Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

51) ԱՆԻ ՔԱՂԱՔԻ ԺՈՂՈՎԸ 970 ԹՈՒԻՆ

 

Այս ժողովում նոյնպէս կանոններ չսահմանուեցին, այլ միայն զբաղուեցին քաղկեդոնիկ Վահան կաթուղիկոսին գահընկեց անելու խնդրով:

 

Անանիա կաթուղիկոսին յաջորդեց 968-ին Վահան Սիւնեցին: Սա առաջուց տրամադիր լինելով դիմել քաղկեդոնականութեան, ծածուկ յարաբերութիւններ սկսեց նրանց հետ եւ Մելիտինի մետրոպոլիտի ձեռքով միաբանութեան թուղթ հաստատեց յունաց հետ: Հայոց եպիսկոպոսները այդ բանը իմանալով, իմացրին Աշոտ թագաւորին` խնդրելով ժողով անել այդ գործը քննելու համար: Աշոտի հրամանով եպիսկոպոսները ժողով գումարեցին Անի մայրաքաղաքում, քննեցին Վահանի արածները, գտան նրան քաղկեդոնականութեան կողմնակից եւ նոյն իսկ դաւանութիւնը փոխած: Ժողովականք պահանջեցին գահընկեց անել Վահանին. բայց երբ լսեցին, որ Վահանը փախել է Վասպուրականի Աբուսահլ Արծրունի թագաւորի մօտ, նրա փոխարէն ընտրեցին Ստեփաննոսին՝ Սեւանայ վանքի վանահօրը: Նորընտիր կաթուղիկոսը 971-ին նզովեց թէ Վահանին եւ թէ նրա խնամատար Աբուսահլ թագաւորին:

 

Այս եւ նախորդ ժողովը զբաղուեցին կաթուղիկոսին դատի կանչելու եւ նրա գործերը քննելու խնդրով: Այստեղ էլ հաստատուեցին նոյն հիմունքները, ինչպէս եւ նախորդ ժողովում. 1) որ ժողովն է կաթուղիկոսին դատի կանչում եւ ո՛չ Աշոտ թագաւորը, 2) որ ժողովը քննում է եւ փաստերի հիման վրայ դատապարտում կաթուղիկոսին, 3) որ կաթուղիկոսը իբրեւ ամբաստանեալ դատի չի կանչւում, այլ միայն նրան քննում են եղած գրաւոր փաստագրերով եւ վկաների հարց ու փորձով, 4) ուխտադրուժ կաթուղիկոսը եւ թագաւորը բանադրանքի են ենթարկւում: