Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րպէս ընտրելի զենումն կենդանեաց։
      
       Պատասխան։ Ի զենումն ընտրութիւն է զ իրաց. այսինքն Զենօղն, Զենլին, Զենումն, Զէնն. Մասն. Դիտաւորութիւն։
       Ա՛րդ՝ Առաջին՝ պարտ է զի լիցի զենօղն արու՝ աշխարհական՝ եւ հաւատացեալ։ Զի էգն, եւ չէզոտքն, եւ անկատարն, եւ անհաւատն։ Եւ արիւնահեղն, եւ կարգաւոր, սոքա վեցեքեան ո՛չ կարեն զենուլ զի պիղծ է զենն նոցա։
       Երկրորդ՝ զենլին. զի լիցի կենդանի. զի մեռեալն՝ եւ անկենդանն որպէս քար՝ ո՛չ զենի։ Եւ լիցի սուրբ ըստ նշանակութեան օրինացն. զի անսուրբն եւ պիղծն ո՛չ է զենլի։
       Երրորդ՝ զենումն. զի լիցի բաժանումն արեան եւ շնչոյ եւ բնական կենդանութեանն։
       Չորրորդ՝ զէնն. զի լիցի սուր երկաթոյ եւ ո՛չ այլ ինչ գործի. զի թէ լիցի երկաթ եւ ո՛չ սուր, եւ թէ սուր եւ ո՛չ երկաթ, ո՛չ է պիտոյ։
       Հինգերորդ՝ մասն. որ է գլխոյն հատումն ուր ամենայն զգայութիւնքն են. եւ թէ այլ ինչ մասն հատցի՝ կամ գլուխն ջախջախեսցի՝ ո՛չ է ուտելի։
       Վեցերորդ՝ դիտաւորութիւնն խնդրի. յաղագս ո՞յ իցէ զենումն. կենդանեա՞ց թէ մեռելոց. վասն Աստուծո՞յ թէ վասն մարդկան։
       Եւ այսպէս վեցեքին սոքօք ընտրեսցի սուրբ զենումն։ Ապա թէ պակաս է ի սոցանէ՝ պիղծ է եւ խոտան եւ ո՛չ է ուտելի զենեալն։
       Ա՛րդ՝ բացայայտեսցի պատճառն։
       Առաջին՝ զենօղն լիցի արու եւ ո՛չ էգ։ Նախ՝ զի այրն կատարեալ է. իսկ կինն կէս։
       Երկրորդ՝ արուն առնօղ է. իսկ կինն կրօղ։
       Երրորդ՝ զի յառնէ առաւ կինն։
       Չորրորդ՝ զի այրն տայ զարիւնն։
       Հինգերորդ՝ զի այրն է գլուխ։
       Ապա պարտ է զի այրն հեղցէ զարիւնն եւ բաժանեսցէ զգլուխ կենդանւոյն։
       Եւ չէ զոտքն, զի չունի արիւն սերման, ո՛չ հեղցէ զարիւն կենդանւոյ։
       Եւ անկատար մանուկն՝ անհաս է եւ խակ։
       Նախ՝ զի ո՛չ ունի կատարեալ զօրութիւն սերման։
       Երկրորդ՝ զի անընտիր է դեռեւս։
       Եւ անհաւատն սպանեալ է զհոգին մեղօք. եւ կամ ունի զգործ իգական՝ պիղծ է։
       Նոյնպէս եւ արիւնահեղն արիւնապարտ է մարդոյ, ո՛չ հեղու զարիւն անասնոյ։
       Իսկ քահանայքն ի նորս ո՛չ հեղուն զարիւն։
       Նախ՝ զի բարեխօս են արեան։
       Երկրորդ՝ զի անարիւն է զենումն նոցա եւ ո՛չ ըստ հնոյ քահանայիցն։ Ապա յայտ է զի եւ ո՛չ այլ կարգաւորք զենցեն կենդանիս. որք են սարկաւագունք եւ այլք. զի անարիւն զենմանն կարգեալ են սպասաւորք։
       Երկրորդ՝ ընտրութիւն է առ զենլին։
       Նախ՝ զի իցէ կենդանի յորմէ ելցէ արիւն. իսկ մեռեալն կամ անշունչ քար ո՛չ ունի արիւն։
       Կամ ջրայիննոր ո՛չ ունի զարիւն շնչոյ, այլ զարիւն ջրոյ, ո՛չ զենի. զի զենումն նոցա հանումն ի ջրոյն է։ Ո ոք եւ հանցէ՝ ուտելի է։
       Բայց յինքեանց սատակեալն՝ եւ գազանաբեկն՝ եւ գիշատեալն ի հաւուր՝ մի՛ ուտիցի։ Երկրորդ՝ զի իցէ կենդանին սուրբ. զի անսուրբն ո՛չ զենանի եւ ո՛չ է ուտելի։ Եւ նշան սրբոյն եւ պղծոյն ըստ օրինացն ասացաւ ի վերոյ։
       Երրորդ՝ ընտրութիւն է ի զենումն. զի բաժանեսցի նախ արիւնն, եւ ընդ նմա շունչն եւ բնական ջերմութիւնն։ Զի թէ նախ բնական ջերմութիւնի պակասի, այս լինի բնական մահ. ո՛չ է ուտելի։ Իսկ թէ արիւնն ելցէ՝ եւ շունչն եւ կենդանութիւնն ընդ նմա, այն է հրամայական մահ։
       Նախ՝ զարիւնն հանել որ է կենդանութիւն եւ Աստուծոյ մասն. եւ զմնացեալն ուտել որ է տարր միայն։
       Չորրորդ՝ ընտրելի է զէնն որ է գործիք. զի լիցի սուր երկաթոյ. զի երկաթն է գործի բաժանման։ Զի եթէ լինիցի քարեայ սուր, որպէս գայլախաղ, որով սպանաւ Աբէլ. ո՛չ է պիտանի։ Նաեւ ո՛չ փայտ եւ ո՛չ արծաթ։ Եւ թէ լիցի երկաթ եւ ո՛չ սուր, եւս ո՛չ է պիտանի. որպէս բոլոր երկաթն թէ հարցէ զկենդանին եւ սպանցէ, ո՛չ է ուտելի, զի թէպէտ զարիւնն հանէ, այլ ո՛չ համանգամայն զշունչն եւ զջերմութիւնն։ Ապա յայտ է թէ՝ որ անկանի ընդ քար կամ իվիհ եւ մեռցի, ո՛չ է ուտելի։
       Հինգերորդ՝ ընտրելի է մասն որ է հատումն գլխոյ. յառաջուստ ուր են շնչերակքն՝ արիւնն եւ այլքն։ Նախ՝ զի բոլոր զգայարանքն են ի գլուխն. պարտ է բաժանել զնոսա։
       Երկրորդ՝ զի շնչերակք եւ արեան երակք եւ կենդանականքն անդ ի միասին բաժանին։ Իսկ թէ այլ ինչ անդամն հատցի եւ մեռցի կենդանին, ո՛չ է ուտելի. ո՛չ հատեալ անդամն եւ ո՛չ բոլորն։ Եւ թէ գլուխն ջախջախի, ո՛չ է ուտելի. զի ո՛չ հատաւ պարանոցն. ի հեղձուցելոց կարգի է։
       Վեցերորդ՝ դիտաւորութիւնն խնդրի թէ վասն որո՞յ է զենումն. զի թէ վասն Աստուծոյ է կամ հոգւոյ, հասարակաց է. իսկ թէ վասն մարդկան եւ կենդանեաց, կամեցողաց է։ Ապա յայտ է թէ որ վասն Աստուծոյ լիցի զենումն, Նախ՝ պարտ է զի լիցի օրհնեալ աղիւ. որ է նշանակ իմաստութեան եւ սրբութեան։
       Երկրորդ՝ դէպ յարեւելս, յանուն սրբոյ Երրորդութեանն. զի ցուցցի թէ վասն որո՞յ է։
       Երրորդ՝ զի տացի մասն քահանայիցն Աստուծոյ թ մասն։
       Ի ներքուստ՝ սիրտն եւ երիկամունքն եւ լերդաբոյթն ընդ ճարպին ճենճերեալ ի հոտ անուշից. որպէս հրամայեաց Մովսէս։
       Եւ արտաքոյ՝ կուրծքն քահանայահետին, որ է բնակարան սրտին։
       Եւ երին աջոյ՝ իւր քահանային, ի նշան աջեայ գործոցն նորա։ Եւ զմորթն որ է ծածկոյթ մեղաց՝ ի քահանայսն տայ. զի «Զմեղս ժողովրդեանն իմոյ կերիցեն քահանայքն ասէ, եւ քաւեսցեն վասն նոցա»։
       Նոյնպէս եւ ոտքն ըստ չորից տարերց ընթացից։ Եւ գլուխն, զի ե զգայութեամբ մեղանչեմք։
       Պարտ է տալ զսոսա ի քահանայսն որպէս կարգեաց մեծն Մովսէս ի հինն, եւ սուրբն Գրիգոր ի նորս։
       Այսքան առ այս։