Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

99) ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ

 

1575 յօդ. Հռոմէական, հայ-լուսաւորչական եւ հայ կաթոլիկ քահանաները եւ բողոքական քարոզիչները օրէնքով անվաւեր համարուած պսակ կատարելուն համար, եթէ այս եղել է գիտենալով ենթարկւում են կարգալոյծ լինելու պատժին եւ բանտարկութեան ութ ամսից մինչեւ մի տարի չորս ամիս:

Եթէ այդ անում են սխալմամբ, զանազան առանձնակի հանգամանքների բերմամբ, այդ դէպքում առաջի անգամ ենթարկւում են խիստ յանդիմանութեան, երկրորդ անգամ` պաշտօնից զրկուելուն: Իսկ եթէ գիտութեամբ պսակ կանեն, շահասիրական կամ ուրիշ անձնական տեսակէտներով, եւ այդ պսակը թէեւ օրէնքով արգելուած, բայց անվաւեր չէ, նրանք զրկւում են կարգից, իսկ եթէ արդարացուցիչ հանգամանքների պատճառով սխալմամբ է եղել, նրանք խիստ յանդիմանութեան են ենթարկւում:

 

 

XV ՀԱՏՈՐ. ՀԱՇՏԱՐԱՐ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ՊԱՏԺԱԿԱՆ ՕՐԷՆՔՆԵՐԸ

 

5 յօդ. Սրբազնագործները եւ կուսակրօնները եթէ դատապարտւում են կալանաւորման կամ բանտարկութեան, ուղարկւում են ոչ բանտ, այլ իրանց թեմական իշխանութեան՝ պատիժը կրելու վերջինիս կարգադրութեամբ:

 

 

XVI ՀԱՏՈՐ. ՔՐԷԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ

 

1001 յօդուածից մինչեւ 1029 յօդ. խօսում է այն յանցանքների մասին, որոնք ենթարկւում են հոգեւոր եւ աշխարհական դատարաններին:

 

Նորին Կ. Բարձրութիւն Կովկասի փոխարքայի կարգադրութիւնը 1865թ. դեկտեմբերի 29, համար 81` Տփղիսում. Էջմիածնի ծայրագոյն Պատրիարքի ընտրութեան մասնակցող աշխարհական պատգամաւորների մասին: Շրջաբերական Անդրկովկասի նահանգապետներին եւ հայոց թեմական առաջնորդներին:

 

Հայ-լուսաւորչական դաւանութեան հոգեւոր գործերի կառավարութեան համար սահմանուած կարգադրութեամբ (ԺԱ հատ., մաս. Ա, գլ. 2, յօդ. 917 եւ 919) որոշուած է, որ Ամենայն Հայոց Պատրիարք կաթուղիկոսի ընտրութեան մասնակցեն. հայոց լուսաւորչական Էջմիածնի Սինոդի բոլոր անդամները եւ նոյն ժամանակ Էջմիածնում գտնուող եօթն աւագագոյն եպիսկոպոս (եպիսկոպոսների քիչութեան դէպքում, այդ թիւը լրանում է այնտեղի աւագագոյն վարդապետներից), թեմակալ առաջնորդները, կամ նրանք, որոնց սրանք այս բանի համար հոգեւորականներից կնշանակեն, եւ բացի դրանից աշխարհական պատգամաւորներ, որոնք ընտրւում են ամէն մի թեմից մի-մի հոգի:

 

Աշխարհական պատգամաւորների ընտրութեան վերաբերմամբ նոյն Պօլօժէնիայում (յօդ. 917) որոշուած է, որ նրանք ընտրւում են բոլոր մելիքներից, իւզբաշիներից եւ Հայոց եկեղեցու մնացած պատուաւոր աշխարհական անդամներից, որոնք Հայոց եկեղեցու նախնական սովորութեան համաձայն` այդ իրաւունքը վայելում են: Ի նկատի առնելով Էջմիածնի ծայրագոյն պատրիարքի առաջիկայ ընտրութիւնը, ցանկանալով Անդրկովկասի հայ հասարակութեան հնարաւորութիւն տալ բոլորովին կանոնաւոր եւ օրէնքներին համապատասխան ընտրութիւն կատարել աշխարհական պատգամաւորների վերաբերմամբ, որոնք իրաւունք ունին մասնակցելու այսպիսի  կարեւոր  գործում  եւ  կամենալով  նախազգուշացնել  այն  անկանոն շեղումներից, որոնք տեղի են ունեցել նախորդ ընտրութիւնների ժամանակ, ես հարկաւոր եմ համարում որոշել հետեւեալ կանոնները ի հրահանգութիւն:

 

1. Անդրկովկասի հայոց թեմի ամէն մի առաջնորդ, երբ ստանում է Էջմիածնի Սինոդի ծանուցումը Ամենայն Հայոց Պատրիարքի ընտրութեան համար, յայտնում է այդ մասին իւր թեմի նահանգապետին մէկ աշխարհական պատգամաւոր ընտրելու նկատմամբ անելիք կարգադրութիւնների համար, որը (պատգամաւորը) պիտի մասնակցի Ամենայն Հայոց Պատրիարքի ընտրութեանը:

 

2. Թեմակալ առաջնորդները, իրանց սահմաններում հիմնուելով թեմերի բաժանման վրայ, որը սահմանուած է հայ-լուսաւորչական եկեղեցու կառավարութեան համար նշանակուած Պօլօժէնիայում (ԺԱ հ., ա. մ., գլ. Դ, յօդ. 962, 963, 964 եւ 965), ցոյց է տալիս այն գաւառները եւ գաւառակները, որոնց մէջ հաստատուած են հոգեւոր կառավարութիւններ եւ գործակալութիւններ եւ որոնց մէջ Հայոց եկեղեցու անդամները այս եկեղեցու նախնական սովորութեան համաձայն` իրաւունք ունին մասնակցել աշխարհական պատգամաւորի ընտրութեան, պարտաւոր են ընտրել իրանց մէջից ներկայացուցիչներ:

 

3. Թեմակալ առաջնորդից այդպիսի ծանուցում ստանալուց յետոյ, նահանգապետը անում է պատշաճաւոր կարգադրութիւն յայտարարելու գաւառապետների միջոցով Հայոց եկեղեցու այն տեղերի անդամներին, որոնք ստորադրուած են հոգեւոր կառավարութեան կամ անմիջապէս կոնսիստորիայից կախուած գործակալութիւններին, որպէս զի նրանք որոշ ժամանակին ընտրեն երկու ներկայացուցիչ, որոնք նշանակեալ ժամանակին պարտաւոր են գալ թեմի այն քաղաքը, որին պատկանում են նրանք եւ այն քաղաքի ներկայացուցիչների հետ ընտրեն այն թեմի համար մի պատգամաւոր:

 

Ծանօթ. Թէեւ Քութայիսի գործակալութիւնը չի ստորադրւում անմիջապէս թեմ. իշխանութեան, բայց որովհետեւ հայոց եկեղեցիները՝ որոնք գտնւում են Իմերեթիայում եւ Գուրիայում, Վրաստանի թեմի մի մասն են կազմում, ուստի եւ Քութայիսի գործակալութիւնը ընտրում է երկու ներկայացուցիչ:

 

4. Ներկայացուցիչ կարող են ընտրուել թէ տեղական ընտրողներից, թէ թեմական քաղաքի բնակիչներից, որոնք իրաւունք ունին մասնակցել ընտրութիւններին: Տեղական բնակիչներից ընտրուած ներկայացուցիչները կարող են թեմական քաղաք գնալու անհնարաւորութեան դէպքում իրանց ձայնը ուրիշին տալ հաւատարմաթղթով:

 

5. Որեւ է թեմի գլխաւոր քաղաքի ներկայացուցիչներ ընտրելու համար իւրաքանչիւր թեմական առաջնորդ, նահանգապետների հետ համաձայնութիւն կայացնելուց յետոյ, հրամանագրում է իւր քաղաքի բոլոր եկեղեցիների աւագ քահանաներին, որ նրանք առաջիկայ կիւրակի օրը եկեղեցիներում ծանուցմամբ հրաւիրի այն անձանց, որոնք Հայոց եկեղեցու վաղեմի սովորութեան համաձայն` իրաւունք ունին մասնակցելու աշխարհական պատգամաւորի ընտրութեանը, իրանց մէջից ընտրել ներկայացուցիչներ պատ-

գամաւոր ընտրելու համար, որը պարտաւոր է մասնակցել Ամենայն Հայոց Պատրիարքի ընտրութեանը: Այդ ներկայացուցիչների ընտրութիւնը լինում

է հետեւեալ կերպով:

 

ա) Ամէն մի եկեղեցում այն անձինք, որոնք Հայոց եկեղեցու վաղեմի կանոններով իրաւունք ունին մասնակցելու պատգամաւորի ընտրութեան, ընտրում են իրանց մէջից երեք-երեք պատգամաւոր:

 

բ) Ներկայացուցիչների ընտրութիւնը պիտի կատարուի կամ եկեղեցում ժամերգութիւն չեղած ժամանակ, կամ նրա բակում, ընտրութիւնը պիտի վերջանայ ութերորդ օրը` ծանուցման օրից հուշելով:

 

գ) Ներկայացուցիչներ ընտրելուց յետոյ կազմւում է ընտրողական թերթ, որի մէջ նշանակուած են լինում ընտրուած ներկայացուցիչների անունները եւ ազգանուններն ու ընտրողների ստորագրութիւնը:

 

դ) Ներկայացուցիչների ընտրութեան վերջանալուց յետոյ, աւագ քահանաները ներկայացնում են ընտրողական թերթերը իրանց թեմակալ առաջնորդներին, որոնք ըստ կարգի յանձնում են նահանգապետներին, իսկ սրանց չեղած տեղում` գաւառապետներին:

 

6. Նահանգապետի կամ գաւառապետի համաձայնութիւնը առնելուց յետոյ, նշանակւում է ներկայացուցիչների ժողովի տեղն ու ժամանակը թեմի գլխաւոր քաղաքում:

 

7. Նշանակեալ ժամանակին բոլոր ընտրուած ներկայացուցիչները ժողովւում են նշանակուած տեղը թեմի պատգամաւոր ընտրելու համար: Ժողովը համարւում է օրինական, եթէ ներկայացուցիչների 2/3 մասը ներկայ կլինի, հաշուելով եւ այն անձանց, որոնք հաւատարմաթղթով են ներկայանում:

 

8. Ներկայացուցիչները պատգամաւորի համար թեկնածուներ են առաջարկում քուէարկութեան միջոցով, միմիայն քուէարկուողների համաձայնութիւնը ստանալուց յետոյ:

 

9. Քուէարկութիւնը վերջանալուց լետոյ ձայների ամենամեծ թիւը ստացողը նշանակւում է այն թեմի պատգամաւոր, որի մէջ ընտրութիւնը կայացել է, նրանից յետոյ շատ ձայն ստացողը նշանակւում է անձնափոխանորդ, որը պատգամաւորի տեղը բռնում է նրա մահուան կամ հիւանդութեան դէպքում:

 

10. Ներկայացուցիչների ժողովում ընտրութեան ժամանակ ներկայ է լինում  կարգապահութեան  համար  կառավարութիւնից  նշանակուած  աստիճանաւոր:

 

11. Բոլոր թեմերի ընտրուած պատգամաւորները պէտք է նշանակուած ժամանակին գնան Էջմիածին մասնակցելու Ամենայն Հ. Պատ. կաթուղիկոսի ընտրութեան:

 

12. Այդ պատգամաւորները Պատրիարքի ընտրութեան նշանակուած ժամին Էջմիածին գնալու անհնարաւորութեան դէպքում, իրաւունք ունին օրէնքով իրանց գրաւոր կարծիքը ուղարկելու Էջմիածին: Ստորագրեց Կովկասի փոխարքայ, գեներալ Փելդցէյխմէյստէր Միքայէլ: