոպոսապետին արասցեն մերձակայ եպիսկոպոսքն, բայց հասքն նոյն վիճակի եկեղեցւոյն եղիցին որպէս եւ կանոնեալ է:

 

Եպիսկոպոսը սուրբ հարց կանոնի համաձայն ուրիշի թեմում սեղան հաստատել (եկեղեցի օրհնել), կամ քահանայ ձեռնադրել չի կարող. եթէ թեմում առաջնորդ չլինի, այդ կարող է անել մերձակայ եպիսկոպոսը միմիայն եպիսկոպոսապետի հրամանով. բայց հասոյթը մնայ այն վիճակի եկեղեցուն, որտեղ ձեռնադրութիւն է կատարւում (տե՛ս Բ. առ. 35, Անտ. 3, 13, Սարդ. 1, 2, 11, 15):

 

3. Եպիսկոպոս զայլոյ եպիսկոպոսի վիճակ մի յափշտակեսցէ. եւ զսովորական այս ընթրիսն որ ոչ է նմա անկաւոր մի առցէ, եւ եթէ պայքար ինչ իցէ ի մէջ եղբարցն հաշիւ դիցեն, այլ բռնութեամբ մի իշխեսցեն առնել կամ յափշտակութեամբ:

 

Առաջնորդը ուրիշ եպիսկոպոսի վիճակ չյափշտակի եւ ոչ էլ վերցնի իրան չպատկանող օրական հասոյթքները (տե՛ս Բ առ. 14, 35, Եփ. 8, Անկ. 13):

 

4. Եպիսկոպոսք իւրաքանչիւր վիճակացն, վանաց եւ անապատաց, տեսչութիւն եւ հոգաբարձութիւն արասցեն ի լոյս եւ ի պաշտաւն եւ ի դպրոցս հայել, եւ իւրեանց պաշտաւնէիւքն կերակրել եւ վայելել ի սրբոցն շնորհէ. այլ բռնութեամբ եւ զաւշաքաղութեամբ ինչ մի իշխեսցեն առնել. նոյնպէս եւ ի տկարանոցս հայել եւ տեսչանորել եւ զպոռնկեցելոցն եւ զայլոց յանցաւորաց զտուգանս առնուլ եւ ի նոսա մատակարարել. այլ զաւշաքաղութեամբ ինչ եւ բռնութեամբ ի տկարանոցացն մի իշխեսցեն առնուլ, այլ մանաւանդ յանձանձել եւ մխիթարել զտկարացն չքաւորութիւն. նոյնպէս եւ վանաց երիցունքն եւ քահանայքն վարդապետին ի հնազանդութիւն կացցեն: Ապա եթէ ոք յեպիսկոպոսաց եւ ի քահանայից անհնազանդեալ արհամարհիցէ զեղեալ կանոնս նախահարցն ընդ կանոնական պատուհասիւք եղիցի:

 

Եպիսկոպոսները տեսչութիւն եւ հոգացողութիւն անեն իրանց վիճակներին, վանքերին, անապատներին եւ դպրոցներին, կառավարեն կարգին եւ ոչ բռնութեամբ ու զօշաքաղութեամբ: Նոյնպէս եւ այցելեն հիւանդանոցները, պոռնկութիւն անողներից եւ յանցաւորներից տուգանք առնել եւ դրանց յանձնել ի մատակարարութիւն. բայց ոչ մէկից բռնութեամբ ոչինչ չվերցնեն: Նոյնպէս եւ վանաց երէցները եւ քահանաները իրանց վարդապետին հնազանդ լինեն: Ով նախահարց դրած կանոնները կարհամարհի, կանոնական պատուհաս կրի:

 

Կանոնիցս  երեւում է, որ ա) վիճակի վանքերը, անապատները, դպրոցները, հիւանդանոցները գտնւում էին առաջնորդի հսկողութեան տակ: բ) Որ այդ հաստատութիւնները պահպանւում էին կամաւոր տուրքերով եւ հասոյթքներով: գ) Որ պոռնիկներից եւ յանցաւորներից առաջնորդներին իրաւունք էր տրւում տուգանք առնելու յօգուտ հիւանդանոցների: Գ կէտս արդեօք ի՞նչպէս պիտի հասկանալ, եթէ յանցաւորը եւ պոռնիկը փող չտային, եպիսկոպոսը զօրով պիտի առնէ՞ր, կամ եթէ պոռնիկներից փող էին վերցնում, այդ վերցնելով հօ չէ՞ին թողնում, որ նա արհեստը շարունակի: Մանրամասնաբար այդ բանի մասին չէ խօսում, միայն համեմատելով նախկին եւ ժամանակակից ուրիշ կանոնների հետ, կարելի է մօտաւորապէս այս ասել, որ յանցաւորը եւ պոռնիկը յանցանքը խոստովանելիս, երբ ապաշխարանքի էին ենթարկւում, դրան հետ միասին եւ տուգանքի էին ենթարկւում յօգուտ աղքատանոցի, այլապէս նրանք թոյլտւութիւն չէին ստանալ աղօթելու հաւատացեալների հետ եւ հաղորդուելու. այնպէս որ եպիսկոպոսի կողմից զօրի դիմելու կամ իշխանի ձեռքով տուգանելու հարկ չկար, այդ տուգանքը դրւում է յօժարական իբրեւ փրկութեան ապաշխարանք: Մանաւանդ կանոնս խստիւ արգելում է աչքածակութեամբ կամ բռնի կերպով տուրք վերցնել, հասերը ժողովել: դ) Վանաց երէց եւ քահանայ ասելով ի՞նչ պիտի հասկանալ. երէց իբրեւ մեծ հասկանալ այստեղ չի կարելի, որովհետեւ երէցին եւ քահանային պատուիրում է մեծին, այսինքն վարդապետին հնազանդ լինել: Լամբրոնացին ասում է` գիւղի տէրտէրը երէց է կոչւում, իսկ քաղաքինը` քահանայ: Վանաց երէց ասելով` պիտի հասկանանք վանքերում վանականների համար եկեղեցական պաշտամունքներ կատարող քահանայ, որովհետեւ վանականները առանց քահանայական աստիճանի էին, լոկ կրօնաւորներ էին, իրաւունք չունէին քահանայագործութիւն անելու: Վարդապետ ասելով` պիտի հասկանալ այստեղ թէ վանահայր եւ թէ քարոզիչ, ուսուցանող (տե՛ս Բ. առ. 81, Անտ. 9, Սահ. 5):

 

5. Վասն շնորհի եւ ժառանգութեան սահմանեցաք թէ ի սկզբանէ որպէս ի հրամանէ սրբոյն Գրիգորի լեալ նոյնպէս եղիցի, որ շատ է ժառանգութիւն զշատն կերակրիցէ, որոյ սակաւ զսակաւն կալցի, եւ մի ըստ ծխոց բաժանեսցեն զշնորհն, զի ժառանգութիւն սրբոյ եկեղեցւոյ իբրեւ զազատութիւն է, զոր երանելոյն սրբոյ Գրիգորի, եւ թագաւորին Տրդատայ զատուցեալ են, արդ զիւրաքանչիւր հարանց զժառանգութիւն կալցին, եւ սրբոյ եկեղեցւոյ պաշտամանն հպատակ կացցեն եւ վարդապետին ի հնազանդութեան, ամենայն յաւժարութեամբ: Արդ եթէ ոք յուլանայցէ եւ զլոյս եւ զպաշտաւն եկեղեցւոյն խափանեսցէ եւ զմանկունս ուխտին ի դպրոց ոչ տացէ, իշխանութիւն լիցի եպիսկոպոսին խրատել եւ ածել ի կարգ յուղղութեան:

 

Քահանայական շնորհի եւ ժառանգութեան համար այս ենք սահմանում, որ ինչպէս Լուսաւորչից կարգուած է, այնպէս էլ մնաց, ով ինչքան ժառանգութիւն ունի, շատ թէ քիչ, նրանով էլ բաւականանայ. ծխերի թուով չբաժանեն ժողովուրդը եւ քահանայ կարգեն. որովհետեւ ս. եկեղեցու ժառանգութիւնը ազատակամ տրուած է Լուսաւորչից եւ Տրդատից: Ուստի եւ իւրաքանչիւր քահանայ ստանայ հայրերի ժառանգութիւնը եւ սուրբ եկեղեցու պաշտօնակատարութիւնը սրբութեամբ կատարի ու հնազանդ լինի վարդապետին: Եթէ կծուլանան եւ մանուկներին դպրոց չեն տալ, սրբութեամբ պաշտօնները չեն կատարիլ, եպիսկոպոսը թող խրատելով ուղղութեան բերի:

 

Կանոնս պարզ ասում է, որ ծխաբաժանութիւն չլինի, եւ դրա հիմք բերում է այն, որ ինչ հող որ Լուսաւորիչ եւ Տրդատ յատկացրել են եկեղեցիներին եւ հետեւապես քահանաներին, դրանով քահանաները պիտի բաւականանան, շատ լինի, թէ քիչ նրանք չպիտի տրտնջան: Երեւում է, որ ծխաբաժանութեան արգելքը հիմնուած է գլխաւորապէս նրա վրայ, որ, ինչպէս տեսանք Բ Դուինի ժողովի կանոններից, ահագին աղմուկ եւ վէճ էր առաջանում ծխականների մէջ եւ միւս կողմից էլ որկրամոլ քահանաների մէջ, այդ կռիւները երեւում է՝ շարունակւում էին մինչեւ այս ժողովի ժամանակն էլ, կանոնս արգելում է, որ քահանաները առանց տրտնջալու իրանց բաժնի քիչութեան վրայ, պիտի իրանց պարտքը սրբութեամբ կատարեն եւ եղածով բաւականանան:

 

Այս կանոնից կողմնակի կերպով երեւում է, որ իւրաքանչիւր եկեղեցի ունեցել է հող, կալուածք, որոնք տրուել են Տրդատից սկսած քահանաներին եւ միւս հոգեւորականներին տնտեսական ապահովութեան համար. մինչեւ անգամ երեւում է, որ այդ կալուածքները ժառանգաբար անցնում է եղել քահանայական սերունդի բոլոր ժառանգներին որդէց որդի: Տրդատի եւ Լուսաւորչի դրած կարգը հողից օգտուելու վերաբերմամբ պարզ է, որ հոգեւորականը պիտի ապրի այդ հողի արդիւնքով, եւ որովհետեւ քահանաները ամէն ճիգն գործ են դրել իրանց որդիներին փոխանորդ եւ յաջորդ կարգել տալ իրանց, դրանից էլ հետեւել է եւ այն, որ հողը իբրեւ հոգեւորականի բաժին անցել է որդիներին եւ թոռներին: Դուինի ժողովների կանոններում, ինչպէս տեսանք, երկու տեղ պատիժ է նշանակում քահանաներին եւ խիստ պատիժ, այն է` զրկել քահանայական ամբողջ տունը ժառանգութիւնից, այսինքն եկեղեցապատկան կալուածքների արդիւնքները ստանալուց: 692-ի ժողովը` Հինգ-վեցեան, մատնացոյց է անում այդ սովորութեան վրայ, որ հայերը հրէական սովորութեան հետեւելով` քահանայութիւնը ժառանգաբար պահում են իրանց օջախում:

 

Բ Դուինի ժողովի 1, 2 կանոնների որոշումը աւելի արդարացի էր եւ օգտաւէտ քահանաների ապահովութեան տեսակէտից, քան այս ժողովի, որի որոշումից երեւում է, որ քիչ ծուխ ունեցող քահանան պիտի լուռ ու մունջ աղքատութեամբ ապրի հարուստ ծուխ ունեցողի մօտ, կամ աւելի ճիշտ ասած` շատ կալուածքներ ունեցող եկեղեցին իւր արդիւնքից ոչ մի մաս չպիտի յանձնի դրացի աղքատ եկեղեցուն. այն ինչ Դուինի Բ ժողովը պատուիրում էր բոլոր արդիւնքները եկեղեցի տանել եւ այնտեղ կանոնաւոր բաժանել:

 

6. Ոմանք յուխտէ յեկեղեցւոյ զկարգ եւ զպաշտաւն թողին եւ հեծելութիւն ստացան արդ եթէ դառնան ի չար ճանապարհէն աւրհնեալք են ի մէնջ. եւ ընկալեալք ի մէնջ. ապա եթէ ոչ իշխանութիւն լիցի վարդապետին զշնորհս եկեղեցւոյն հանել յայնպիսեացն, եւ արժանաւոր քահանայից եւ պաշտաւնէից եւ մերձաւորաց տալ որք սրբոյ եկեղեցւոյ զգուշութեամբ զկարգն կատարեն. այլ եւ ժամ դիցեն այնպիսեացն, Գ ամս եթէ ոչ դառնան ի նանրութենէ ճանապարհէն իշխանութիւն լիցի եպիսկոպոսին զայնպիսին գրով եւ կնքով իսկ մերժել ի շնորհացն եւ տալ մերձաւորաց նոցա:

 

Եկեղեցականներից  նրանք որոնք  իրանց  պաշտօնը թողած`  հեծելութեամբ կպարապեն, եթէ այդ չար ճանապարհից չդառնան եւ 3 տարի ժամանակ նշանակելուց յետոյ էլի շարունակեն իրանց վատ ընթացքը, եպիսկոպոսը իրաւունք ունի գրով եւ կնքով մերժել նրանց շնորհքներից եւ տալ՝ նրանց մերձաւորներին:

 

Հեծելութիւն ասելով` պիտի հասկանալ որսորդութիւն անել, հեծելազօրքի մէջ մտնել, ձիարշաւներ սարքել եւլն, եւլն: Շնորհքներից մերժել կարելի է հասկանալ թէ կարգալոյծ անել եւ թէ քահանայագործութիւնից զրկել. երկուսն էլ երեւի կատարւում էր եպիսկոպոսի գրով եւ կնքով եւ յայտնւում էր վճիռը ժողովրդին:

 

Շնորհքը, այսինքն քահանայութիւնը տալ մերձաւորներին նշանակում է կարգալոյծ եղածի մօտիկ ազգականներից մէկին քահանայացնել լուծուածի փոխարէն. այս կարգադրութիւնը էլի ցուցնում է, որ քահանայութիւնը անցնում է մէկից ուրիշին ազգականական շրջանում:

 

7. Այլ վասն մերոյ մեղաց յորժամ աշխարհս գերեցաւ ի թշնամեաց, բազում արք եւ կանայք ի գերութեան էին եւ նոցա ամուսինքն առանց վարդապետին հրամանի կանայս առին եւ արանց եղեն, վասն այնպիսեացն սահմանեցաք այսպէս թէ յառաջ քան Զ-Է ամն մինչ զուգակիցն ի գերութեան էր եւ նոքա յանդգնութեամբ այլ ամուսին. այնպիսեացն ամուսնութիւնն ի պոռնկութենէ եւ գան եւ պատուհաս կրեսցեն յընչից եւ ի ստացուածոց նոցա հրամայեցաք առնուլ վարդապետաց եւ աղքատս բաշխել. եւ զնոսա զատուցանել ի միմեանց եւ ապաշխարել Է ամ, իսկ եթէ Է ամին ամուսինքն դարձեալ լինին ի գերութենէն անդրէն հրամայեցաք դառնալ իւրաքանչիւր ամուսինս. ապա եթէ ոչ կալցին զոր առինն, եւ նոքա որ դարձանն աւրհնութեամբ այլ կանայս առցեն եւ այլ արանց լինիցին եւ կրկին ապաշխարութիւն ի վերայ եղիցի. իսկ որ համբերեացն Զ, Է ամն առցէ աւրհնութեամբ առանց տուգանի եւ պատուհասի եւ կրկին ապաշխարութիւն եղիցի:

 

Շատերը մեր աշխարհից գերի տարուեցան թշնամիներից հեռու տեղեր, նրանց ամուսինները առանց վարդապետի հրամանի ամուսնացան: Դրանց համար սահմանում ենք, ով մինչեւ 7 տարի, երբ զուգակիցը գերութեան մէջ է, կհամարձակի ամուսնանալ, նա պոռնկութիւն արած կհամարուի, ծեծ եւ պատուհաս կկրի. նրա ինչքից եւ ստացուածքներից կխլուի վարդապետների ձեռքով եւ աղքատներին կբաշխուի. նրանց պէտք է միմեանցից բաժանել եւ 7 տարի ապաշխարանքի ենթարկել եւ եթէ 7 տարին լրանալուց յետոյ գերութիւնից ամուսինները վերադառնան, նորից միանան իրանց նախկին ամուսինների հետ. եթէ չկամենան, թող երկրորդ ամուսնուն գնան: Իսկ յետ դարձողները օրհնութեամբ ուրիշ կանայք առնեն:

 

Իսկ ով համբերեց 7 տարի, օրհնութեամբ եւ առանց տուգանքի ու պատուհասի թող պսակուի, միայն կրկին ապաշխարութիւն կրի:

 

Շահապիվանի ժողովը թոյլ էր տալիս երկրորդ անգամ ամուսնանալ երկու դէպքի, այն է` պոռնկութեան եւ մարմնական արատ ունենալուն համար. այս կանոնս աւելացնում է նոր դէպք, որ առաջացել է նոյն ժամանակուայ հանգամանքներից, այն է` 7 տարի գերութեան կամ անյայտութեան մէջ եղողը եթէ կորչում է, կամ լուր չի տալիս, կամ չի վերադառնում, երկրորդ ամուսինը իրաւունք ունի ամուսնանալու, միայն ապաշխարանք կրելով: 7 տարուց առաջ առանց օրինաւոր հոգեւոր իշխանութեան գիտութեան պսակուողը, բաժանւում է ամուսնուց, ծեծ ու պատուհաս է կրում, 7 տարի ապաշխարում է եւ ապա եթէ նախկին մարդուն չկամենայ գնալ, նորից կմիանայ երկրորդ մարդու հետ: Այս կանոնը կարելի է ընդունել հիմք այն ամուսնալուծութեան դէպքերին, երբ ամուսիններից մէկը զրկւում է կացութեան բոլոր իրաւունքներից եւ աքսորւում է հեռու տեղեր, տաժանակիր աշխատանքի:

 

Այս կանոնի մէջ նկատելու կէտն այն է, որ ծեծը, պատուհասը, տուգանք առնելը մեղաւորներից յանձնւում է վարդապետներին. Շահապիվանի ժողովի նման` հակառակ եկեղեցական կարգերին մարմնական պատիժ է նշանակում: Արդեօ՞ք տուգանք առնելիս, ծեծ տալիս, վարդապետները իրանց անմիջական հրամանի տակ գտնուած մարդկանց միջոցով էին վարւում, թէ մարմնաւոր իշխանութեան պաշտօնեաների ձեռքով. այդ անորոշ է. միայն նայելով վերջին 40-50 տարի առաջ հոգեւորականներին դատ կտրելու ձեւին, կարելի է ենթադրել, որ ուժ զգացող հոգեւորականները իրանց ձեռքով էին հէնց դատ կտրում կամ ծառաների օգնութեամբ, օրինակ` Ղարաբաղի մետրոպոլիտների համար պատմում էին, որ դրանք քահանաների մօրուքը  քանդում էին բանտարկում էին տուգանքներ որքան կամենան, առնում էին. իսկ աշխարհականներից, միայն խեղճերին էին ծեծում: Նախորդ կանոններում տեսանք, որ մեղաւորների ծեծը յանձնում էին գիւղի գլխաւորներին. այնպէս որ կարելի է երկու ձեւն էլ ընդունել, որ բիրտ եկեղեցականները հէնց իրանց ձեռքով էին դատ կտրում, ծեծում, փետում, բանտարկում, մեղմ բարք ու վարք ունեցողները գիւղի մեծերի կամ իշխանների օգնութեամբ էին պատիժները կատարել տալիս:

 

8. Եթէ ոք այր կամ կին ի սրբոյ եկեղեցւոյ ի ժառանգաւորաց անորդի իցէ, ի կենդանութեան իւրում իշխան լիցի ինքն ունել զամենայնն եւ անցեալ ըստ ինքն ի մերձաւորացն մի իշխեսցէ հեռացուցանել, զհող եւ զջուր եւ զշնորհս եկեղեցւոյն եւ մերձաւորքն եթէ բազումք են եւ նա կամիցի զմի ոք առնել իւր որդէգիրս, իշխան է առնել որ նմա ըստ կամս գնայցէ եւ դիւր լինիցի. բայց հեռաւորի եւ յաւտարի չիշխէ տալ. բայց զշարժուն ոք եւ զհրիտակ ում կամի տալ արժան է . եւ թէ վաճառել կամի կամ հոգեաց տալ իշխան է, իսկ եթէ որդէգրեալն արժանասցի քահանայութեան գեւղջն վկայութեամբ կամ որ որդեգրեացն զնա եւ չէր անկ նմա քահանայութիւն. սակայն զկէս շնորհին կալցի յաղագս ձեռնադրութեան ազատ ի հարկէ եւ ի բեկարէ. եւ զկէս շնորհին եւ զհող եւ զջուր բովանդակ սրբոյ եկեղեցւոյն թողցէ վախճանեալ քահանայն եւ կին նորա. ամենայն իսկ շնորհն մերձաւորաց եղիցի. եթէ ոչ որդիս եւ թոռունս ունիցին, զի չվայելէ զսրբոյ եկեղեցւոյ զժառանգութիւն յարժանաւոր մերձաւորացն աւտարացուցանել. եւ տալ հեռաւոր աւտարաց. բայց թէ անկաւորացն կամաւորութեամբ վաճառել. իսկ թողացուսցէ վարդապետն եւ զայն մի շինականի ումեք այլ յուխտէ եկեղեցւոյն թէ հեռաւոր իցէ, իշխան է վարդապետն եւ մերձաւորին չմերձեցուցանել. իսկ եթէ զգեւղջն երիցուն դիպի ժառանգութիւն մնալ եղիցի ժառանգութիւն սրբոյ աթոռոյն եւ ում կամեսցի շնորհեսցէ վարդապետն միայն արժանաւորաց եւ դիտնոց: Արդ այս սահմանադրութիւն եկեղեցւոյ ի Հերակլէ հոռոմոց թագաւորէ եւ ի Խոսրովայ պարսից արքայէ աւուրցն եւ այսր եղիցի: Իսկ ինչ որ յառաջ քան զնոցա ժամանակն գործեցեալ է մի շարժեսցի զի չգիտեմք ինչ հաստատուն թէ որպէս կալեալ, բայց յայսմ հետէ այսպէս կալցին որպէս սահմանեցաք յանուն Տեառն. եւ մի ոք իշխեսցէ փոփոխիլ զայս սահմանադրութիւն:

 

Եթէ սուրբ եկեղեցու ժառանգաւորներից մէկը անորդի է, իրաւունք ունի կենդանութեան ժամանակ օգտուելու եկեղեցուց իրան յանձնուած եկամուտներով, բայց իւր ազգականներից որեւէ մէկին «հողից ջրից» բաժին հանել եկեղեցու սեպհականութիւնից կտրելով, չի կարող: Իսկ եթէ ազգականներից մէկին հաւանի, սիրի, իրան որդեգիր դարձնի, կարող է նրան տալ. բայց օտարին որդեգրել այդ դիտաւորութեամբ չի կարող: Գալով շարժական կայքին, եկեղեցականը կարող է տալ ում կամենայ եւ կամ վաճառել, կամ կտակ անել: Եթէ որդեգիրը ժողովրդի հաւանութեամբ քահանայ կդառնայ եւ նիւթական կարիք չի ունենալ, այն ժամանակ արտօնութեան կէսը վայելի, այն է՝ ազատ լինի հարկից եւ բեկարից, իսկ արտօնութեան միւս կէսը՝ այսինքն սուրբ եկեղեցու բոլոր հողն ու ջուրը թողնեն մերձաւորներին ի հարկ է միմիայն այն դէպքում, երբ մեռած քահանան չունենայ որդիք եւ թոռներ, որովհետեւ եկեղեցու ժառանգութիւնը պիտի արժանաւոր մերձաւորներին տալ եւ ոչ հեռաւոր օտարներին: Արժանաւոր մերձաւորների կամքով եւ վարդապետի թոյլտւութեամբ կարելի է վաճառել, բայց ոչ գիւղացուն, այլ հոգեւորականներին միայն: Եթէ պատահի, որ գիւղի երէցին մնայ ժառանգութիւնը, այն ժամանակ վարդապետը սուրբ աթոռին յատկացնի եւ տէր լինի տալու ում եւ կամենայ՝ միայն արժանաւոր եւ գիտուն մարդկանց յանձնի:

 

Այս սահմանադրութիւնը հոռոմոց Հերակլ թագաւորի եւ պարսից Խոսրով արքայի ժամանակից է եւ մինչեւ այժմս էլ կայ: Իսկ թէ նրանց ժամանակից առաջ ինչպէս է եղել, հաստատ չգիտենք, բայց սրանից յետոյ ինչպէս սահմանեցինք, այնպէս էլ լինի, ոչ ոք չհամարձակի փոփոխել այս սահմանադրութիւնը:

Այս իւրատեսակ տարօրինակ կանոնը շատ կզարմացնէր մեզ՝ ընթերցողներիս, եթէ չլինէր վերջին նկատողութիւնը, որից երեւում է, թէ այս 8-րդ կանոնը սահմանուած է մինչեւ 648 թիւը, երեւի հէնց Ներսէս Գ-ի օրով 641ից յետոյ կամ Եզրի օրով 630-ից յետոյ, վերջապէս կանոնս սահմանուել է 630-648 տարեշրջանում. իսկ թէ դրանից առաջ բոլորովին տարբեր կարգ է եղել, այդ վկայում է նոյն իսկ կանոնադիրը, ասելով՝ «առաջ ինչպէս է եղել, հաստատ  չգիտենք»:

 

Ի՞նչ բանի մէջ է այս կանոնիս իւրատեսակ ու տարօրինակ լինելը. նրանում, որ քահանան ժառանգ է թէ եկեղեցական կալուածքների եւ թէ քահանայական կարգի, եկեղեցական կալուածքը յաւիտենական կերպով մնում է քահանայի ցեղում, եթէ ջնջուի, վարդապետը, այսինքն առաջնորդող անձը կարող է յանձնել արժանաւոր եւ գիտնական համարուող հոգեւորականներից մէկին: Այս կանոնս հակաեկեղեցական, հակաաւետարանական է, Լուսաւորիչ եւ Տրդատ հողեր յատկացրին եկեղեցուն եւ ո՛չ քահանաներին ի ժառանգութիւն. քահանաները կ’օգտուեն այնքան ժամանակ, որքան որ քահանայական պաշտօնի մէջ կը համարուեն, իսկ մեռնելուց, կամ տեղափոխուելուց կամ քահանայական իրաւունքներից զրկուելուց յետոյ եկեղեցու հողերը կանցնին նրան յաջորդող ծխատէր քահանային. այսպէս է բոլոր եկեղեցիների կանոններով եւ պետական օրէնքներով, այսպէս է եւ այժմ մեր եկեղեցու գործնականութեան մէջ: Թէ ի՞նչ է պատճառը, որ այսպիսի տարօրինակ կանոն սահմանեցին, այդ մասամբ պարզւում է հետեւեալ 9-րդ կանոնիցս:

 

9. Յորժամ ազատք զերդ ու մարդ բաժանեն, յոլովք չարակնութեամբ առնեն զժառանգաւորս եկեղեցւոյ ջանան ի ծառայութիւն եւ ի ստրկութիւն արկանել մոլեալք եւ մոլորեալք ի հաւատոց քրիստոնէից, զի երանելոյն Գրիգորի եւ սրբոյն Տրդատայ զսուրբ եկեղեցւոյ մանկունս ընդ ազատաց տոհմին են կարգեալ եւ ազատէին սրբոյ եկեղեցւոյ հող եւ ջուր: Նա եւ ի Պարսից իսկ տէրութեան յայտ արարեալ. եւ չէ խառնեալ ի շինական  իշխանութեամբ  զերիցունեաց տունսն ի դիւանին եդեալ են, բայց միայն զհասն տալ արքունիս: Արդ եթէ ոք ագահութեան ակամբ հայեսցի եւ զազատ մանկունս եկեղեցւոյ ի բաժին եւ ի վիճակ եւ ի ծառայութիւն արկցեն եւ այսպիսիքն ի սուրբ Լուսաւորչի աւրհնութենէն եւ ի մերմէ ժողովոյս հեղ ի եղիցին. եւ մի իշխանութիւն վարդապետի եւ քահանայից զայնպիսեացն պատարագն աւրհնել այլ եւ ոմանք ազատաց ըստ իւրաքանչիւր  կամաց բաժանեն զշնորհս  եկեղեցւոյ  եւ զառաջնորդաց զիշխանութիւն եւ զգործ յափշտակեն. եւ վարդապետաց հրամանի եւ մեր կանոնիս ունկնդիր չլինին. այնպիսի յանդգնեալքն որ գործեն զտարահաճելիս Աստուծոյ հեռի եղիցին ի սրբոց եւ ի մեր աւրհնութենէն:

 

Երբ ազատները (ազնուականները) իրանց ծխերը եւ մարդիկ բաժինբաժին են անում, նրանցից շատերը հակառակ քրիստոնէական հաւատի՝ եկեղեցականներին աշխատում են ձգել ծառայութեան եւ ստրկութեան տակ: Գրիգոր Լուսաւորիչ եւ Տրդատ հոգեւորականներին ազատների տոհմի հետ են ցուցակագրել եւ սուրբ եկեղեցու հողն ու ջուրը հարկից ազատել. մինչեւ իսկ Պարսից տէրութիւնը հոգեւորականներին գիւղացիների ցուցակից հանած առանձին է պահում եւ միայն արքունական հասն է առնում: Ով հակառակ կվարուի եւ հոգեւորականութիւնը հարկի տակ կձգի, մեր ժողովի եւ Լուսաւորչի օրհնութիւնից հեռու լինի. նրանց պատարագը չօրհնուի: Ազնուականներից ոմանք էլ ըստ հաճոյից եկեղեցու արտօնութիւնները խլում են, առաջնորդի իշխանութիւնը եւ իրաւունքը յափշտակում են, վարդապետների եւ մեր կանոններին հակառակում են, այդպիսիները հեռու լինեն Աստուծոյ սուրբ եւ մեր օրհնութիւնից:

 

Այս 9-րդ կանոնը մասամբ բացատրում է, թէ ի՞նչու ժողովս խստիւ արգելում է եկեղեցու կալուածների օտար ցեղերին անցնելը, որովհետեւ շատ ազնուականներ քահանաների հողերը հարկի տակ էին ձգում գիւղացիների հողերի հաւասար կարգով` մոռանալով Տրդատի սահմանած կարգը, որով հոգեւորականները ազատւում էին հարկերից, նոյնպէս եւ եկեղեցապատկան հողերը. հողերը քահանայական տան ժառանգութիւն համարելով եւ եկեղեցու սեպհականութիւն, եւ քահանայութիւնը միեւնոյն տան ժառանգութիւն, բոլորովին ապահովեցնել է ցանկանում քահանայի տունը եւ ընդ միշտ ազատում հողային հարկերից:

 

Կանոնիցս երեւում է, որ Պարսից տէրութիւնը հոգեւորականներին ձգած է եղել ազատների կարգը, բայց «արքունական հաս» առնելիս է եղել: Արդեօք «հաս» ասելով պիտի հասկանալ հողի հա՞րկ, թէ՞ բերքերի տասանորդ, թէ՞ հէնց ընդհանուր տուրք միմիայն հոգեւորական դասին պատկանողներից: Որպէս զի ազնուականները չասեն, թէ այս հողը քահանայինն է եւ ո՛չ եկեղեցուն, եւ դրա համար էլ քահանայք պիտի հողային հարկ տան, կանոնս եկեղեցու սեպհականութիւնը միացնում է քահանայի սեպհականութեան եւ ժառանգական քահանայութեան հետ: Թէ արդեօք քահանայի բաժանուած եղբայրները հարկ տալիս էին, թէ ոչ, կամ եթէ կոռ ու բեկարից ազատ էին, ազա՞տ էին արդեօք հողի հարկից, շատ անորոշ է: Քահանայութիւնը ժառանգական անելու երկրորդ պատճառ կարելի է համարել կանոնիս վերջին կտորը, որ ազնուականները առանց հոգեւոր իշխանութեան նշանակում են քահանաներ եւ առաջնորդներ, առանց ի նկատի առնելու նրանց ապահովութեան խնդիրը: Կանոնս իրաւունք է տալիս անորդի քահանային որդեգիր ընտրել եւ ժողովրդի հաւանութեամբ քահանայ ձեռնադրել տալ, որպէս զի դրանով ազնուականների քմահաճոյքից ազատի քահանայ ընտրելը:

 

10. Ոմանք ազատաց ի վերայ վանաց իշխանութիւն առնեն եւ վանական զոր եւ կամին գտնեն եւ հարկանեն. զոր չէ արժան եւ աւրէն, եւ ոմանք ընտանեաւք  ի  վանքն  նստին  արհամարհեալք զեկեղեցաւն  Աստուծոյ  անպատկառելի անամաւթութեամբ, արդ եթէ լուեալ մերոյ հրամանէ դարձցին եւ թողցեն յառաջնորդս զտեսչութիւն եկեղեցւոյն կարգել եւ յաւրինել ըստ հաճոյիցն Աստուծոյ, այսպիսեացն յառաջագոյն գործելեացն թողութիւն լիցի եւ ի մեր միաբան ժողովոյս աւրհնեալ եղեցին եւ ժողովրդեամբ եւ պտղաբերութեամբ եւ ուխտաւորեալ եւ նուիրեալ ընծայիւք երթիցեն ի վանսն եւ աղաւթեսցեն որպէս արժան է իւրեանց հարանց վաստակս, բայց ժլատութեամբ մի իշխեսցեն զի եղիցին աւրհնեալ յԱստուծոյ եւ ի մեր ժողովոյս:

 

Ազնուականներից ոմանք վանքերի վրայ իշխանութիւն են բանեցնում, ում կամենում են վանական են նշանակում եւ արձակում: Ոմանք էլ ընտանիքով նստում են վանքերում, արհամարհելով Աստուծոյ եկեղեցին: Այժմ որոնք կլսեն մեր հրամանը, կդառնան եւ վանքերի ու եկեղեցիների տեսչութիւնը կյանձնեն առաջնորդներին, նրանց առաջուց գործած մեղքերին թողութիւն լինի, մեր ժողովիցը միաբերան օրհնեալ լինի:

 

Արտաքին ժողովների կանոնները աւելի խիստ են վերաբերւում դէպի մարմնաւոր իշխանութեան միջամտութիւնը եկեղեցական գործերում, քան մեր այս կանոնները: Անտ. 19 կանոնը զրկում է քահանայութիւնից նրան, որ կձեռնադրուի իշխանների ստիպմամբ: Նիկ. 6 կանոնով առանց եպիսկոպոսների ժողովի եւ մետրոպոլիտի թոյլտւութեան նշանակուած եպիսկոպոսը զրկուած է հոգեւոր իշխանութիւնից: Սարդիկէի  կանոններում աւելի խիստ է, մեր կանոնների մեղմ վարմունքից կարելի է եզրակացնել, թէ որքան ուժեղ է եղել ազնուականութիւնը եւ անզօր հոգեւորականութիւնը նրա դիմաց (տե՛ս Բ. առ. 30):

 

11. Ոմանք ազատաց ի վերայ տկարանոցաց իշխանութիւն առնեն, եւ որպէս ի կենդանեաց հարկս պահանջեն, եւ ի կերակուրս եւ ըմպելիս իւրեանց գործակալս մատուցանեն կռուով եւ պատուհասիւ նեղին եւ զողորմելի եղբայրսն չարչարին անխղճաբար որում պարտ եւ արժան էր հոգալ եւ խնամել իւրաքանչիւր վաստակոց ի կալոյ եւ ի հնձանէ եւ յամենայն արմտեաց տալ մասն եւ բաժին եւ մխիթարել զսիրտս նոցա. եւ բժշկել զվէրս նոցա. զի եղիցին արժանաւորք մեծաց վարձուց եւ  պարգեւաց ի  փառաւոր գալստեան Որդոյն Աստուծոյ:

 

Ազատներից ոմանք հիւանդանոցների վրայ իշխանութիւն են բանեցնում, վերակացուներ են նշանակում ուտելիքի եւ խմելիքի վրայ, նեղում են խեղճերին եւ բռնութեամբ հիւանդներից հարկ եւ տուրք են պահանջում. փոխանակ օգնելու եւ բաժին տալու իրանց ունեցածներից:

 

12. Ոմանք ազատաց եւ ռամիկ հեծելոց հասանելով ի գեղս ուրեք, թողեալ զգեղն ի վանսն առնեն զիջեւանսն եւ յարկս սրբոցն գուսանաւք եւ վարձակաւք պղծեն զնուիրեալ տեղիսն Աստուծոյ, զոր սոսկալի է քրիստոնէից լսել թող թէ առնել: Արդ զվերագրեալ կանոն սահմանադրութեան մերոյ խաւսեցին ի լսելիս լսողաց վարդապետք եւ երիցունք եկեղեցւոյն եւ որք մի անգամ ունկնդիրք լիցին եւ հրամանակատարք աւրհնեցին ի Քրիստոսէ եւ ի սրբոց վարդապետաց, եւ ի մեր միաբան ժողովոյս... Ես Ներսէս շնորհիւն Աստուծոյ նուաստ կաթուղիկոս Հայոց վասն վերագրեալ կանոնիս ամենայն աթոռակցաւք մերովք սուրբ եպիսկոպոսք   հայոց   ձեռնարկեալ  կնքեցաք  ըստ  հրամանի  եւ  սահմանի  Հոգւոյն Սրբոյ եւ ընտրելոց նորայ (ստորագրութիւն 17 եպիսկոպոսի):

 

Ազնուականներից ոմանք եւ ռամիկ հեծեալներից գիւղ հասնելով, փոխանակ այնտեղ իջեւանելու, գնում են վանքերում օթեւանում, տանում են հետները գուսաններ եւ վարձու կանայք եւ պղծում նուիրեալ տեղերը: Ով չի լսիլ մեր պատուէրը եւ կշարունակի իւր ընթացքը, թող զրկուի հոգեւոր օրհնութիւնից: