Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

63) ՄԱԿԱՐ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Իբրեւ հնապատմական երկրորդական աղբիւր կարող են համարուել եւ այս կանոնները, որոնք, ինչպէս նախաբանից երեւում է, Երուսաղէմի Մակար արքեպիսկոպոսը ժողովում  սահմանել  է եւ ուղարկել է Վրթանէսին` Լուսաւորչի որդուն, սրա խնդրքին զիջանելով: Իրաւաբանական ոչ մի հիմք չունինք ընդունելու այս 9 կանոնները մեր եկեղեցու կանոնական աղբիւր, սակայն նկատելու բանն այս է, որ կանոններս ունեն ուշադրութեան արժանի նախաբան Մակարի լեզուից՝ ուղղած մեր Վրթանէս կաթուղիկոսին, որ գրութեան լեզուն եւ ոճը լուրջ է, կանոնաւոր եւ խելացի մտածողութեամբ գրած, ոչ նման Թադէոսի, Փիլիպպոսի, Հարանց հետեւողացի թէ կանոններին եւ թէ լեզուին ու բովանդակութեան. ընթերցողը ոչ մի կասկած յարուցանել իւր սրտի մէջ գրուածիս կեղծութեան մասին համեմատելով միւս կանոնների հետ՝ չի վստահանում: Նախաբանը գրաբառ բնագրով դրուած է յետոյ: Նախաբանից երեւում է, որ Լուսաւորչի որդի Վրթանէս Դ դարու առաջի կէսում քահանաների ձեռքով թուղթ է գրում Երուսաղէմ Մակար արքեպիսկոպոսին, որը Նիկիայի ժողովում եղած յայտնի եպիսկոպոսներից մէկն էր, եւ խնդրում է զանազան հարցերի լուծումն ու կարգադրութիւն այլ եւ այլ խնդիրների մասին: Մակարը ուրախութեամբ ժողով է անում, 9 յօդուածներից բաղկացած կարգադրութիւն է ուղարկում եւ յիշում է, որ հերձուածողների դէմ եղած սուրբ ժողովների կանոնադրութիւններն էլ է ուղարկում, քանի որ բոլոր բարեպաշտները պիտի ընդունեն այդ: Մակարի գրութիւնից եւ Վրթանէսի դիմումից երկու հարց են ծագում. 1) ի՞նչու Լուսաւորչի որդին, որը սնուել էր մետրոպոլտական Կեսարիայում եւ լաւ ծանոթ էր քրիստոնէութեան, կեսարական բոլոր կարգ կանոններին, որը յետոյ հօրը՝ Լուսաւորչի օգնականն էր, նրա կարգերին քաջ ծանօթ եւ որը վերջապէս բոլոր կեանքը անց էր կացրել կրօնաւորութեան ու եկեղեցականութեան մէջ, թողած բոլոր իւր իմացածը, Լուսաւորչի եւ Արիստակէսի ու Կեսարիայի մետրոպոլիտի սահմանած կարգերը, մարդ է ուղարկում հեռու Երուսաղէմ` եկեղեցու կարգեր խնդրելով եւ 2) Մակարի ուղարկած զանազան սուրբ ժողովների կանոնադրութիւններ ասելով` ի՞նչ պիտի հասկանանք:

 

Մակարից բերած կարգադրութիւննե՞րը չէին արդեօք առիթ, որ Մովսէս եւ Աբրահամ կաթուղիկոսները վրաց բաժանման ժամանակ շարունակ իրանց թղթերում կրկնում էին. «Մենք Երուսաղէմի հաւատն ունինք». այդ շրջանի բոլոր պատմագիրները` Կաղանկատուացի, Սեբէոս, Ուխտանէս, Ստեփաննոս Օրբելեան, մինչեւ իսկ նոյն բանը կրկնում էին: Այս բանը ակամայ զարթեցնում է հետեւեալ խնդիրը, արդեօ՞ք այդպիսի կանոններ բերել տալու պատճառն այն չէր, որ Հայաստանի արեւելեան եւ հարաւային կողմերում հայոց եկեղեցական սովորութիւնների եւ յունաց սահմանների մօտ գտնուած Ա, Բ, Գ եւ Դ Հայքի հայոց եկեղեցիների կարգերի մէջ տարբերութիւններ էին նշմարւում, առաջինների աւանդութեան աղբիւր ԱսորիքԵրուսաղէմ ընդունելով, երկրորդների աղբիւր` Կեսարիա-Յունաստան: Մանաւանդ որ Փոքր Հայքը միշտ եղել է յունասէր, Կեսարիայի մետրոպոլիտի իրաւասութեան ներքոյ մինչեւ Բագրատունեաց ժամանակը, յունական եւ լատինական միութեան ժամանակ միշտ հակուած դէպի օտարը, եւ ընդհակառակն` Արեւելեան Հայաստանը` քաղաքականապէս հակառակ յոյներին, պարսկասէր, միշտ պաշտպան ինքնորոյն ազգային եկեղեցու, մերժող յունական եւ լատինական շրջանի բոլոր օտարամոլ կաթուղիկոսների ծիսափոխական մտքերը: Պատմական փաստ է, որ մինչեւ Լուսաւորիչ Հայաստանում քրիստոնեայ հայեր շատ կային եւ իրանց եկեղեցական պաշտամունքը վարում էին առաւելապէս ասորերէն, որ նրանք հետեւում էին Երուսաղէմի եկեղեցուն: Թէ նախալուսաւորչական ընդհանուր քրիստոնեայ եկեղեցու մէջ դաւանաբանական տարբերութիւններ չկային, բայց կային ազգայնական տարբեր սովորութիւններ, արեւելեան եւ արեւմտեան ծէսեր, որոնք II եւ III դարերում գժտութիւնների եւ զանազան մասնաւոր ժողովների գումարման առիթ տուին, այդպիսի սովորութիւնների տարբերութիւններ եղած պիտի լինեն Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանում. ահա այդ տարբերութիւնը վերցնելու եւ ճիշտն իմանալու համար Վրթանէս կաթուղիկոս պատգամաւոր է ուղարկում Երուսաղէմ եւ ոչ Կեսարիա` առաջին, որ ինքը Կեսարիայի եկեղեցու կարգերը լաւ գիտէր, էլ հարկ չկար նորից դիմելու, եւ երկրորդ՝ ամենագլխաւորը, որ Երուսաղէմի աւանդական կարգին հետեւող հայերի թիւը շատ շատ էր, որոնք երեւի թէ չէին հաշտւում Լուսաւորչի բերած յոյն եկեղեցականների սովորութիւնների հետ, եւ Վրթանէս ստիպուած էր զիջել ու մեծամասնութեան մէջ արմատացած սովորութիւնները Երուսաղէմի նոր բերած կանոններով աւելի ամրապնդել Նախալուսաւորչեան քրիստոնեայ հայերի մասին տե՛ս Բ գրքում:

Գալով երկրորդ հարցին, թէ Մակարը ի՞նչ ժողովների կանոնադրութիւններ կարող էր ուղարկել: Եթէ ընդունենք, որ Վրթանէս կաթուղիկոսութիւն է արել 333-ից մինչեւ 341 թիւը եւ այս ութ տարուայ ժամանակամիջոցումն են ստացուել կանոնադրութիւնները, այն ժամանակ կարելի է մօտաւորապէս որոշել, թէ որ ժողովների կանոններն է ակնարկում: 314 թուականներին եղան Անկիւրիայի եւ Նէոկեսարիայի ժողովները, 325-ին` Նիկիայի, 340` Գանգրայի եւ 341-ից յետոյ` Անտիոքի, թուականներին նայելով կարելի է ենթադրել, որ Մակարի ուղարկածների մէջ պիտի լինէին Անկիւրիայի, Նէոկեսարիայի եւ  Նիկիայի ժողովների կանոնները. արդեօ՞ք առաքելական կանոններն էլ կային մէջում: Այս եթէ ճիշտ լինի, դուրս է գալիս, որ արդէն 350 թուականներին հայոց կաթուղիկոսների ձեռքի տակ կային զանազան  արտաքին կանոններ որոնցով  ղեկավարւում  էին  եկեղեցու  կառավարութեան մէջ:

 

Պէտք է ի նկատի առնել, որ Մակարի 9 կանոնները դարձան հիմք մեր հետակայ ազգային ժողովների եւ ս. հարց կանոնների սահմանման համար: Գրաբար բնագիրը տե՛ս յետոյ:

 

1. Մկրտութիւնը պիտի եպիսկոպոս ու քահանայք անեն եւ ոչ սարկաւագներ, որոնք սպասաւորներ են. եթէ մի որ եւ է գաւառում սարկաւագները անգիտութեամբ մկրտութիւն են անում՝ մի պատժէք. իսկ եթէ եկեղեցու կարգերի հետ ծանօթ են եւ գիտութեամբ են անում, պատժեցէք յանցանքների համաձայն:

 

2. Եթէ աւազան չկայ, եւ մկրտութիւնը ամանի մէջ են անում, մեղաւոր չեն. եթէ եկեղեցի ունիք, պիտի մկրտատուն ունենայ եւ աւազան, որի մէջ մկրտուեն երախայք: Մկրտութիւնը կատարել միշտ, երբ պահանջ լինի եւ երեք ընկղմումով Քրիստոսի թաղման եւ յարութեան նշանակ. այսպէս ենք սովորել առաքեալներից (տե՛ս Բ Դւ. 15, Ե Դւ. 13, 14, Պար. 8, Սսի 6, Բ առ. 49):

 

3. Եկեղեցականները սրբութեամբ պիտի կատարեն իրանց պաշտօնները:

 

4. Աւանդաբար առաքեալներից ընդունել ենք, որ մկրտութեան իւղը եպիսկոպոսապետը պիտի օրհնի, հեռաւորութեան եւ կարեւոր պիտոյքի ժամանակ` արքեպիսկոպոսը երկու-երեք եպիսկոպոսով եւ սարկաւագներով: Իսկ մեռեալների եւ հիւանդաց օծման իւղը եւ մկրտուողների իւղը քահանաները եւ եպիսկոպոսները օրհնեն. այսպէս սահմանեցին սուրբ հայրերը:

Մկրտութեան իւղը մեռոնն է, որը պիտի կաթուղիկոսը օրհնի: Մկրտութեան կամ երախայութեան իւղը մեռոնով օծելուց առաջ գործածուած իւղն է. թէ երախայութեան, թէ հիւանդաց օծման իւղը օրհնում է քահանան կամ եպիսկոպոսը որքան հարկաւոր է  (տե՛ս Ե Դւ. 10, 11, 9, Սսի 23, Պար. 5, Ե Դւ. 14):

 

5. Հաղորդութեան եւ ս. սեղանին պիտի մօտենալ ուղիղ սրտով:

 

6. Ս. խորհուրդը պիտի ահիւ կատարել, ուղիղ դաւանել, ոչ Արիոսի հետեւողութեամբ:

 

7. Պիտի սեղանը ջերմ հաց հանուի առաքելոց աւանդութեան համաձայն եւ անապակ առանց խառնուրդի (գինի), որովհետեւ ապականացու բանով չենք կարող փրկուել, այլ անապական մարմնով եւ արեամբ անբիծ եւ անարատ գառինն, եւ ա՛յս սարկաւագները սեղանում պատրաստեն եւ ապա քահանաները կատարեն . խորհուրդը) (տե՛ս Ա առ. 31, Ե Դւ. 8 (Թադէոս 6):

 

8. Սեղանը պիտի լինի վարագուրով, աւազանը աջ կողմում տնով եւ պատով, թէ հոգեւորականներ, թէ աշխարհականներ կարգին կանգնեն, որ կարգը չխանգարեն:

 

9. Իններորդը կանոն չէ, այլ վերջաբան, յորդորում է, որ արիոսականների հետ չմիանան, նրանցից հեռու մնան: