Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

2) ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ

 

Ընդհանուր աղբիւրների երկրորդ մասն է Եկեղեցու գործնական կեանքը, նրա աւանդութիւնները եւ սովորութիւնները: Քրիստոսի տուած աւանդի համաձայն` առաքեալները, ցրուելով աշխարհի չորս կողմերը, բերանացի սովորեցնում էին մարդկանց այն, ինչ որ լսել էին Յիսուսից եւ աչքով տեսել Նրա արածները: Գ-Դ դարու եկեղեցական պատմիչ Եւսեբիոսը ասում է. «Մեր փրկութեան մասին մենք իմացել ենք ո՛չ ուրիշ մէկից, այլ նրանցից, որոնց միջոցով հասել է մեզ Աւետարանը, որն այն ժամանակ նրանք քարոզում էին (բերանացի), ապա Աստուծոյ կամքով տուին մեզ գրով՝ իբրեւ մեր հաւատքի ապագայ հիմք եւ սիւն...

Այսպէս Մատթէոսը հրատարակեց հրեաների համար նրանց սեպհական լեզուով Աւետարանը այն ժամանակ, երբ Պետրոս եւ Պօղոս Հռոմում աւետարանում էին եւ Եկեղեցի հիմնում: Նրանց հեռանալուց  յետոյ  Մարկոսը`  Պետրոսի  աշակերտ-մեկնիչը տուաւ  մեզ գրաւոր՝ ինչ որ քարոզուած էր Պետրոսի բերանով: Եւ Ղուկասը՝ Պօղոսի ընթացակիցը, գրքով արձանագրեց նրա քարոզած Աւետարանը: Ապա Յովհաննէս` Տիրոջ լանջին ընկած աշակերտը, նոյնպէս հրատարակեց Աւետարանը իւր` Ասիայի Եփեսոսում եղած ժամանակ» (273 երես):

Ուրեմն «Առաքելական աւանդութիւն» ասելով պիտի  հասկանանք այն բոլոր քարոզութիւնները, խրատները, հրահանգները եւ կարգերը, որոնք առաքեալները ասել են եւ սահմանել, բոլոր տեղերում իրենց յաջորդներին յանձնել` կատարելու իբրեւ աւանդած կարգ, իբրեւ եկեղեցական սովորութիւն: Ահա այս աւանդութիւնն է եկեղեցական իրաւունքի գլխաւոր աղբիւրներից մէկը: Որպէսզի աւանդութիւնը եւ սովորութիւնը Եկեղեցու գործնականութեան մէջ ունենայ պարտաւորական ոյժ անհրաժեշտ է որ աւանդութիւնը լինի Սբ. Գրքի ոգուն համաձայն` մտած առաքեալներից եւ նրանց յաջորդող սուրբ հայրերից ու Եկեղեցուց եւ որոշ ժամանակ Եկեղեցու գործնականութեան մէջ տեւողութիւն ունեցած: Մեր Եկեղեցու կարգ-կանոնի մեծ մասը հիմնուած է առաքեալներից եւ Լուսաւորչից մնացած աւանդութիւնների վրայ: Ներսէս Շնորհալու եւ այլ հայրապետների թղթերի մէջ միշտ երեւում են աւանդութիւններից քաղած վկայութիւններ Հայոց եկեղեցու ուղղափառութեան համար: Թէ որքան ահագին ոյժ է ունեցել աւանդութիւնը նախկին դարերի Եկեղեցու գործնականութեան մէջ, այդ երեւում է թէ՛ առաքեալների, թէ՛ սբ հայրերի գրուածներից: Պօղոս առաքեալը Տիմոթէոսին պատուիրում է պինդ պահել իւր տուած աւանդը. «Հաստատեալ եմ, թէ կարող է զաւանդն պահել յօրն յայն: Ունիցիս օրինակ ողջամտութեան բանիցն, զոր յինէն լուար... Զբարւոք աւանդն պահեսջի՛ր» Տիմ. Ա 12-14): «Գովեմ զքեզ, զի զամենայն ինչ յիշէք, եւ որպէս աւանդեցի ձեզ` զաւանդութիւնսն ունիցիք» Կոր. ԺԱ 2): «Այսուհետեւ, եղբարք, հաստատո՛ւն կացէք եւ պի՛նդ կալարուք զաւանդութիւնսն, զոր ուսայք թէ՛ բանիւ, թէ՛ թղթով մերով» Թես. Բ 14): Երկրորդ դարու պատմիչ Տերտուղիանոսը գրում է. «Եթէ մի որեւէ կանոն չի որոշուած գրով, բայց ամէն տեղ պահպանւում է, նշանակում է` նա հաստատուած է սովորութեամբ, հիմնուած աւանդութեան վրայ: Եթէ մէկը կ՚ասի, որ աւանդութեան համար էլ հարկաւոր է մի որեւէ գրաւոր վկայութիւն, այն ժամանակ մենք մեր կողմից ցոյց կը տանք դեռ կարգեր, որոնք առանց մի որեւէ գրութեան, լոկ աւանդութեան հեղինակութեան շնորհիւ եւ սովորութեան ուժով պահպանւում են: Այսպէս, սկսենք մկրտութիւնից. մօտենալով ջրին՝ մենք առաջ աւագի ձեռքով վկայում ենք, որ հրաժարւում ենք սատանայից եւ նրա չար զօրութիւնից, յետոյ երեք անգամ ընկղմում ենք եւ աւազանից ելնելով` ճաշակում ենք մեղր ու կաթ, ապա ամբողջ եօթնեակը սովորական լուացումներ չենք կատարում: Հաղորդութեան խորհուրդը ընդունում ենք մինչեւ արեւծագը եւ ո՛չ այլապէս, քան քահանայի ձեռքից: Հանգուցեալների համար ընծայաբերութիւն ենք անում եւ ամէն տարի հանդէս կատարում մարտիրոսների յիշատակին: Պաս չենք պահում կիւրակի օրը, նոյնպէս եւ ծունր չենք դնում նոյն օրը, խիստ զգուշանում ենք, որ Բաժակից կամ Հացից մի բան չընկնի գետնի վրայ: Բոլոր սովորական գործերի ժամանակ, տուն մտնելիս կամ դուրս գալիս, լուացուելիս, քնից վեր կենալիս եւ քնելու գնալիս, արեւը մայր մտնելիս եւ ծագելիս երեսներիս խաչ ենք անում: Եթէ այդ եւ ուրիշ շատ այդպիսի սահմանադրութիւնների համար կը հարցնես գրաւոր օրէնք, չե՛ս գտնիլ: Այստեղ ունի իւր ոյժը աւանդութիւնը` իբրեւ հիմք, սովորութիւնը` իբրեւ հաստատութիւն, հաւատքը` իբրեւ պաշտպանութիւն» (տե՛ս Заозерский, Об источниках права православной церкви, 29 երես):

Աւանդութեան ոյժի մասին Բ դարու միւս հեղինակ սբ. Իրենէոսը Գ գլխում գրում է. «Նոյնպէս Եփեսոսի Եկեղեցին, որը հիմնուած է Պօղոսի ձեռքով եւ իւր մէջ ունեցած է Յովհաննէսին մինչեւ Տրայիանոսի ժամանակները (մօտ 98 թ. ), առաքելական աւանդութեան ճշմարիտ վկայ է»: «Ի՞նչ, եթէ առաքեալները թողած չլինէին մեզ գրութիւններ, մի՞թէ չպիտի հետեւէինք այն աւանդութեան կարգին, որ տրուել է նրանց, որոնց յանձնուել են Եկեղեցիները» (278 եր. ): Երբ երկրորդ դարում շատ աղանդաւորներ առաջացան, զանազան թիւր մտքեր տարածեցին, միամիտներին իրենց կողմը ձգելու համար ասում էին, թէ իրենք առաքեալներից ծածուկ գրաւոր վկայութիւններ ունին յօգուտ իրենց աղանդական մտքերին, ահա դրանց համար գրում է Իրենէոսը (+202) 275-277 երեսներում. «Բոլոր ճշմարտութիւն տեսնել ցանկացողները կարող են իւրաքանչիւր Եկեղեցում իմանալ առաքեալների աւանդութիւնը, քարոզուած բոլոր աշխարհում, եւ մենք կարող ենք թուել այն եպիսկոպոսներին, որոնց առաքեալները նշանակել են Եկեղեցիներում իրենց փոխանորդները մինչեւ մեզ, որոնք ոչինչ չէին սովորեցնում եւ ոչինչ չգիտէին այն բաներից, ինչ որ զառանցում են դրանք: Որովհետեւ եթէ առաքեալները իմանային ծածուկ խորհուրդներ, որոնք յայտնում էին կատարեալներին առանձին եւ գաղտնի միւսներից, այն ժամանակ աւելի շատ կը հաղորդէին նրանց, որոնց իրենց յաջորդ էին թողնում եւ որոնց տալիս էին իրենց ուսուցչութեան տեղը, որովհետեւ նրանց կանոնաւոր գործավարութիւնից պիտի մեծ օգուտ առաջանար, իսկ նրանց անկումից` մեծ դժբախտութիւն»: «Հռոմի Եկեղեցին գրեց կորնթացոց շատ տեղեակին թուղթ՝ յորդորելով նրանց դէպի խաղաղութիւն եւ վերականգնելով նրանց հաւատը՝ աւետելով առաքեալներից ստացած ոչ  վաղ աւանդութիւնը»: «Այս կարգով եւ այս յաջորդութեամբ եկեղեցական աւանդութիւնը` ճշմարտութեան քարոզը, առաքեալներից հասել է մեզ: Եւ այդ ամենակատարեալ ապացոյցն է, որ միեւնոյն կենդանարար հաւատքը պահպանուել է Եկեղեցում առաքեալներից մինչեւ այժմ եւ տուած է  ճշմարիտ  կերպով»:

Երբ Բ եւ Գ դարերում, գրաւոր վկայութիւն չունենալով, արեւելեան եւ արեւմտեան Եկեղեցիները, աւանդութեան վրայ հիմնուած, վիճում էին միմեանց հետ զատիկը կատարելու ժամանակի մասին, մի  կողմից  Պողիկարպոսը որը  Յովհաննէս  առաքեալի կարգած Զմիւռնիայի եպիսկոպոսն էր, եւ Պողիկրատը կատարում էին հրեաների հետ նիսանի 14-ին Զատիկը՝ պնդելով, որ այդ կարգը աւանդ են ստացել Փիլիպպոս եւ Յովհաննէս առաքեալներից եւ այդ աւանդութեամբ էլ կը գնան: Միւս կողմից՝ Անիկետոս եւ Վիկտոր Հռոմի պապերը, յենուելով Պօղոս եւ Պետրոս առաքեալների աւանդութեան վրայ, պնդում էին, որ Զատիկը չպիտի կատարել հրեաների պէս շաբաթուայ մէջ, այլ հետագայ կիրակի օրը: Դրա համար եղան փոքրիկ ժողովներ Հռոմում, Գաղղիայում, Պաղեստինում, Փոքր Ասիայում, Ոսրոենէում (Եդեսիայի կողմերում), եւ դժուարանում էին համաձայնութեան գալ: Վիկտոր պապը մինչեւ իսկ կամեցաւ նզովել ասիական Եկեղեցիները, զրկել արեւմտեանների հաղորդակցութիւնից, բայց կշտամբանքների ենթարկուելով իւր կողմնակից եպիսկոպոսներից, որոնց մէջ էր եւ յայտնի Իրենէոսը՝ յետ կանգնեց իւր քայլից: Եւսեբիոսը բերում է Պողիկրատի թուղթը եւ պատմում. «Մենք տօնում ենք այդ օրը անսխալաբար՝ ոչինչ աւելացնելով եւ պակասեցնելով: Ասիայում թաղուած են մեծ առաջնորդներ՝ Փիլիպպոսը Հերապոլսում իւր երկու կոյս աղջիկներով, երրորդ կոյս աղջիկը՝ Եփեսոսում. նոյնպէս Յիսուսի լանջին ընկած Յովհաննէս քահանան թաղուած է Եփեսոսում. նոյն տեղում է եւ Զմիւռնիայի Պողիկարպոս նահատակը. բոլոր դրանք տօնում էին Զատիկը ըստ Աւետարանի 14-րդ օրը (նիսանի)՝ ոչ մի բանով յետ չմնալով հաւատքից, այլ միայն պահպանելով. այսպէս վարուել է Պողիկարպոսը եւ ես` նուաստս, եւ նրանք տօնել են Զատիկը այն օրը, երբ ժողովուրդը թողել է խմոր հացը»: Ապա կցում է, որ բոլոր եպիսկոպոսները համաձայն են իւր հետ: Իրենէոսը, որը Լիոնի եպիսկոպոսն էր, լսելով Վիկտոր պապի նզովելու մտադրութիւնը, գրեց նրան յորդորական նամակ, որ յետ կանգնի այդպիսի քայլից. «Անհամաձայնութիւն կայ, գրում է Իրենէոսը, ոչ միայն այդ օրուայ (այսինքն` Զատկի) համար, հապա եւ պաս պահելու ձեւի վերաբերմամբ. ոմանք կարծում են, որ պէտք է պահել մի օր, միւսները` երկու օր, եւ ուրիշները` շատ օր, ոմանք էլ իրենց օրը համարում են 40 գիշերուայ եւ ցերեկուայ ժամ: Պաս պահելու այս տարբերութիւնը սկսել է ո՛չ մեր ժամանակ, հապա շատ առաջ՝ մեր նախնիքների ժամանակ, որոնք հաւանականօրէն շատ մեծ ճշտութեամբ չէին պահպանում եւ այդ մասնաւոր հասարակ սովորութիւնը տալիս էին իրենց սերունդներին: Բայց եւ այնպէս, նրանք բոլորը խաղաղութեամբ էին պահում, մենք էլ ապրում ենք խաղաղ միմեանց հետ եւ պասի վերաբերմամբ  եղած  անհամաձայնութիւնը  հաստատում  է  հաւատի  ներդաշնակութիւնը: Բայց եւ այնպէս, չնայելով այդ չպահելուն, նրանք հաշտ էին վարւում միւս Եկեղեցիներից եկած եղբայրների հետ, որոնց մէջ ուրիշ սովորութիւն էր տիրում, որոնց համար այդ սովորութիւնը տարօրինակ պիտի թուար: Այդպիսի սովորութեան հետեւելուն համար ոչ ոք եւ ոչ երբեք չմերժուեց (հաղորդակցութիւնից): Երբ երանելի Պողիկարպոսը Անիկետոսի ժամանակ եկաւ Հռովմ, նրանք երկուսը ուրիշ առարկաների վերաբերմամբ մի քիչ վիճեցին միմեանց հետ, յետոյ իսկոյն համաձայնեցին եւ դրա մասին վիճել չուզեցին, որովհետեւ ոչ Անիկետոսը կարողացաւ Պողիկարպոսին համոզել չանել այն, ինչ որ նա միշտ կատարում էր՝ ապրելով Յովհաննէս եւ միւս առաքեալների հետ, ոչ էլ Պողիկարպոսը կարողացաւ համոզել Անիկետոսին անել իրենցը, որովհետեւ Անիկետոսը ասում էր, որ նա պարտաւոր է պահպանել իրենից նախորդ քահանաների սովորութիւնները: Չնայելով գործերի այդ դրութեան՝ բայց եւ այնպէս նրանք գտնւում էին փոխադարձ յարաբերութեան մէջ»:

Բացի Զատկի վէճից, վէճ առաջացաւ եւ Ափրիկայի Եկեղեցու եւ Հռոմի մէջ հերետիկոսների կրկնամկրտութեան մասին՝ Եկեղեցուց հեռացուածներին ընդունելու ձեւի մէջ: Այդ վէճերի մէջ առաջնորդւում էին աւանդութիւններով: Այդ հակաճառութիւնները ցոյց են տալիս, որ Եկեղեցիները, գտնուելով տարբեր տեղերում, տարբեր պայմանների մէջ, կառավարուելով զանազան հայրերով, մտցնում էին իրենց մէջ առաքելական աւանդութիւններին հետեւելով ոչ նման կարգեր եւ սովորութիւններ՝ աշխատելով միայն, որ ընդունած աւանդութեան հակառակ չգնան Եթէ  առաքելական աւանդութիւնները  տարբեր  էին, այն ժամանակ կամ համաձայնում էին` զիջելով միմեանց, կամ անկախ էին վարւում, միայն խաղաղութեամբ եւ հաշտ կերպով` համարելով, որ ձեւական տարբերութիւնները չեն վնասում դաւանաբանական սկզբունքներին: Թէ մինչեւ Դ դարը Եկեղեցիները կառավարւում էին աւանդութեամբ, չունէին գրաւոր ժողովածու կանոններ, այդ երեւում է թէ՛ Եւսեբիոսի (+340) վկայութիւնից եւ թէ՛ Բարսեղ Կեսարացու (370-378)՝ Իկոնիայի Ամփիւղոքոս եպիսկոպոսին գրած թղթերից: Այս թղթերի 91 եւ 92 յօդուածները վերաբերում են Եկեղեցու ծէսերին, որոնք արմատացել էին Եկեղեցու մէջ ո՛չ թէ գրաւոր վկայութեան ուժով, այլ աւանդութեամբ. «Որովհետեւ, ասում է Բարսեղ Մեծը, եթէ սկսենք մերժել անգիր սովորութիւնները իբրեւ մեծ ոյժ չունեցող, այն ժամանակ աննկատելի կերպով կը վնասենք Աւետարանը իւր գլխաւոր մասերում... »: Յետոյ ասում է` խաչակնքելը, արեւելք դառնալ աղօթելը, Հաղորդութեան ձեւը եւ աղօթքները, մկրտութեան իւղի, ջրի օրհնելը, երեք անգամ ընկղմելը «ո՞ր գրաւոր խօսքն է սովորեցնում, ո՞չ ապաքէն գաղտնի եւ լռելեայն աւանդութիւն է»: 92 յօդուածում գրում է. «Որովհետեւ շատ բան է մտել մեր մէջ անգիր, թող շատ բաների հետ էլ այդ ընդունենք.... Եւ այսպէս, եթէ մենք ինչպէս դատաստանի ժամանակ, գրաւոր  ապացոյցներ  չունենալով ներկայացնում ենք մեր գործի օգտին շատ վկաներ, մի՞թէ այդ ձեւով արդարացնող վճիռ չենք ստանալ.... » (տե՛ս Книга правилъ, 348 եր. ):

Գրաւոր կանոնների բացակայութիւնը շատ դժուարացնում էր ընդհանուր Եկեղեցում միանման կարգ պահել. քրիստոնեայ պետութիւն չկար, կռապաշտ տէրութիւնների հալածանքները արգելք էին լինում ընդհանուր եկեղեցական ժողովներ գումարել: Ուստի եւ Եկեղեցիները իրենց միութիւնը պահելու համար դիմում էին փոքրիկ տեղական ժողովների, որոնց վճիռները հաղորդում էին միմեանց շրջիկ այցելուների ձեռքով, կամ սուրբ հայրերի զանազան թղթերը՝ այլեւայլ հարցերի պարզաբանութեան համար գրուած, միմեանց էին  ուղարկում ի տեղեկութիւն եւ ի զգուշութիւն: Այդպիսի փոքրիկ ժողովներ եղել են Հռովմում, Պաղեստինում, Փոքր Ասիայում, Եդեսիայում, Կարթագենում: Սուրբ հայրերի գրուածներից մնացել են Դիոնեսիոս Աղեքսանդրացու եւ Գրիգոր Նիւսացու թղթերը: Շրջիկ այցելուներից էր Իրենէոսի ժամանակակից Հեգեսիպպոսը, որ պտտում էր եւ առաքելական աւանդութիւններ ժողովելով` գրի էր անցնում. այդ եղանակով 5 գիրք կազմեց. գրքերը դժբախտաբար մեզ չեն հասել: Եւսեբիոսը յիշում է եւ մի ուրիշ ժողովածուի մասին՝ «Առաքելական կարգադրութիւններ» վերնագրով (գիրք 3, գլ. 25. 57-59, գր. 7, գլ. 7), որը անվաւերական համարելով` կասկածաւորների շարքն է դասում:

Նշանակում է` ընդհանուր Եկեղեցին եւ մեր նախալուսաւորչեան փոքրիկ ազգային Եկեղեցին մինչեւ Գրիգոր Լուսաւորիչ` Դ դարը, կառավարուել են առաքելական եւ եկեղեցական աւանդութիւններով, չեն ունեցել վաւերական-պարտաւորական կանոններ եւ կարգադրութիւններ գրաւոր ձեւով: