Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ էր գիրն ապահարզանի։
      
       Պատասխան։ Մովսէս օրէնս ետ՝ զի գիր տացեն մեկնելոյ զայր եւ զկին։ Եւ այս վասն խստասրտութեան նոցա զի մի՛ սպանումն լիցի։ Այլ արձակեալ կինն ո՛չ դառնայր յառաջին այրն վերստին. թէպէտ մեռանէր վերջին մարդն։
       Եւ թէ նա եւս թողոյր, այլ զարձակեալ կինն առնուին։
       Իսկ նորս ո՛չ այսպէս. այլ հրամայէ Քրիստոս թէ. «Զոր Աստուած զուգեաց եւ միացոյց՝ մարդ մի՛ մեկնեսցէ։ Եւ որ զկին իւր արձակէ՝ նա տայ նմա շնալ։ Եւ թէ այլ մարդ զարձակեալն առնու՝ շնութիւն է նմա»։ Փակեաց թէ ամենեւին ո՛չ բաժանի օրհնեալ պսակն մինչ ի մահ։ Զի որպէս քահանային օծումն ի հոգւոյն ո՛չ բաժանի յաւիտեան, եւ պսակին օհնութիւնն որ ի մարմինն է՝ ո՛չ բաժանի մինչ ի մահ ի մարմնոյն։
       Իսկ որ խտրոց դնէ թէ. «Առանց բանի պոռնկութեան»։ Զայն ցուցանէ որ պատճառաւ իրիք կամ պոռնկութեամբ կամ այլ ինչ յորժամ բաժանին, առանց ամուսնութեան մնասցեն թէ երկուքն են բաժանմանն պատճառ, մինչեւ հաշտեսցին։ Եւ թէ մինն է պատճառ՝ որ եւ իցէ թէ այրն եւ թէ կինն, առանց ամուսնութեան մնասցէ. եւ միւսն զուգեսցի այլոյ որ չէր պատճառ։
      
       Հարցում։ Զի՞նչ է խորհուրդն։
      
       Պատասխան։ Մովսէսին պատճառն վասն խստասրտութեան նոցա է որպէս Տէրն ասաց. զի մի՛ սպանումն լիցի։
       Իսկ որ զարձակեալն առնուին, եւ յառաջին բաժանեալն ո՛չ տային վասն երկիւղի առն եւ կնոջ էր, զի մի լիցին պատճառ բաժանման։
       Իսկ խորհուրդն, ի յօրէնքն նոցա է զի փոփոխական էր օրէնքն նոցա. եւ որ փոխիւր, այլ ո՛չ դառնայր յօրէնս նոցա։ Նոյնպէս եւ նորոյս խորհուրդն զի անխակտելի է կինն։
       Զի քրիստոնէութիւն որպէս մկրտութիւն եւ այլն՝ անբաժանելի է ի հոգւոյն թէպէտ ուրանայ լեզուաւ եւ գործով։ Եւ որ յառաջինն դառնայ. զի ներումն եւ թողութիւն շնորհէ։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր է որ մին կին թէ բազում այր առնէ՝ պոռնիկ է. եւ թէ այրն բազում կանայս առնէր, էր պոռնիկ որպէս ի հինն օրէնս։
      
       Պատասխան։ Պոռնիկն ըստ այնմ որ շնացօղ է թէ կին եւ թէ այր՝ խարկօծ էր օրէնքն։ Այլ որ մարդն առնոյր բազում կանայս՝ եւ կինն ո՛չ, այս է պատճառն։ Նախ՝ բնական. զի կամէր Աստուած բազմացուցանել զծնունդն։ Եւ մին այր կարէ ի բազում կանանց ծնանիլ զաւակ. այլ մին կնոջ ի բազում արանց ո՛չ բազմանայ ծնունդ։
       Երկրորդ՝ բարոյական. զի մին կնոջ ի բազում արանց ո՛չ երեւի հարազատ զաւակն. իսկ մի այր ի բազում կանանց կարէ ծնանիլ հարազատ մանկունս եւ սիրել զնոսա։
       Երրորդ՝ օրինական. զի որպէս մին գլխոյ բազում անդամ կարէ լինիլ. այլ ո՛չ անդրադարձեալ։ Նոյնպէս գլուխ է այրկարէ բազում կանայս առնուլ։
       Չորրորդ՝ խորհրդական. զի մի է Քրիստոս փեսայ. եւ զեկեղեցիս հրէից եւ հեթանոսաց ընկալաւ իւր հարսն սուրբ։ Եւ մի է Աստուած եւ արարածք բազումք։ Եւ մի հաւատ եւ հաւատացեալք բազումք։
       Ըստ այնմ. «Մեզ մի է Աստուած հայր եւ մի Տէր Յիսուս Քրիստոս. եւ մի հաւատ եւ մի մկրտութիւն բազմացս» ասէ առաքեալն։ Իսկ մի այր եւ բազում հաւատք եւ բազում աստուածք՝ շնութիւն է հոգեւոր։ Ըստ այնմ. «Շնայր Երուսաղէմ ընդ քարի եւ ընդ փայտի» զկուռքն ասէ։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է որ ասաց նախ եթէ. «Զառականս կնոջ եղբօր քոյ մի՛ յայտներ» եւ այժմ ասէ թէ. «Առցէ զկին եղբօրն»։
       Պատասխան։ Երեք է խտրութիւն։ Նախ՝ թէ մեռեալ իցէ եղբայրն։
       Երկրորդ՝ թէ կրտսեր է եղբայրն. որպէս առակն է եղբարց, որ առաջինն էառ եւ մեռաւ. եւ ապա երկրորդն, եւ որ ի կարգին։
       Երրորդ՝ թէ չլինի յիշատակ եղբօրն։ Այլ կենդանի եղբօր, կամ փոքր եղբօր կինն, կամ գոլով զաւակ, անօրէնութիւն էր որպէս Հերովդին. առ որ ասէր Յովհաննէս. «Չէ արժան քեզ ունել զկին եղբօր քոյ». զի դուստր նորա էր աղջիկն որ կաքաւեաց։
      
       Հարց։ Զի՞նչ էր խորհուրդն իոր յանուն եղբօրն զաւակ յարուցանէին։
      
       Պատասխան։ Նշանակէր զյարութեան խորհուրդն յոր նոքա ո՛չ հաւատային. աստէն իսկոյն եցոյց յարութեան անուամբն. այսինքն «Յարուսցէ» ասելովն։
       Երկրորդ՝ նշանակէր կրտսեր եղբայրն զՔրիստոս զերկրորդն Ադամ. որով յառնեն մարդիկ յերկրէ։
       Երրորդ՝ նոր օրէնքս անուամբ հնոյն նորոգեալ կոչեցաք Իսրայէլ։
       Չորրորդ՝ որդին բնութեամբ. եւ շնորհօք նորածնեալք աւազանաւն որդիք Աստուծոյ կոչին շնորհօք։
       Իսկ ոմանք զՔրիստոսէ ասեն բնութեամբ եւ շնորհօք որդի. որպէս նեստորք եւ քաղկեդոնիկք անիծեալք. զի այսպէս լինին որդիք եւ բ անձինք։
       Այլ մեք այսպէս խոստովանիմք զՔրիստոս. որդի Աստուծոյ բնութեամբ. եւ զնոյն որդի մարդոյ բնութեամբ։
       Զի բնութեամբ միաւորեցաւ ի մարմնի։ Եւ բնութեամբ Աստուած՝ մարդ եղեւ։ Եւ բնութեամբ Աստուած՝ մարմնովն. եւ ո՛չ օտար եւ շնորհօք։
       Այլ որ ասէ. «Շնորհեաց նմա անուն» այն է, որ ասղ թէ. «Երեւեցաւ շնորհն Աստուծոյ փրկիչ ամենայն մարդկան»։ Զի պարգեւօք եւ ողորմութեամբ մարդացաւ եւ փրկեաց զմեզ։
       Այսքան առ այս։