Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր գայլախաղիւ թլփատեաց եւ ո՛չ երկաթով։
      
       Պատասխան։ Նախ՝ զի դիւրին է կսկիծ վիրացն։
       Երկրորդ՝ զի արագ բժշկի։
       Երրորդ՝ զի առ ձեռն պատրաստ գտանէր։
       Չորրորդ՝ պատկեր կռոց ո՛չ ձեւացաւ անգծելի գոլով յերկաթոյ։
       Հինգերորդ՝ երկաթն սպանման է գործի քանանացւոցն։
       Վեցերորդ՝ եւ զպատկերս կռոց երկաթով գործէին։
       Եօթներորդ՝ երկաթն շինականաց է գործի եւ երկրագործաց՝ անարժան վարկաւ։
       Ութերորդ՝ զի զկարծր սիրտ նոցա թլփատեսցէ օրինօքն ի վէմն գրեալ։
       Իններորդ՝ սպանմանն Աբէլի գործիք եղեւ որպէս ասեն։ Ուստի գայլախաղ կոչեցաւ. զի սրբեսցի դրոշմաւն։
       Տասներորդ՝ եւ նորս թլփատութիւն սրտի՝ վէմն Քրիստոս լինելոց էր. որ կարծրացաւ Աստուածութեամբն։ Եւ էարկ սուր յերկիր եւ բաժին։
       Վասն Աքարայ Հարցումն։
       Վասն է՞ր զաքար ընտանեօք եւ անասնօք եւ անասնօք պատժեաց։
      
       Պատասխան։ Աքար զարմեան եւ սաւուղկիսեան եւ Յուդա Սիմոնեան մեղայ ասելով ո՛չ արդարացան։
       Նախ՝ զի ո՛չ կամայ էր եւ բռնութեամբ։ Եւ զի անցեալ էր ժամանակն։ Եւ զի թերութեամբ էր եւ ո՛չ յուսով թողութեան։
       Նաեւ զընտանիսն աքարայ պատժեաց. զի եւ նոքա ո՛չ խոստովանեցան զգողօնքն։
       Եւ վասն է պատճառի պատժէ Աստուած զմարդն եւ զինչսն։
       Նախ՝ զի մարդն տէր է եւ թագաւոր. եւ անասունքն ծառայ ընդ անցաւոր տէրանց. եւ ծառայքն պատուհասին. որպէս առ ջրհեղեղաւն։
       Երկրորդ՝ զի մի՛ անբանքն՝ Աստուծոյ պատուականք երեւեսցին քան զբանականքս։
       Երրորդ՝ ի յեղծանիլ պատկերին Աստուծոյ որ վասն փառացն Աստուծոյ ստեղծաւ, ընդ նմին եղծան եւ ապականեցան այլ արարածք որ վասն փառաց մարդոյն ստեղծան. որ ո՛չ միայն անասունք, այլ եւ հող եւ ջուր եւ օդ երկրին կորուսանեն զպտղածնութիւն. որպէս սոդոմայեցոցն։
       Չորրորդ՝ զի եւ անասունքն գործակից լինին մեղացն. վասն որոյ ընդ մարդոյն կորնչին. որպէս ի Սոդոմ։
       Հինգերորդ՝ զի քրէական մեղքն ազգաջինջ առնէ. որպէս զԴադան եւ զԱբիրոն. զի ընդ Մովսէսի եւ Աստուծոյ հակառակ կացին, ազգօք եւ աղխիւք ընկղմեցան զի այլքն երկիցեն։
       Վեցերորդ՝ զի թէ լինի անկարօտ գող եւ զրկօղ, ընդ Տեառն իւրոյ կորուսանէ եւ զինչսն. որպէս Աքարն որ ունէր բազում ստացուածս, եւ գողացաւ ի նզովիցն Երիքովի. տեսին ամենայն ժողովուրդն եւ ցասեան ի վերայ նորա եւ իրաւունս ետուն սատակմանն։
       Եօթներորդ՝ որպէս ինքն պիղծ է, եւ իւրքն ամենայն պիղծ են. վասն որոյ ընդ նմին կորնչին։
       Զի պղծոցն ամենայն ինչ պիղծ է. որպէս պիղծ կենդանւոյն շան՝ մորթ եւ մազ եւ միս եւ այլն։
       Նոյնպէս եւ սրբոյն ամենայն ինչ սուրբ է. որպէս ոչխարին մազն եւ միսն եւ այլն։